ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Առցանց դիմումին՝ առցանց պատասխան

01.02.2021

Որպեսզի հերթում երկար չսպասեք ու խնայեք ժամանակը, Երևանի քաղաքապետարան դիմումներ ուղարկել ու արդեն նաև պատասխաններն ամբողջությամբ ստանալ հնարավոր է առցանց: Դրա համար պետք է մի քանի քայլ կատարել. մուտք գործել yerevan.am կայք, անցնել «Մեկ պատուհան» կամ «Էլեկտրոնային ծառայություններ» բաժինները, ընտրել դիմումի տեսակը, ներբեռնել ձևը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ու ուղարկել նամակը: 

 

«Այսուհետ քաղաքացիներն իրենց էլեկտրոնային նամակների վերաբերյալ կստանան 3 ծանուցում, առաջինը` դիմումը ներկայացնելու պահին, 2-րդը՝ վարույթ ընդունելու վերաբերյալ և 3-րդը՝ դիմումի ավարտի մասին: Մինչ այդ նաև դիմումի ավարտի մասին կստանան sms հաղորդագրություն»,- նշում է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը:


«Քաղաքապետարանը խրախուսում է, որ բնակչությունը դիմի էլեկտրոնային եղանակով, և աստիճանաբար այն կավելացնենք»,- ընդգծում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի Ժ/պ Դավիթ Համբարյանը:


Քաղաքացիների համար էլեկտրոնային ծառայությունների ծավալն ավելացնելու և դրանցից օգտվելն առավել հարմարվետ դարձնելուն զուգահեռ՝ քաղաքապետարանը նաև ներքին գրագրությունն ու թղթաբանությունն է նվազեցրել:

 

«Քաղաքապետի կողմից կա մոտեցում՝ ներքին փաստաթղթաշրջանառությունը հնարավորինս թվայնացնելու»,-ասում է Դավիթ Համբարյանը:

 

Եթե 2018թ. Երևանի քաղաքապետարանն ստացել էր ընդամենը 2600 էլեկտրոնային դիմում, ապա 2019-ին այդ թիվը կազմել է 4100, իսկ 2020-ին արդեն՝ 13600, ինչն ընդհանուր նամակների թվի մոտ 5-6 տոկոսն է:

 

«Աճի տեմպերը վկայում են, որ կա միտում՝ տեղափոխվելու թվային դաշտ, որն ավելի հեշտացնում և արագացնում է պատասխանների տրամադրումը»,-նկատում Դավիթ Համբարյանը:

 

Քաղաքային իշխանությունը մտադիր է հետագայում թվայնացնել բոլոր ծառայությունները: Նպատակը մեծ է, անելիքները՝ շատ: Մինչ այդ այս տարի բնակիչներին հասանելի կդառնա ևս մի քանի նոր ծառայություն:

 

«Այս տարի մենք նախատեսում ենք ամբողջությամբ վերափոխել www.yerevan.am կայքը՝ թե՛ դիզայնի, թե՛ ներքին աշխատանքի առումով: Բացի այդ, կհայտնվեն բազմաթիվ էլեկտրոնային ծառայություններ,, որոնց համար նախկինում քաղաքացիները ստիպված էին դիմել վարչական շրջանների աշխատակազմեր կամ քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակներ, ինչպես, օրինակ, ալկոհոլի կամ հանրային սննդի լիցենզիայի համար»,- ասում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:


Էլեկտրոնային ծառայությունները թեև 2020-ին առավել արդիական դարձան համավարակով պայմանավորված սահմանափակումներով, բայց շատերը դեռևս նախընտրում են հենց այդ տարբերակը՝ խուսափելով հերթերից ու ժամանակն ավելորդ վատնելուց:

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player

x