ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Հին Երևանի երաժշտական կյանքը

Հին Երևանի երաժշտական կյանքը

Լինելով աշխարհի հնագույն ազգերից մեկը և տեր լինելով հարուստ պատմամշակութային ավանդույթների՝ հայերը դեռևս հնագույն ժամանակներում ստեղծել են երգ և երաժշտություն, որոնցում արտացոլվել է իրական կյանքը։
Երևանում կատարված պեղումներից հայտնաբերված ամենահին գործիքները բրոնզե զանգակներն ու բոժոժներն են, որոնք տարածված են եղել մ.թ.ա. 2-րդ հազարամյակում և գործածվել են ծիսակատարությունների, ռազմերթերի ժամանակ։
Հին Երևանում երաժշտության միակ ներկայացուցիչները զուռնաչիներն ու աշուղներն էին։ 19-րդ դարի առաջին քառորդում Երևանում զուռնաչիների թիվը հասել է 12-ի, որոնցից 7-ը հայեր էին։ Շրջիկ երգահանները սազի նվագակցությամբ երգում էին նշանավոր բանաստեղծների երգերը, սեփական ստեղծագործությունները։ Առանց նրանց գրեթե ոչ մի տոնակատարություն չէր լինում։
Ուսուցչական սեմինարիայում, Գայանյան օրիորդաց ուսումնարանում և Հռիփսիմյան գիմնազիայում աշակերտական երգչախմբեր կային։ Այգիներում կային նվագախմբեր, կազմակերպում էին նաև պարահանդես-համերգներ։
Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան երաժշտական կյանքի խոշոր իրադարձություններից էր։ Դա «Անուշ»-ի անդրանիկ բեմադրությունը չէր. առաջին անգամ այն բեմադրվել է Ալեքսանդրապոլում՝ 1912թ.։ Սակայն դրանով ամենևին էլ չի նսեմանում երևանյան առաջին ներկայացման (1913թ.) նշանակությունը. այն պարզ պատճառով, որ այստեղ ևս «Անուշը» բեմադրվել է տեղական ուժերով, 50 հոգուց բաղկացած մի խմբով, որին ընդամենը մի քանի օրվա ընթացքում նախապատրաստել էր օպերայի հեղինակը՝ Ա. Տիգրանյանը։
Երաժշտական կյանքի կարևոր իրադարձություններից էր նաև Կոմիտասի երգչախմբի համերգը։ Երգչախումբը, որը բաղկացած էր Գևորգյան ճեմարանի 85 սաներից, Թիֆլիսում հաջող համերգից հետո, 1906թ. ժամանում է Երևան։ Համերգը կայացել է Ջանփոլադյանի թատրոնում։ Դա հայկական ժողովրդական երաժշտության մեծ հաղթարշավն էր։ Նախորդել է Կոմիտասի հակիրճ ու բովանդակալից դասախոսությունը հայկական երաժշտության հարստության և առանձնահատկությունների մասին։ Համերգն ավարտվել է դարձյալ Կոմիտասով։ Այս անգամ արդեն ոչ թե խոսքով, այլ նվագով ու երգով։

Կոմիտասը համերգներն ավարտում էր «Անտունի»-ով։ Ունկնդիրներից շատերի աչքերին արցունքներ են երևացել։ Միայն մեկ համերգ տալուց հետո երգչախումբը ղեկավարի հետ վերադարձել է Էջմիածին։ Քաղաքի երաժշտական կյանքը նոր վերելք ապրեց խորհրդային տարիներին։ 1921թ. Ռոմանոս Մելիքյանի նախաձեռնությամբ հիմնվեց երաժշտական ստուդիան, որը 1923թ. վերակազմավորվել է կոնսերվատորիայի։ Շուտով այն դարձավ երաժիշտ-կատարող կադրերի դարբնոց և դրանով իսկ հնարավորություն ընձեռեց հետագա տարիներին Երևանում կազմակերպելու սիմֆոնիկ նվագախումբը, հայֆիլհարմոնիան, օպերայի և բալետի թատրոնը, Կոմիտասի անվան քառյակը, Հայաստանի էստրադային նվագախումբը և բազմաթիվ երաժշտական ուսումնական հաստատություններ։

 

Աշխեն Հարությունյան
Երևանի պատմության թանգարանի ավագ գիտաշխատող