2022թ. Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժինը ուսումնասիրել և հետազոտել է շուրջ տասը քաղաքի զբոսաշրջային բրենդներ և կարգախոսներ:
Շարունակվել է Երևանի զբոսաշրջային բրենդի մշակման քննարկումը: ՀՀ-ում գործող բրենդային կազմակերպություններից եղել են գնային առաջարկների վերաբերյալ հարցումներ:
Զբոսաշրջության ոլորտում միջազգային համագործակցությունն ընդլայնելու նպատակով շարունակվել է համագործակցությունը «Քաղաքների զբոսաշրջության համաշխարհային ֆեդերացիայի» (World Tourism Cities Federation) հետ: «Քաղաքների զբոսաշրջության համաշխարհային ֆեդերացիայի» (World Tourism Cities Federation) պաշտոնական կայքում հրապարկվել է հոդված VisitYerevan պաշտոնական զբոսաշրջային հարթակի և հավելվածի վերաբերյալ:
Զբոսավարների միջազգային օրվա առիթով փետրվարի 21-ին Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության աջակցությամբ և «Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի» հետ համատեղ անցկացվել են «Արի՜, գնանք Երևան» անվճար քաղաքային տուրերը երևանցիների համար, ինչպես նաև զբոսավարների համար կազմակերպվել թեմատիկ և ինտերակտիվ էքսկուրսիա Երևանի պատմության թանգարանում:
Չինաստան-Հայաստան ներդրումների և առևտրի միջազգային առաջին առցանց քննարկման ընթացքում վարչության տուրիզմի բաժինը ներկայացրել է «Երևանի զբոսաշրջային ներուժը և գրավչությունները» խորագրով շնորհանդես:
Հունիսի 11-ին Խաչքարերի պուրակում անցկացվել է «Ուտեստ ֆեսթ» տոնածիսական ուտեսների փառատոնը, որի նպատակն է հանրությանը, այդ թվում՝ Երևան այցելած զբոսաշրջիկներին ներկայացնել հայկական ավանդական տոնածիսական ուտեստների հարուստ ընտրանին:
Սեպտեմբերի 2-3-ը Գյումրիում անցկացվել են Երևանի օրերը: Միջոցառմանը անցկացվել է «Art and Craft Souvenirs» ցուցահանդես-տոնավաճառ: 20 տաղավարում ներկայացվել են ասեղնագործության, տիկնիկագործական խեցեգործության, փայտի գեղարվեստական փորագրության նմուշներ, արծաթից և այլ մետաղներից պատրաստված զարդեր:
Հաշվետու ժամանակահատվածում պատրաստվել և լրամշակվել է «VisitYerevan» զբոսաշրջային պաշտոնական կայքի և հավելվածի տեղեկատվությունը՝ ըստ համապատասխան բաժինների, պարբերաբար թարմացվել է միջոցառումներ բաժնի տեղեկատվությունը, հրապարակվել են թեմատիկ հոդվածներ՝ Երևանում նախատեսվող միջոցառումների վերաբերյալ:
2022թ. ընթացքում Երևանի զբոսաշրջային տեղեկատվական աջակցության և քաղաքացիների սպասարկման կենտրոնները սպասարկել են շուրջ 9319 այցելուի (հիմնականում՝ ՀՀ-ի, ՌԴ-ի, Իրանի և ԱՄՆ-ի, Ֆրանսիայի քաղաքացիներ):
Զբոսաշրջիկներին տրամադրվել է 4454 հատ տպագրական նյութ՝ քարտեզներ, բուկլետներ, թռուցիկներ:
2022թ. «Երևան սիթի տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական երթուղին սպասարկել է 5000 այցելու, որից 316-ը՝ զբոսաշրջիկ, 52-ը՝ ուսանող, 2809-ը՝ երեխա՝ վճարովի և փոխհատուցմամբ իրականացված:
2021թ. մշակվել և ստեղծվել է www.visityerevan.am Երևանի պաշտոնական զբոսաշրջային հարթակը, որը բաղկացած է կայքից և հավելվածից:
Հարթակում ներկայացված են Երևանի զբոսաշջային գրավչությունները, որը ներառում է մայրաքաղաքում գործող թանգարանները, պատկերասրահները, թատրոնները, կինոթատրոնները, եկեղեցիները, այգիներն ու պուրակները, հուշարձանները, հյուրանոցները, առևտրային կենտրոնները, ռեստորանները, մարզական հաստատությունները, միջոցառումները, Երևանի զբոսաշրջային վայրերը, խորհուրդներ մայրաքաղաքում «պարտադիր» այցելության վայրերի մասին, «Երևան սիթի տուր» զբոսաշրջային պաշտոնական երթուղու, «Երևան քաղաքի տեղեկատվության և քաղաքացիների աջակցության զբոսաշրջային կենտրոնների», և այն ամենն, ինչն անհրաժեշտ է Երևան ժամանող զբոսաշրջիկներին:
Երևանի պաշտոնական զբոսաշրջային հավելված-ուղեցույցը զբոսաշրջիկներին հասանելի է Android և Apple համակարգերում:
Երևանում զբոսաշրջության զարգացման ծրագրերի և շուկայավարման քաղաքականության մշակումն ու վարումն իրականացնում է Երևանի քաղաքապետարանը՝ աշխատակազմի տուրիզմի բաժինը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում տուրիզմի բաժինը հիմնվել է դեռևս 2011թ.՝ որպես զբոսաշրջության զարգացման ծրագրերի բաժին՝ զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության կազմում: Այնուհետև՝ 2012թ., բաժինը ներառվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության կազմում՝ վերակազմավորվելով որպես մշակույթի և տուրիզմի վարչություն: 2017թ. տուրիզմի բաժինը վերակազմավորվել է որպես առանձին ստորաբաժանում և գործում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կանոնադրությամբ, Երևանի քաղաքապետի որոշումներով և կարգադրություններով:
Քաղաքային զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով տուրիզմի բաժինը, շարունակաբար համագործակցելով Երևանի տարածքում գործող զբոսաշրջության ոլորտի կազմակերպությունների, միությունների, հասարակական կազմակերպությունների զբոսաշրջային սուբյեկտների, հյուրանոցների և հյուրանոցային հանգրվանների հետ, նախապատրաստում և ներկայացնում է առաջարկներ համատեղ ծրագրերի իրականացմամբ՝ ներդաշնակ և օրենսդրության պահանջներին համապատասխանող գործունեություն ծավալելու, ինչպես նաև Երևանի քաղաքային ենթակայության զբոսաշրջային օբյեկտներ կառուցելու, հանգստի գոտիներ ստեղծելու, պահպանելու և շահագործելու վերաբերյալ:
Տուրիզմի բաժինը համակարգում է նաև «Երևան սիթի տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային երթուղին: Զբոսաշրջիկներին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու նպատակով մշակվել և քաղաքում ներկայումս ներդրվում է այցելուների տեղեկատվական կետերի ցանցը:
Քաղաքը տարածաշրջանային և միջազգային զբոսաշրջային շուկաներում որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություն ներկայացնելու նպատակով քաղաքապետարանի կողմից մշակվում, շարունակաբար թարմացվում և իրականացվում է թիրախավորված շուկայավարման քաղաքականություն: Այն ներառում է քաղաքի բրենդավորումը, մասնագիտացված ցուցահանդեսներին մասնակցությունը, Երևանի քույր և գործընկեր քաղաքների զբսաշրջային ոլորտի համագործակցությունը, ինչպես նաև մամուլով ու սոցիալական ցանցերով քաղաքի զբոսաշրջային գրավչությունների ներկայացումը։