Չորրորդ կարգի վթարային 2 շենքերի բնակիչները ստացան նոր բնակարանների բանալիներ

04.07.2019

Երևանի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի 8 և 10 հասցեների չորրորդ կարգի վթարային շենքերում տարիներ շարունակ ապրող 83 ընտանիքներ այսօր ստացան նոր բնակարանների բանալիներ: Եվս 59 ընտանիքի էլ հանձնվեցին Սիսակյան 3 հասցեում նոր կառուցվող շենքում անհատույց սեփականության իրավունքով բնակարաններ ստանալու մասին Երևանի քաղաքապետի և ավագանու որոշումները: Մինչ այդ, նշված ընտանիքները վթարային շենքերից կտեղափոխվեն վարձով բնակարաններ, որոնց ամենամսյա վարձավճարը կտրամադրվի համայնքի բյուջեից: Շնորհավորելով ընտանիքներին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ բարդ, երկարատև ու ձգձգված գործընթացն այսօր արդեն մոտենում է հանգուցալուծման, ինչը 142 ընտանիքի հնարավորություն տվեց ապրելու բարեկեցիկ ու հարմարավետ պայմաններում: 

«Տասնյակ տարիներ մեր համաքաղաքացիներն ապրել են ոչ միայն անբարենպաստ, երևանցուն ոչ հարիր, այլև կյանքի ու առողջության համար վտանգավոր պայմաններում: Այս տարիների ընթացքում նրանցից ոմանց մոտ խորացել էր կասկածն ու անվստահությունը գործընթացի նկատմամբ, շատերը այլևս չէին հավատում, որ երբևէ նոր բնակարան են տեղափոխվելու: Բայց, փառք Աստծո, այսօր մենք կարող ենք վստահությամբ ասել, որ եզրագծի մոտ ենք և վստահ ենք, որ մեր բնակիչների հետ համատեղ ընտրել ենք խնդրի հանգուցալուծման օպտիմալ տարբերակը»,- նշել է քաղաքապետ Մարությանն ու շնորհակալություն հայտնել վերաբնակեցման գործընթացը նախաձեռնողներին, այս տարիների ընթացքում այն իրականացնողներին և քաղաքի ներկա՛ վարչակազմի գործընկերներին, որոնք ամենայն պատասխանատվությամբ ու բծախնդրությամբ լծվեցին այս գործին:
Այնուհետ Երևանի քաղաքապետն այցելել է Շինարարների 15 հասցեում գտնվող շենք և անձամբ ծանոթացել բնակիչների նոր բնակարանների պայմաններին ու հարմարություններին: Հայկ Մարությանը մեկ անգամ ևս շնորհավորել է ընտանիքներին բնակարանամուտի առթիվ և մաղթել նորանոր հաջողություններ նոր բնակարաններում:
Բնակարանները բնակիչներին հանձնվում են անհրաժեշտ բոլոր պայմաններով ապահովված, հարդարված, ջեռուցման, ջրի ու բնական գազի մատակարարման համակարգերով:
Քաղաքապետ Մարությանը վստահեցրել է, որ վերաբնակեցման՝ սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս ծրագիրը լինելու է շարունակական:

Տեսանյութ

Չորրորդ կարգի վթարային 2 շենքերի բնակիչները ստացան նոր բնակարանների բանալիներ
Տեսնել ավելին