Երևանի քաղաքապետը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների հետ

18.11.2016

Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքի հետ կապված հարցեր են քննարկվել քաղաքապետ Տարոն Մարգարյանի և բանկի փոխնախագահ Ժան Վապավուրիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Ողջունելով հյուրերին և առանձնակի կարևորելով Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցությունը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ իրականացվող համատեղ ծրագրերն իսկապես կարևոր են Երևան քաղաքի համար: 

«Մենք կարևորում ենք Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցությունը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում, և ուրախ եմ, որ արդեն իսկ ունենք կյանքի կոչված ու հաջողված համատեղ տարբեր ծրագրեր։ Այսօր ակտիվ փոխգործակցության ծրագրեր ենք իրականացնում կոշտ թափոնների կառավարման, ջրամատակարարման, մետրոյի և էներգախնայողության ոլորտների ուղղությամբ, և վստահ եմ, որ այս ծրագրերի հաջող ընթացքն ու արդյունավետությունը հիմք կհանդիսանան, որ առաջիկա տարիներին մենք ընդլայնենք համագործակցության շրջանակներն ու ընդգրկենք նոր ուղղություններ՝ մասնավորապես քաղաքային տրանսպորտի կանոնակարգման ոլորտում, որն այսօր Երևանի առաջնային խնդիրներից է», - նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու հավելել, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակներում պատրաստակամ է քննարկել բոլոր այն ծրագրերը, որոնք ուղղված են մայրաքաղաքի բնակիչների բարեկեցության ապահովմանը:
Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Ժան Վապավուրին իր հերթին կարևորելով Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունն ու շնորհակալություն հայտնելով համատեղ արդյունավետ աշխատանքի համար, նկատել է, որ Հայաստանի հետ համագործակցությունն, ըստ էության, սկսվել է հենց Երևանի քաղաքապետարանի հետ փոխգործակցությունից:
«Պարոն քաղաքապետ, Երևանը մեզ համար իսկապես վստահելի գործընկեր է, և մենք պատրաստակամ ենք շարունակել ձևավորված համագործակցությունը քաղաքային տնտեսության այլ ուղղություններով ևս: Մենք բարձր ենք գնահատում Երևանի քաղաքապետարանի հետ առկա համագործակցությունը, քանզի իսկապես սահուն և արդյունավետ համագործակցության օրինակ է սա: Համատեղ բոլոր այն ծրագրերը, որ նախաձեռնվել են, իսկապես ունեցել են հաջող ընթացք ու ապացուցել իրենց արդյունավետությունը: Եվ ես լիահույս եմ, որ մեր համագործակցությունն այսուհետ ևս կլինի փոխշահավետ ու կապահովի այն արդյունքները, որոնք ակնկալվում են», - ընդգծել է Ժան Վապավուրին:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Տեսանյութ

Երևանի քաղաքապետը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների հետ