ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը նվիրված է 1,5 միլիոն հայերի հիշատակին, ովքեր զոհ գնացին թուրքական կառավարության իրագործած 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը: 1967թ. ի վեր, երբ ավարտվեց Հուշահամալիրի շինարարությունը, այն դարձավ Երևանի ճարտարապետության անբաժան մասը` վերածվելով ուխտատեղիի:
Հուշահամալիր տարածքը 4500քմ է, բաղկացած է երեք հիմնական կառույցներից` Հուշապատ, Հավերժության տաճար, «Վերածնվող Հայաստան» հուշասյուն:

1995թ. Մեծ եղեռնի 80-ամյա տարելիցին Ծիծեռնակաբերդում բացվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը (ճարտարապետներ` Ս. Քալաշյան, Ա. Թարխանյան, քանդակագործ` Ֆ. Առաքելյան): Թանգարան-ինստիտուտը գիտահետազոտական կենտրոն է՝ ՀՀ ԳԱԱ համակարգում:
 
 
Հուշահամալիրի կառուցումը
 
 
Խորհրդային իշխանության օրոք, երբ բացարձակապես մերժված ու անընդունելի էր որևէ ազգային գաղափարախոսություն, պարտադրված լռության էր մատնված նաև Հայոց ցեղասպանության հիշատակումն ու զոհերի հիշատակի ոգեկոչումը:
Մինչև հուշահամալիրի կառուցումը, հայ ժողավուրդը Հայոց ցեղասպանության զոհերին իր հարգանքի տուրքը մատուցում էր` այցելելով Կոմիտասի անվան պանթեոն, իսկ 1967թ. ի վեր մարդկանց բազմահազարանոց թափորը շարժվեց դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք:
Կոթողի բացումը, որը տեղի ունեցավ 1967թ. նոյեմբերի 29-ին, Խորհրդային Հայաստանի 47-րդ տարեդարձի օրը, վերածվեց քաղաքական, մշակութային խոշոր իրադարձության: Հազարավոր մարդկանց թվում Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու էին եկել Խորհրդային Հայաստանի կառավարության ղեկավարները` Ա. Քոչինյանը, Ն. Հարությունյանը, Գ. Տեր-Ղազարյանը, Ռ. Խաչատրյանը, Լ. Ղարիբջանյանը: Սգո երթը հուշահամալիր շարունակվեց մինչև ուշ գիշեր:

 
Թանգարանը

 
Հայոց Ցեղասպանության թանգարանը բացվեց 1995թ., երբ նշվում էր Հայոց ցեղասպանության 80-րդ տարելիցը: Թանգարանի կառույցը (ճարտարապետներ` Ս. Քալաշյան, Ա. Թարխանյան, քանդակագործ` Ֆ. Առաքելյան) բացառիկ նախագիծ ունի:
Թանգարանն ապահովում է էքսկուրսիաներ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և ռուսերեն:
Հայաստանի Հանրապետություն ժամանած պաշտոնական պատվիրակությունների այցելությունը Հայոց ցեղասպանության թանգարան նախատեսված է պետական արարողակարգով
2015 թ. ապրիլի 21-ին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարանի նոր ցուցադրության պաշտոնական և հանդիսավոր բացումը:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, թանգարանը և հարակից տարածքը հիմնանորոգվել են «Ծիծեռնակաբերդ» բարեգործական հիմնադրամի միջոցներով:
2011 թվականից մեկնարկեց Հայոց ցեղասպանության թանգարանի նոր մշտական ցուցադրության մշակման և դիզայներական նախագծումը: Թանգարանի ցուցադրական տարածքը ընդարձակվել է երկուսուկես անգամ՝ հասնելով 2400 քմի. Հայաստանում առաջին անգամ կիրառվել են համաշխարհային թանգարանային գործում մեծ տարածում գտած նոր տեխնոլոգիաներ, նախագծային լուծումներ: Թանգարանային ցուցադրության բովանդակային լուծումների, տեքստային նյութերի ու բացատրագրերի հիմքում ցեղասպանագիտության ոլորտում վերջին տարիների գիտական ու մեթոդական մշակումներն են:
Թանգարանային մշտական ցուցադրությունում ամփոփվել են վերջին 7-8 տարվա հավաքչության շնորհիվ ձեռք բերված հազարավոր նորահայտ նյութերը: Դրանց մի մասը ներկայացված է տպագիր, ինչպես նաև մուլտիմեդիայի՝ պրոյեկտորների և հպումով աշխատող էկրանների ձևով: Ներկայացված են նաև բնօրինակ և եզակի լուսանկարներ, գրքեր, փաստաթղթեր և այլն: Թանգարանային նոր ցուցադրական տարածքն ունի 12 սրահ՝ նախկին 3-ի փոխարեն:
Լուսանկարներ