ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Երևանի փառատոները

Երևան քաղաքի փառատոները



Երևանը Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային շուկայում կարևոր դեր և նշանակություն ունի. այն ոչ միայն բազային զբոսաշրջային կենտրոն է հանդիսանում, այլև պետության հիմնական մշակութային և զբոսաշրջային ենթակառուցվածքների կենտրոնն է: Մայրաքաղաք Երևանում զբոսաշրջության զարգացմանը նպաստել է ինչպես համաշխարհային զբոսաշրջության առաջընթացը, այնպես էլ քաղաքի յուրօրինակ գրավչությունը: Երևանը, որպես գրավիչ զբոսաշրջային քաղաք դիրքավորելու և միջոցառումային զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով արդեն շուրջ 6 տարի Երևանում իրականացվում են հստակ միջոցառումներ՝ փառատոներ, որոնք միտված են հանրահռչակելու հայկական լավագույն ավանդույթները և քաղաք այցելող զբոսաշրջիիներին ներկայացնելու երևանյան յուրատեսակ մթնոլորտը: Այս նպատակով տարիների ընթացքում ձևավորվել և առավել ընդլայվել են մի շարք միջոցառումներ, որոնք ընդգրկված են «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների շարքում: Վերոնշյալ փառատոներն ունեն զբոսաշրջային բաղադրիչ և լավագույնս ներկայացնում են զբոսաշրջիկներին հայկական հյուրընկալությունը՝ յուրովի ծանոթացնելով քաղաքի կենցաղին ու մշակույթին:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի կողմից մշակված Երևան քաղաքում զբոսաշրջության զարգացման ծրագով մայրաքաղաքում միջոցառումային զբոսաշրջության խթանման աշխատանքները մեծ արդյունք են տվել:
Մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի կողմից ամենասիրված և սպասված փառատոներն են «Համով-հոտով Երևան» տոնածիսական ուտեստների փառատոնը, «Երևան ՏԱՐԱԶֆեստը», «Երևանի գարեջրի փառատոն»-ը, ունեն մեծ հետաքրքրություն և իրականացվում են հիմնականում ամռան ամիսներին:

 Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության արդյունքում նույնպես իրականացվում են բազմաթիվ նախաձեռնություններ, որոնք տարիների ընթացքում հասցրել են սիրվել ինչպես մեր համաքաղաքացիների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի կողմից:

Այս միջոցառումերն ակտիվ են դարձնում թե՛ երևանցիների, թե՛ զբոսաշրջիկների կյանքը Երևանում՝ նախատեսված լինելով տարբեր ճաշակներ և նախասիրություններ ունեցող մարդկանց համար: Ցանկացած մարդ գտնում է իրեն համապատասխան և հոգեհարազատ միջոցառում ամռան ամիսների ընթացքում:
Միջոցառումների ընթացքում մայրաքաղաքի հյուրերը մասնակցում և ծանոթանում են քաղաքային մշակույթի զանազան տարրերին, ունկընդրում բարձրաճաշակ երաժշտություն, շրջում տոնավաճառներում, մասնակցում հետաքրքիր ցուցահանդեսների, խաղերի, ստանում մրցանակներ և դրական լիցքեր:

 

«Երևանի գինու օրեր»


«Երևանի գինու օրեր» նախագիծը նույնպես մեծ մասսայականություն է վայելում Երևանում և այն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի աջակցությամբ: Միջոցառումն անցկացվում է գարնանը՝ մայիսին, խթանելով գարնանային զբոսաշրջությունը՝ հատկապես մայիսյան տոների շրջանակում: Գլխավոր կազմակերպիչ «Էվենտտուրա» ընկերությունը մայրաքաղաքի Սարյան փողոցի Թումանյան և Պուշկին խաչմերուկների հատվածում երկու օր շարունակ երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին ներկայացնում է հայկական գինեգործության հնագույն ավանդույթները: Միջոցառման գլխավոր նպատակն է բարձրացնել հայկական գինիների ճանաչելիությունը, խթանել զբոսաշրջությունը Հայաստանում և ապահովել մեր երկրի՝ որպես գինու հնագույն օրրանի ճանաչելիության բարձրացումը: Միջոցառման այցելուներին Հայաստանի և Արցախի լավագույն գինի արտադրողները ներկայացնում են գինիների շուրջ 200 տեսակներ, իսկ մայրաքաղաքի լավագույն ռեստորաններն ու սրճարաններն առաջարկում են հայկական և արտասահմանյան խոհանոցների լավագույն ուտեստները:
«Երևանի գինու օրեր» միջոցառումը մշտապես ուղեկցվում է բազմաժանր երաժշտությամբ, լավագույն նվագախբերի, DJ-ների կատարումներով:
«Երևանի գինու օրերի» պատվավոր հյուրերն են միջազգային գինեգետներ, ճանաչված բլոգերներ: Միջոցառման կազմակերպիչներն ունեն համապատասխան պայմանագրեր հայկական և միջազգային տուր-օպերատորների հետ, ովքեր ապահովում են զբոսաշրջիկների մեծ հոսք Ռուսաստանից, Իրանից, Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից:

