«Թանգարանային գիշեր» ծրագրի ընթացքում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այցելել է համայնքային թանգարաններ

22.05.2022

Երևանյան թանգարաններում թանգարանային գիշեր է: Համաեվրոպական միջոցառումն այս տարի անցկացվում է «Թանգարանների ուժը» խորագրի ներքո: Արժեքավոր գտածոներ, փաստավավերագրական նյութեր, ցուցանմուշների ռեստավրացիա, թատերական ցուցահանդես: Մասնագիտական տոնը համայնքային թանգարանները նշում են ամենատարբեր ու ինքնատիպ միջոցառումներով: Բազմաթիվ այցելուների հետ համայնքային թանգարաններ են այցելել նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:

 

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում օրն այս կարևորվեց «Հողի գաղտնիքը. Կարմիր բլուր» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացմամբ, որի պատիվը վերապահվեց Երևանի քաղաքապետին:

 

 

Առաջին անգամ այցելուներին հնարավորություն էր տրված ծանոթանալու 2013-2016թթ. «Կարմիր բլուր» հնավայրում իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերված ավելի քան 60 արժեքավոր գտածոյի:

 

 

Հողի գաղտնիքն արտացոլում էր ուրարտական թագավորության հավատալիքներին, կենցաղին, ռազմարվեստին, արդուզարդին բնորոշ գծերը։ Պեղումներն իրականացրել է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն»-ի արշավախումբը:

 

Երևանի Կարմիր բլուրն, ի դեպ, շուրջ երեք տասնամյակ թաղված էր շինաղբի տակ, Երևանի քաղաքապետարանի միջոցներով 2021թ. հնավայրն ամբողջությամբ մաքրվեց, տարածքից տեղափոխվեց ավելի քան 1200 բեռնատար աղբ:

 

***

Կարեն Դեմիրճյանի թանգարանում «Խորհրդային դպրոցը» խորագրով ցուցահանդես- միջոցառում էր: Ներկայացված էին փաստաթղթեր, լուսանկարներ, ժամանակակիցների հուշեր, անձնական իրեր, կառավարական պարգևներ ու արվեստի գործեր:

 

***

Ժամանակակից արվեստի թանգարանում «Մի քանդակի վերականգնման ինտերակտիվ ցուցադրություն» էր: Այցելուները հնարավորություն ունեին հետևելու, թե ինչպես են «երկրորդ կյանք» ստանում արժեքավոր ցուցանմուշները:

 

***

Երևան քաղաքի պատմության թանգարանը թանգարանային գիշերը նշեց «Թատերական Երևան» ցուցահանդեսի բացմամբ և «Հին ու նոր Երևանի անցուդարձը» անիմացիոն ծրագրի վերագործարկմամբ: Քանի որ այս տարի լրանում է Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի 100–ամյակը, մայրաքաղաքի պատմության թանգարանը թատրոնի հետ համատեղ ընտրել էր հենց այդ խորագիրը: Ընդհանուր առմամբ ցուցահանդեսում ներկայացված էր շուրջ 150 առարկա:

 

***

Այցերի ընթացքում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շրջեց նաև թանգարաններում, ծանոթացավ խնդիրներին ու նախանշվող ծրագրերին:

 

«Թանգարաններն են, որ հնարավորություն են տալիս վերաիմաստավորելու Երևանի պատմությունը, մեր մշակույթը: Դրանք նաև հավելյալ գիտելիքներ են, աշխարհայացք, պատկերացում, թե ոնց են ապրել մարդիկ, ինչպիսի կենցաղ են ունեցել, և համեմատել ներկայիս պայմանների հետ: Դրանք մեզ պետք են, որպեսզի մենք կարողանանք առաջ նայել ու այն խնդիրները, որոնք ունեցել ենք, կամ այն տեսլականը, որը եղել է և չի իրագործվել, այդ ամենը ամփոփելով լավացնել բնակիչների կյանքն ու առօրյան: Հագեցած օր էր, տպավորված եմ: Կարծում եմ` մեր համաքաղաքացիները պետք է ավելի հաճախ այցելեն թանգարաններ, մենք պետք է վերաիմաստավորենք մեր պատմությունը, որպեսզի սերունդներին ավելի լավ հայրնեիք թողնենք»,- նշել է քաղաքապետը:

 

Մայիսի 21-ին բոլոր թանգարաններն անվճար սկզբունքով այցելուների առջև բաց էին մինչև 24:00-ն:

Տեսանյութ

«Թանգարանային գիշեր» ծրագրի ընթացքում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այցելել է համայնքային թանգարաններ