ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Երևանի պոլիկլինիկաները վերազինվում են նոր բուժսարքավորումներով

10.02.2020

Առողջապահության առաջնային օղակի ամրապնդումն ու զարգացումը առաջնահերթություն է: 2019-ին կրկնապատկվեց բժշկական սարքավորումների ձեռքբերման համար համայնքային բուժհաստատություններին տրամադրվող բյուջեն: 70 մլն դրամի փոխարեն նախորդ տարի այդ նպատակի համար հատկացվեց 146 մլն դրամ: 2020-ին, ի դեպ, այս ցուցանիշը 2018-ի համեմատ եռապատկվել է՝ կազմելով 215 մլն: Սա աննախադեպ ցուցանիշ է Երևանի համար: 

«Առաջնային օղակի նպատակն է կանխարգելիչ միջոցներով, վաղ հայտնաբերումով ախտորոշել հիվանդությունները, որպեսզի դա չդառնա քրոնիկական, ավելի չբարդանա, որպեսզի մեր քաղաքացիները ստիպված չլինեն դիմել արդեն հիվանդանոց»,- նշում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:
2019թ. երևանյան պոլիկլինիկաները համալրվել են 10-ը տեսակի 325 սարքավորումով:
«84թ.-ից այս կողմ մեր տեխնիկան չէր թարմացվել: Ընթացքում փոփոխություններ, վերանորոգումներ արվել էին, բայց չէր թարմացվել: Իսկ սա մեզ համար ուղղակի հեքիաթ է»,-ասում է «Թիվ 1 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրեն Ռուզաննա Հայրապետյանը:
«Իհարկե, անմիջական ազդեցություն ունի և՛ պոլիկլինիկայի նկատմամբ հիվանդների վստահության բարձրացման գործում, և՛ ավելի ճշգրիտ, ավելի որակյալ բուժսպասարկում ապահովելու գործում»,- նկատում է «Թիվ 17 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրեն Սաթենիկ Բադալյանը:
«2019թ. մենք ձեռք բերեցինք մանկական վաղ ախտորոշման ամբուլատոր բուժում անցկացնելու սարքեր, դրանք պուլսօքսիմետրներն են, որոնք շատ հեշտացրել են մանկաբույժների աշխատանքը՝ երեխաների առողջական վիճակն ախտորոշելու համար, և ինգալյատորներ, որոնք նաև այս շրջանում հնարավորություն են տալիս երեխաներին հենց պոլիկլինիկաներում ստանալ բուժում, որպեսզի վիճակը չխորանա»,- նշում է Սերգեյ Հարությունյանը:
Առողջապահական ոլորտում համակարգային բարեփոխումները, ըստ առաջնահերթության, կշարունակվեն նաև այս տարի: Երևանի քաղաքապետարանն ընթացիկ տարում պոլիկլինիկաներին 12 տեսակի 128 բուժսարքավորում կհատկացնի:
«Այս տարվա հաստատված բյուջեով ձեռք ենք բերելու սիրտ հետազոտելու ուլտրաձայնային սարքավորումներ: Սա պոլիկլինիկայի տեխնիկական բազայի և մատուցված ծառայությունների ընդլայնմանն ուղղված ևս մեկ քայլ է: Սրտի հետազոտությունների ծրագիրն իրականացնում ենք Հայկական սրտաբանների ասոցիացիայի հետ համատեղ և իրենք իրենց պատրաստակամությունն են ցուցաբերել՝ մասնագետների վերապատրաստման ու մեր ծառայությունն ավելի բարձր մակարդակով կազմակերպելու հարցում: Այս տարի մի քանի պոլիկլինիկաների համար նաև ձեռք ենք բերելու ժամանակակից ակնաբուժական սարքավորումներ, դա մտնում է դժվարամատչելի ծառայությունների մեջ, բայց մենք նպատակ ունենք մեր քաղաքացիներին հարմարավետ և որակյալ ծառայություններ մատուցելու հենց պոլիկլինիկաներում՝ չուղեգրելով բժշկական այլ հաստատություններ»,- ընդգծում է Երևանի փոխքաղաքապետը:
Այսօր առաջնային օղակի համար որպես առաջնային խնդիր շարունակում է մնալ շենքային պայմանների բարելավումը: Բժշկական սարքավորումների համալրմանը զուգահեռ այս տարի ևս մի շարք համաբուժարաններ կվերանորոգվեն: 2020-ին ըստ պլանի ամբողջությամբ կավարտվի նաև Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ընկերության բոլոր ենթակայանների վերանորոգման ծրագիրը:

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player