 

 «Համով-հոտով Երևան»

 

Սկսած 2015թ.-ից՝ Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ – ի հետ համատեղ յուրաքանչյուր տարվա հունիսին անցկացվում է «Համով-հոտով Երևան» խորագրով տոնածիսական ուտեստների փառատոնը: Այս փառատոնի նպատակն է հանրությանը, այդ թվում նաև Երևան այցելած հյուրերին, ներկայացնել հայկական ավանդական տոնածիսական ուտեստի հարուստ ընտրանին: Հայկական ավանդական տոնացույցին զուգահեռ բազմաթիվ են այն ավանդական տոները, որոնք ուղեկցվում են հետաքրքիր ուտեստեներով՝ ներակայացնելով ազգային ավանդական կերակրատեսակները: Փառատոնի մասնակից դարձած երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը հնարավորություն ունեն ծանոթանալու և համտեսելու հայկական խոհանոցային ժառանգության լավագույն ու մոռացված ուտեստները:
Առանձին տաղավարներով փառատոնին ներկայացվում են հայկական ազգային ու եկեղեցական 13 տոների ավանդական ուտեստներն ու տոների ծիսական ավանդույթները։ 2017 թվականից փառատոնի շրջանակում անց է կացվում նաև խոհարարական մրցույթ (2017թվականին հայտարարտվել էր «Երևան» աղցանի մրցույթը), իսկ 2018-ին մասնակից խոհարարները պատրաստել են նոր ուտեստ՝ «Երևան-2800»՝ նվիրված Երևանի 2800-ամյակին:
Փառատոնի շրջանակում, ավանդույթի համաձայն, այցելուների շրջանում անցկացվում է նաև հարցում, որի արդյունքում որոշվում են այդ տարվա «Ամենագեղեցիկ», «Ամենահամեղ» և «Ամենահյուրընկալ» տաղավարները:
Փառատոնի ողջ ընթացքն ուղեկցվում է հայկական ազգային երգ ու պարով, ելույթ են ունենում պարային համույթներ:

 

«Վարդավառ»
Պայծառակերպության տոն

 

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կողմից նշվող Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Վարդավառի տոնին նվիրված միջոցառումների մեկնարկը սովորաբար տրվում է Վարդավառի նախօրեին ՝ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց սկիզբ առնող տոնական երթով, ինչը վերջին տարիներին բարի ավանդույթ է դարձել: Միջոցառումը կազմակերպվում է «Վերականգնենք մեր ազգային տոները» խորագրի ներքո՝ Երևանի քաղաքապետարանի ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Արարատյան Հայրապետական թեմի նախաձեռնությամբ: Տոնական երթի մասնակիցները ազգային երգ ու պարով քայլերթ են կազմակերպում դեպի մայրաքաղաքի Մանկական զբոսայգի, որտեղ տեղի է ունենում տոնական բուն միջոցառումը: Ճանապարհին նրանց են միանում նաև բազմաթիվ անցորդ երևանցիներ և զբոսաշրջիկներ:
Մանկական զբոսայգում կազմակերպված միջոցառման ժամանակ ներկայացվում են տոնի խորհրդին համահունչ խաղերն ու ծեսերը, այդ թվում նաև՝ խնձոր խորովելն ու հասկերի բաժանումը, որի անմիջական մասնակից են դարձել նաև այգում հավաքված երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը:
Հաջորդ օրը՝ առավոտյան, տոնախմբությունը սկսվում է եկեղեցիներում Պայծառակերպության տոնին նվիրված Սուրբ Պատարագի մատուցմամբ, որի ընթացքում կատարվում է ջրի օրհնության կարգ:
Վարդավառի տոնին նվիրված Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող միջոցառումները, ավանդույթի համաձայն, մեկնարկում են վաղ առավոտյան ջրցան մեքենաների շքերթով, երբ մեքենաները շրջում են նաև մայրաքաղաքի վարչական շրջանների բակերում և փողոցներում՝ անհրաժեշտ ծավալով ջուր մատակարարելով Վարդավառի ջրախաղերի մասնակիցներին: Վարդավառի տոնին նվիրված գլխավոր և ամենամարդաշատ միջոցառումը, ավանդույթի համաձայն, տեղի է ունենում մայրաքաղաքի Կարապի լճում: Երևանի քաղաքապետարանն այստեղ ապահովում է բոլոր պայմանները՝ ուրախ ջրային խաղերի և անմոռանալի ժամանցի համար:
Միջոցառմանը մասնակցում են տարբեր տարիքի երեխաներ, պատանիներ, երիտասարդներ, ավագ սերնդի ներկայացուցիչներ: Ջրային զվարճանքին միանում են նաև անցորդներն ու մայրաքաղաքի հյուրերը: Ուրախ միջոցառումն ուղեկցվում են ռիթմիկ երաժշտությամբ, ինչն էլ ապահովում է ժամանցի «խելահեղ» մթնոլորտը:

 

 

 «ԵրևանՏԱՐԱԶ ֆեստ» 

 

Սկսած 2015 թվականից՝ ամեն տարվա օգոստոսին Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի կողմից մայրաքաղաքում անցկացվում է «ԵրևանՏԱՐԱԶ ֆեստ» փառատոնը, որի շրջանակում հայ լավագույն դիզայներները ներկայացնում են իրենց աշխատանքը՝ օգտագործելով ազգային հագուստի ավանդական տարրեր: Միջոցառումը հնարավորություն է տալիս վերադառնալու արմատներին և միևնույն ժամանակ նորովի ներկայացնելու հայկական ավանդույթները: Տարեցտարի փառատոնն ընդլայնում է իր հյուրերի աշխարհագրությունը: Օրինակ՝ 2016 թվականին փառատոնն անցկացվել է Ստեփանակերտում, իսկ 2018-ին հատուկ փառատոնին մասնակցելու նպատակով Իսպանիայից Երևան է ժամանել Վիյենայի (Իսպանիա) քաղաքապետարանի տուրիզմի բաժնի ղեկավարը:
Բարի ավանդույթ է դարձել նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների և ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնների մասնակցությունը փառատոնին: Իրենց ազգային մշակույթը տաղավարներում ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության, Իսրայելի Պետության, Հնդկաստանի Հանրապետության դեսպանությունները, Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը, «Տևտոնիա» գերմանացիների մշակութային ՀԿ-ն, «Պոլոնիա» Հայաստանի լեհերի միությունը, Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիան և այլն:
Փառատոնը բաղկացած է 2 մասից՝ ցուցահանդես-տոնավաճառից և հայ դիզայներների նոր հավաքածուների ցուցադրությունից:
Փառատոնի ընթացքում իրենց պատրաստած տարազները, զարդանախշերն ու այլ յուրօրինակ նմուշները ներկայացնում են «Տերյան մշակութային կենտրոնը», «Տարազ և արտ» ֆոտոլաբը, ասեղնագործ շնորհալի և ժողովրդական վարպետները, մի շարք նորաձևության տներ և կազմակերպություններ, ինչպես նաև Երևան քաղաքի պատմության թանգարանը՝ հայկական տարազի անկրկնելի հավաքածուով:
Փառատոնի ընթացքում հանդիսատեսի համար ելույթ են ունենում ազգագրական երգի-պարի համույթներ: Հետաքրքիր ելույթներով են հանդես գալիս նաև ազգային փոքրամասնությունները ներկայացնող մասնակիցները:

 

Ձմերուկի փառատոն

 

2012 թվականից սկսած «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրում իր ուրույն տեղն ունի Կարապի լճի տարածքում անցկացվող ձմերուկի փառատոնը, որը մեկնարկում է խորհրդանշական շքերթ-դիմակահանդեսով:
Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության արդյունքում իրականացվող այս նախաձեռնությունը տարիների ընթացքում հասցրել է սիրվել ինչպես մեր համաքաղաքացիների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի կողմից: Այդ մասին փաստում է փառատոնին մասնակցիների տարեցտարի աճը:
Փառատոնի շրջանակում Երևանի վարչական շրջանների տաղավարներում ներկայացվում են քարվինգի մասնագետների կողմից ստեղծված ձմերուկի նորովի և յուրօրինակ ձևավորումներ:
Միջոցառման ընթացքում կազմակերպվում են նաև տարբեր խաղ-մրցույթներ, որոնց հաղթողները Երևանի քաղաքապետարանի և գործընկեր կազմակերպությունների կողմից պարգևատրվում են մրցանակներով:
Մայրաքաղաքի բնակիչներին ու քաղաքի հյուրերին սպասված և հաճելի անակնկալ է մատուցվում աստղային տաղավարից: Ճանաչված ու սիրված հաղորդավարների, դերասանների կողմից փառատոնի այցելուների համար կազմակերպվում է ձմերուկի հյուրասիրություն: Փառատոնն ուղեկցվում է համերգային ծրագրով, որին մասնակցում են սիրված երգիչ-երգչուհիներ, երաժշտական ու պարային խմբեր, DJ-ներ:

