ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ

08.03.2018

Սիրելի կանայք, մայրեր և քույրեր,
սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ:
Կասկածից վեր է, որ այսօր անկեղծ բարեմաղթանքների և գնահատանքի, ջերմ վերաբերմունքի և ուշադրության պակաս չեք ունենա, ինչին, անշուշտ, արժանի եք, ոչ միայն տոնական, այլև տարվա բոլոր օրերին: Եվ սա զուտ խոսքեր չեն, քանզի դարեր շարունակ հայ կինը եղել ու շարունակում է մնալ ավանդական հայ ընտանիքի համերաշխության և ավանդապահ հայ օջախի ամրության անսասան հենասյունը:
Ձեր փխրուն ուսերին կրելով ընտանեկան առօրյա հոգսերն ու արժանապատիվ սերունդ դաստիարակելու պատասխանատու առաքելությունը՝ բազմիցս նաև ապացուցել եք, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ եք զենք բռնելու, ձեր ամուսինների, եղբայրների և որդիների հետ կողք կողքի: Անմնացորդ նվիրումով, սրտացավ և անձնվեր աշխատանքով ձեր կարևոր ներդրումն եք ունենում նաև մեր երկրի և քաղաքամայր Երևանի զարգացման ու շենացման շնորհակալ գործում, այն հաստատուն համոզումով, որ գալիք սերունդներին հզոր և կայացած երկիր փոխանցելը միասնաբար ենք հաջողելու: Ու ես վստա՛հ եմ, որ հաջողելու ենք, քանզի մեր պետության կորիզը հանդիսացող հայ ընտանիքը հենց ձե՛ր շնորհիվ է շարունակում մնալ ավանդապաշտ ու կայուն, դրան զուգահեռ նաև ժամանակի ոգին ընկալող ու ապագային միտված:
Սիրելի կանայք, մայրեր և քույրեր, մեկ անգամ ևս շնորհավորելով այս գեղեցիկ տոնի առթիվ, քաջառողջություն, բարեկեցություն, սեր և երջանկություն եմ մաղթում ձեզ և ձեր ընտանիքներին: Թող որ միշտ շրջապատված լինեք ձեզ սիրող ու գնահատող հարազատների և ընկերների հոգատարությամբ և ջերմությամբ, ու յուրաքանչյուր լուսաբաց թող լինի միայն երջանկության, ներդաշնակության սկիզբ՝ ողջ օրվա համար:

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player