Աշնանային ծառատունկին Ծիծեռնակաբերդում 6000 ծառ ու թուփ կտնկվի

13.10.2022
Բնապահպանություն

Երեք մետր հեռավորությամբ զուգահեռաբար իջնող խրամուղիները Ծիծեռնակաբերդի՝ համայնքին պատկանող անտառային գոտու վերականգնման համար են: Երևանի քաղաքապետարանն այս օրերին ծառատունկի նախապատրաստական վերջին աշխատանքներն է անում: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային կազմակերպության մասնագետները, նախքան գործն սկսելը, երկար են ուսումնասիրել, փոխառել ժամանակին հենց այստեղ արված կանաչապատման փորձը:

«Այստեղ հողը շատ վատ վիճակում էր, որովհետև տարիների ընթացքում չէր մշակվել, գույնից նույնիսկ տեսանելի է, բացի այդ, շատ քարքարոտ էր: Երկար քննարկելուց հետո որոշեցինք խնդիրը լուծել խրամատներով. սա ընդունված կարգ է անտառային տնկարկների համար: Շարքերը զուգահեռ են, որն անելը հեշտ չէր. բավական շատ նշագծում ենք արել տարածքում: Խրամատն արվում է մինչև 20 սմ՝ խոնավությունը պահպանելու համար, բայց խրամատներում նաև փոսեր ենք փորել՝ ևս 50 սմ իջնելով ներքև: Այն քարերը, որոնք հանել ենք, հետ կլցվեն, ինչը կլավացնի օդափոխությունը: Խրամատները նրա համար են, որ ոռոգման ջուրը, ինչպես նաև հալոցքի ու անձրևի ջրերը խնայողաբար օգտագործվեն բույսի համար»,- նշում է ՀՈԱԿ-ի փորձագետ, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Հասմիկ Խուրշուդյանը:
«Հսկայական աշխատանքներ են իրականացվել այս 8.5 հա տարածքում: Շուրջ 2 հա-ում կազմակերպությունը գարնանն իրականացրեց անտառտնկման աշխատանքներ, իսկ 6.5 հա ազատ էր մնացել: Կազմակերպությունը նշաձող վերցրեց՝ միանգամից այդ 6.5 հա-ն կանաչապատել: Անտառը հիմնելու իսկական՝ ճշգրիտ ձևերից մեկը այստեղ կիրառվել է: Ամսի 15-ին այստեղ աշխատանքներն ավարտված կլինեն» ,-նշում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:
Աշխատանքների մեծ մասն ավարտված է, այժմ խրամուղիները հարստացվում են սևահողով: Աշնանային ծառատունկին Ծիծեռնակաբերդում կտնկվի շուրջ 6000 ծառ և թուփ: Լինելու են անտառային և դեկորատիվ տեսակներ, որոնք կապահովեն կայունություն և արտաքին տեսք:
Թխկի, հացենի, կատալպա, ակացիաներ. ընտրվող բոլոր ծառատեսակները հարմարեցված են Երևանի կլիմայական պայմաններին:
«Ունենալու ենք նաև վայրի պտղատուներ: Սա շատ կարևոր է երկու պատճառով. նախ՝ ծաղկող գեղազարդ տեսք կտան գարնանը և երկրորդ՝ շրջակայքում կան սկյուռներ, թռչուններ, որոնց համար այն կեր կլինի»,-նշում է Հասմիկ Խուրշուդյանը:
«Տնկանյութի գրեթե 95 տոկոսն առաջին անգամ լինելու է քաղաքային տնկարանում աճեցված: Կսպասենք եղանակային պայմաններին, որպեսզի սկսենք ծառատունկը»,-նշում է Արմեն Բեգոյանը:
Այն հատվածներում, որտեղ հողածածկը հնարավորություն չի տվել, կիրառվել է այլ մոտեցում՝ արվել են առանձին փոսորակներ:
Երևանի անտառային գոտու վերականգնումը քաղաքի կարևորագույն խնդիրներից է: Համայնքը մտադիր է մոտ 10 անտառային տարածք վերականգնելու համար ծառատունկ անել:

Տեսանյութ

Աշնանային ծառատունկին Ծիծեռնակաբերդում 6000 ծառ ու թուփ կտնկվի