 

«Երևանի Գարեջրի փառատոն» 

 

2014 թվականից ի վեր օգոստոսին Կարապի լճի հարակից տարածքում անցկացվում է Երևանի գարեջրի փառատոնը: Միջոցառման ընթացքում ներկայացվում է հայկական գարեջրագործության շուրջ երեքհազարամյա պատմությունն ու ավանդույթները: Այս փառատոնը Երևանի զբոսաշրջային կարևոր բաղադրիչներից է և իր ուրույն նպաստն է բերում միջոցառումային զբոսաշրջության զարգացմանը մայրաքաղաքում: Երևանի գարեջրի փառատոնի նպատակը հանրությանը հայկական գարեջրի առանձնահատկություններին ծանոթացնելն ու հայկական շուկայում գարեջրի արտադրությամբ զբաղվող ընկերություններին մեկ հարթակում համախմբելն է:
Ներկայացվում են բացառապես հայկական գարեջրի արտադրությամբ զբաղվող խոշոր գործարաններ և արտադրամասեր:
Ավանդույթի համաձայն մասնակցում են նաև Երևանի լավագույն գարեջրատները, փաբերն ու ռեստորանները:
Փառատոնի ընթացքում կազմակերպվում են տարատեսակ մրցույթներ. «հնարավորին արագ ըմպել»,«ըմպել ձողիկով», «որոշել նրբերշիկի համը», «արագորեն մաքրել գետնանուշը», «արագորեն ուտել խեցգետին» և այլ մրցույթներ։
Փառատոնի ընթացքն ուղեկցվում է հայկական էստրադայի սիրված երգիչների ելույթներով, պարային համույթների կատարումներով, ինչպես նաև նվագախմբի երաժշտական հետաքրքիր ծրագրով։
2018 թվականին անցկացված Երևանի գարեջրի 5-րդ հոբելյանական փատատոնի ընթացքում այցելուները բացառիկ հնարավորություն են ունեցել Մարաշլեան ֆոտո-ատելիեի կողմից ձևավորված առանձին տաղավարում անվճար լուսանկարվելու ուրարտական ժամանակաշրջանը ներկայացնող կերպարների հետ։ Փառատոնի հատուկ հյուրն էր Արամ MP3-ին, ում ռիթմիկ կատարումները փառատոնի հարթակը վերածեցին պարահրապարակի։ Երեկոն ամփոփվեց Վրաստանից ժամանած մեր հայրենակից Դի-Ջեյ Սոկոյի ուրախ ռիթմերով:

 

«Գյուղական կյանքի և ավանդույթների» փառատոն


Քաղաքային մթնոլորտում սեպտեմբերին իր յուրօրինակ տեղն ունի Երևանի քաղաքապետարանի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ, «Կանաչ արահետ» հասարարակական կազմակերպության կողմից անցկացվող «Գյուղական կյանքի և ավանդույթների» փառատոնը կամ «Բերքի տոնը»: Այս Փառատոնը յուրօրինակ հարթակ է, որտեղ ֆերմերները, օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվողները, ձեռներեցները, արտադրողներն ու գնորդները, վերմշակողները, տարբեր կազմակերպություններ և հնարավոր ներդրողներ կարող են հանդիպել, իրականացնել փորձի փոխանակում, գտնել նոր շուկաներ և նոր համագործակցության եզրեր:
Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնին ցուցադրվում են նաև հեռավոր մարզերի արհեստագործների կողմից պատրաստված ձեռագործ աշխատանքները:
Միջոցառման ընթացքում կա նաև հատուկ մրցանակաբաշխություն. մասնակիցներին տրվում են մրցանակներ և նվերներ` «Լավագույն ֆերմերային խումբ», «Լավագույն կանանց ֆերմերային խումբ», «Լավագույն ձեռներեց», «Լավագույն երիտասարդական խումբ» և «Լավագույն օրգանական արտադրող» անվանակարգերում:
Փառատոնն ուղեկցվում է ավանդական համերգային ծրագրով` ժողովրդական անվանի երգիչների, երաժիշտների ու մշակութային խմբերի մասնակցությամբ, երեխաների համար նախատեսված ժամանցային կատարումներով ու ներկայացումներով, բեմականացումներով ու պարային համարներով:

 

 


Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժին
Հեռ.՝ 011 514-230
Էլ. Փոստ՝ tourism@yerevan.am