Անավարտ «Կասկադ». համալիրի շինարարությունն ավարտելու համար համայնքը բանակցում է «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի հետ

21.02.2022

Երևանի «Հյուսիս-հարավ» առանցքի թամանյանական հորինվածքը 1970-ականներին ճարտարապետներ Ջիմ Թորոսյանի, Սարգիս Գուրզադյանի և Ասլան Մխիթարյանի շնորհիվ կերպար ստացավ: Նախագծով Կենտրոնը պետք է կապվեր Արաբկիրին ու Զեյթունին՝ միաժամանակ «Կասկադ» համալիրը վերածելով կրթամշակութային յուրահատուկ կենտրոնի:

 

«Մենք նախատեսում էինք, որ Ազատության հուշարձանից շարժասանդուղքով կապ կլինի մինչև Թամանյանի պուրակ: 1988թ. երկրաշարժից հետո նախագիծը կասեցվեց»,-պատմում է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյանը:


1990-ականներին «Կասկադում» որևէ աշխատանք չարվեց: Համալիրի վերականգնման համար 2002 թվականին պայմանավորվածություն ձեռք բերվեց բարերար Ջերարդ Գաֆէսճեանի հետ։


«2002թ. մայիսի 31-ին Երևանի քաղաքապետի որոշմամբ «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին հասարակական կառուցապատման նպատակով ի սեփականություն են հանձնվել «Կասկադ» համալիրի անավարտ շինությունները և դրանով զբաղեցրած հողամասը, ինչպես նաև սեփականության իրավունքով է տրամադրվել «Կասկադ» համալիրին հարող աջակողմյան 8,0 հա և ձախակողմյան 50 մետր լայնությամբ չծանրաբեռնված հողամասերը, անհատույց մշտական օգտագործման է հանձնվել Ա. Թամանյանի հուշարձանից մինչև «Կասկադ» համալիրն ընկած պուրակի տարածքը»,- նշում է Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետի տեղակալ Մերի Հարությունյանը:


«Գաֆէսճեանի գաղափարը բացառիկ էր. նա մտադիր էր կառուցապատել ու բարեկարգել տարածքը, աշխատեցնել շարժասանդուղքները՝ կենտրոնն օգտագործելով որպես մշակութային գործառույթ ունեցող կառույց»,-պատմում է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:


2009-ին բարեկարգումն ավարտվեց, բացվեց արվեստի կենտրոնը, սակայն «Կասկադն» անավարտ էր:


«Գաֆէսճեանն անցկացրեց միջազգային մրցույթ, արդյունքները բավարար չէին: Երիտասարդ մի այլ ճարատարապետի հետ համագործակցեց. ստացվեց մի փոսորակ, որը նախատեսված էր արագորեն կառուցապատել, բայց, ցավոք, նրա մահից հետո շինարարությունը չշարունակվեց»,-պատմում է Ասլան Մխիթարյանը:


Կասկադից դեպի Ազատության պողոտա բարձրացող հատվածն այժմ ամբողջությամբ անխնամ է: Շինարարական փոսորակը որոշ քաղաքացիներ դարձրել են աղբավայր: 2013 և 2019 թվականներին հիմնադրամը քաղաքապետարան է ներկայացրել երկու էսքիզային տարբերակ, որոնց, սակայն, մասնագետները հավանություն չեն տվել: Փաստորեն մինչ օրս չկա ներկայացված վերջնական առաջարկ և մինչ հիմա որևէ ներդրում սեփականտիրոջ կողմից չի արվել:


«Այդ հատվածը պետք է անպայման կառուցվի, որովհետև դա Երևանի կենտրոնական մասի ամենահետաքրքիր մասն է»,- նշում է Ալ. Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը:


Այսօր համայնքը միջոցներ է ձեռնարկում ավարտելու «Կասկադ» համալիրի շինարարությունը: Տարեսկզբին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարեց վերսկսել բանակցությունները «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի հետ:


«Մեր կողմից առաջարկվել է քաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող համալիրի տարածքի արդիականացման նպատակով հիմնադրամի հետ համատեղ մշակել և իրականացնել ներդրումային նոր ծրագիր: Այս համատեքստում Երևանի քաղաքապետարանը բաց է լիարժեք օժանդակություն ցուցաբերելու և համապատասխան գործիքակազմ ներդնելու տեսանկյունից»,-ասում է Մերի Հարությունյանը:


Խնդրի առնչությամբ որոշեցինք լսել նաև հիմնադրամի դիրքորոշումը: Մեզ փոխանցեցին. «Այս պահին հոգաբարձուների խորհուրդը դեռ քննարկում է»:


«Եթե նրանք պատրաստ չեն շարունակելու կատարել իրենց պարտավորությունները, ապա ես կասկած չունեմ, որ ներդրողների հերթ կգոյանա: Միշտ հաշվի են առնվում կառուցապատողների խնդիրները, բայց նրանք պարտավոր են հաշվի առնել քաղաքի զարգացմանը չխոչընդոտելը: Եթե ինչ-ինչ պատճառներով չեն շարունակում ծրագիրը, ապա պետք է կամ ներգրավեն այլ ներդրողներ կամ հանձնեն համայնքին»,-ասում է Նարեկ Սարգսյանը:


«Մենք նախագծեր, մտքեր ունենք, պատրաստ ենք համագործակցել, որ խնդիրը լուծում ստանա: Այդտեղ կարելի է կառուցել և հյուրանոց, և դահլիճներ...» ,- նշում է Ասլան Մխիթարյանը:


Հայկական պատմությունը, ճարտարապետությունն ու մշակութային ժառանգությունը մեկտեղող «Կասկադ» համալիրն ամբողջանալուց հետո կարող է վերածվել տարածաշրջանային մշակութային կենտրոնի:

Տեսանյութ

Անավարտ «Կասկադ». համալիրի շինարարությունն ավարտելու համար համայնքը բանակցում է «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի հետ