ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

«ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագիր

 

 

 

Տևողությունը՝ 01/03/2018 – 28/02/2021
Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 1,250,004.00 եվրո
ԵՄ ներդրումը՝ 1,000,000.00 եվրո (80% համաֆինանսավորում)
Երևանի քաղաքապետարանի ներդրումը՝ 250,004.00 եվրո (20% համաֆինանսավորում)
Վայրը՝ ք. Երևան, ՀՀ
Իրականացնող՝ Երևանի քաղաքապետարան


Եվրոպական Միությունն աջակցում է «ԵՄ-ն Երևանի համար. արևային համայնք» ծրագրի իրագործմանը, որն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի կողմից: Ծրագիրը հաստատվել է Երևան քաղաքի ավագանու 13.02.2018թ. հ. 111-Ա որոշմամբ:
Ծրագրի հիմնական նպատակն է բազմաբնակարան շենքերում նվազեցնել էներգետիկ սպառումը և դրա հետ փոխկապակցված ջերմոցային գազերի արտանետումները (տարեկան շուրջ 400 տոննա CO2)` վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառման և էներգախնայողության միջոցառումների իրականացմամբ:

 

Գործողությունների ամփոփ նկարագիր

Ծրագիրը նորարարական բնույթ է կրում և նախատեսված է վերականգնվող էներգիայի արտադրության խթանման սկզբունքային նոր մոդելի նախագծում և փորձարկում՝ հաշվի առնելով Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտում իրականացվող բարեփոխումների քաղաքականությունը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի կառավարման օրենսդրության բարեփոխումները: Մոդելը ունի ներդրված ֆինանսական եկամուտների կայուն մեխանիզմ, որը և կապահովի իրականացվող նախագծի մուլտիպլիկացիոն ազդեցությունը:

Ծրագրով նախատեսվում է ավելի քան 90 բազմաբնակարան շենքի տանիքներին տեղադրել արևային ֆոտովոլտային համակարգեր՝ ապահովելով տվյալ շենքի վերելակների, ներշենքային և աստիճանավանդակային հատվածների, ընդհանուր օգտագործման և բակային տարածքների էլեկտրաէներգիայի մատակարարումը, նախատեսվում է նաև շքամուտքերում և բակային տարածքներում տեղադրել LED լուսատուներ:

Ծրագրի իրականացման շնորհիվ նշված շենքերում կունենանք տարեկան կտրվածքով
• 933 ՄՎտ. ժամ էլեկտրաէներգիայի արտադրում արևային կայաններով
• 400 տոննա CO2 արտանետումների նվազում
• իսկ լուսավորության համակարգի փոխարինման արդյունքում կունենանք 395 մՎտ. ժամ էլեկտրաէներգիայի սպառման նվազում:

Փաստորեն, ծրագրի իրականացումն ապահովում է ընդհանուր օգտագործման տարածքներում էլեկտրաէներգիայի սպառման և վճարումների նվազում 77 %-ով:

Ծրագրով նվիրաբերվող համակարգերն են՝
• 630 կՎտ ընդհանուր դրվածքային հզորությամբ արևային կայաններ
• 1750 լուսադիոդային լամպեր՝ սոցիալական անապահով ընտանիքներին
• 75 կՎտ լուսադիոդային լամպեր՝ ներքին և արտաքին լուսավորության ցանցերում:

Ծրագրով նախատեսվում է նաև շենքերից յուրաքանչյուրի համար ստեղծել նպատակային բանկային հաշիվներ, որտեղ կուտակվելու են բնակիչներից գանձված գումարները և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին վաճառված էլեկտրաէներգիայից գոյացած եկամուտը: Իսկ կուտակված գումարը կուղղվի շենքերում էներգախնայողության միջոցառումների իրականացմանը:

Հաշվի առնելով տարածքային համաչափ զարգացման սկզբունքը՝ շենքերի ընտրությունը կատարվել է ընդգրկելով բոլոր վարչական շրջանները: Ընտրությունն իրականացնելիս մի շարք չափորոշիչներից զատ՝ հաշվի է առնվել նաև սոցիալական բաղադրիչի առկայությունն այդ շենքերում:

Ծրագրի սոցիալական բաղադրիչի շրջանակներում նախատեսվում է շուրջ 300 անապահով ընտանիքի տրամադրել լուսադիոդային 5-ական լամպ, արտաքին լուսավորության համար նախատեսվում է 394 LED լուսատու, իսկ բազբաբնակարան շենքերի մուտքերում և միջնահարկերում կտեղադրվեն շարժման տվիչով 5500 LED լուսատուներ:

Ծրագրի իրականացման շնորհիվ բազմաբնակարան շենքերի շուրջ 25.920 բնակիչ կապրի ավելի հարմարավետ պայմաններում և կունենա էլեկտրաէներգիայի ավելի ցածր վճարներ: