Երևանի քաղաքապետը և Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետը համոզմունք են հայտնել, որ երկու քաղաքների փոխգործակցությունը կշարունակի ամրապնդվել

27.06.2018

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի օրերի անցկացման շրջանակում Երևան ժամանած Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինայի հետ:

Ողջունելով Սանկտ Պետերբուրգի պատվիրակության հերթական այցը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վերահաստատել է Երևանի քաղաքապետարանի պատրաստակամությունը՝ էլ ավելի զարգացնելու և ամրապնդելու ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի հետ բազմակողմ և բազմոլորտ փոխգործակցությունը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և փոխգործակցության ամրապնդման ու խորացման պատրաստակամության համար՝ Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինան էլ իր հերթին վստահեցրել է, որ այդ պատրաստակամությունը փոխադարձ է: Առիթն օգտագործելով Աննա Միտյանինան Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի ջերմ ողջույններն է փոխանցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ընդգծելով, որ Սանկտ Պետերբուրգի և Երևանի միջև այսօր առկա սերտ փոխգործակցությունն, անշուշտ, պայմանավորված է նաև երկու քաղաքների ղեկավարների անկեղծ ու անշահախնդիր բարեկամությամբ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը խնդրել է փոխադարձաբար իր ջերմ ողջույնները փոխանցել նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին և մեկ անգամ ևս վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանը բարձր է գնահատում Սանկտ Պետերբուրգի կառավարության հետ սերտ փոխգործակցությունն ու իր լիազորությունների շրջանակում միշտ պատրաստ է աջակցելու նոր ծրագրերի նախաձեռնմանը և կյանքի կոչմանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