Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է և աշխարհի հնագույն քաղաքներից մեկը՝ հիմնադրված մ.թ.ա. 782 թվականին, երբ կառուցվեց Էրեբունի ամրոցը։ Մեր ճրերում Երևանը հարաճուն զարգացող քաղաք է, որտեղ հնագույն պատմությունը միաձուլվում է ժամանակակից ճարտարապետությանը, նորարար մշակութային կյանքին և զբոսաշրջային հարմարավետ ենթակառուցվածքներին:
Երևանը Հայաստանի քաղաքական, մշակութային, գիտական և տնտեսական կենտրոնն է՝ ավելի քան մեկ միլիոն բնակչությամբ։
Երևանը զբոսաշրջիկների համար անվտանգ, հարմարավետ և բազմազան փորձառություններ առաջարկող Է:
Քաղաքը հարուստ մշակույթի տեր է՝ պատմական հուշարձաններով, ժամանակակից արվեստի կենտրոններով: Ամառային բացօթյա համերգները, թատերական փառատոները, գինու և սննդի միջոցառումները, ցուցահանդեսները քաղաքին մշտական մշակութային կենսունակությամբ են օժտում։
Երևանը «քայլելու» քաղաք է, որի կենտրոնում են գտնվում հիմնական թանգարանները, զբոսայգիները, սրճարաններն ու մշակութային օջախները։ Երեկոյան քաղաքի կենտրոնում զբոսնելը զբոսաշրջիկի համար դառնում է փորձառություն՝ երաժշտությամբ, գույներով ու հյուրասեր մարդկանցով լի։
Հայկական խոհանոցը զբոսաշրջության կարևորագույն բաղադրիչներից է։ Քաղաքում առկա են հարյուրավոր սրճարաններ, ռեստորաններ, շուկաներ, փաբեր և սննդի-հարթակներ, որտեղ հնարավոր է համտեսել ինչպես հայկական ավանդական, այնպես էլ տարբեր երկրների խոհանոցների ուտեստներ:
Երևանում գործում են զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններ, քարտեզների և հավելվածների հասանելիություն, ինչպես նաև բազմալեզու ուղեցույցներ և զբոսաշրջային ծառայություններ։
Երևանի պաշտոնական զբոսաշրջային հարթակը www.visityerevan.am կայքն է, որտեղ ներկայացված են Երևանի զբոսաշրջային գրավչությունները, մայրաքաղաքի թանգարանները, պատկերասրահները, թատրոնները, կինոթատրոնները, եկեղեցիները, այգիներն ու պուրակները, հուշարձանները, հյուրանոցները, առևտրային կենտրոնները, ռեստորանները, մարզական հաստատությունները, միջոցառումները, Երևանի զբոսաշրջային վայրերը: Կայքում կարելի է գտնել խորհուրդներ մայրաքաղաքում «պարտադիր» այցելության վայրերի մասին, «Երևան սիթի տուր» զբոսաշրջային պաշտոնական երթուղու, Երևանի տեղեկատվության և քաղաքացիների աջակցության զբոսաշրջային կենտրոնների և անհրաժեշտ այլ տեղեկություններ Երևանի մասին:
Երևանի պաշտոնական զբոսաշրջային հավելված-ուղեցույցը զբոսաշրջիկներին հասանելի է Android և Apple համակարգերում:
Երևանում զբոսաշրջության զարգացման ծրագրերի և շուկայավարման ռազմավարությունը 2011 թվականից մշակում և իրագործում է Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը:
Քաղաքային զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով բաժինը շարունակաբար համագործակցում է Երևանի զբոսաշրջության ոլորտի կազմակերպությունների, միությունների, հասարակական կազմակերպությունների, հյուրանոցների և ոլորտի մասնագետների հետ, նախապատրաստում և ներկայացնում է առաջարկներ՝ համատեղ ծրագրերի իրագործելու, ինչպես նաև Երևանում զբոսաշրջային հաստատություններ հիմնելու, հանգստի գոտիներ ստեղծելու, պահպանելու և շահագործելու վերաբերյալ:
Տուրիզմի բաժինը համակարգում է նաև «Երևան սիթի տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային երթուղին: Զբոսաշրջիկներին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու նպատակով Երևանում մշակվել և ներդրվել է այցելուների տեղեկատվական կետերի ցանցը:
Քաղաքը տարածաշրջանային և միջազգային զբոսաշրջային շուկաներում որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություն ներկայացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից մշակվում, շարունակաբար թարմացվում և իրագործվում է թիրախավորված մարքեթինգային քաղաքականություն: Այն ներառում է քաղաքի բրենդավորումը, մասնագիտացված ցուցահանդեսներին մասնակցությունը, Երևանի քույր և գործընկեր քաղաքների զբսաշրջային ոլորտի համագործակցությունը, ինչպես նաև մամուլով ու սոցիալական ցանցերով քաղաքի զբոսաշրջային գրավչությունների ներկայացումը։
Զբոսաշրջության ոլորտում միջազգային համագործակցությունն ընդլայնելու նպատակով Երևանը համագործակցում է մի շարք հեղինակավոր զբոսաշրջային ընկերությունների և համաշխարհային ֆեդերացիաների հետ:
Այս ամենը նպատակ ունի վերափոխելու Երևանը ոչ միայն որպես պատմամշակութային հզոր կենտրոն, այլև որպես ժամանակակից, բազմաբնույթ տպավորություններ առաջարկող, շարունակ զարգացող և օտարերկրյա այցելուների համար հասանելի զբոսաշրջային ուղղություն։ Տեղային և միջազգային համագործակցությունների, թվային հարթակների ներդրման, ենթակառուցվածքների բարելավման և մշակութային կյանքն աշխուժացնելու շնորհիվ Երևանը շարունակում է ամրապնդել իր դիրքը որպես տարածաշրջանի զբոսաշրջային հանգույց՝ ամուր հիմք ստեղծելով թե՛ հյուրերի, թե՛ ներդրողների և թե՛ զբոսաշրջային մասնագետների համար։
Երևանը բաց է՝ բացահայտման, փոխգործակցության և նոր տպավորությունների համար։