ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Երևանն ու ՄԱԶԾ-ն կշարունակեն համագործակցությունը նոր ուղղություններով

11.02.2021

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչության անդամներին՝ Դմիտրի Մարիյասինի գլխավորությամբ: 

 

Բարձր գնահատելով կառույցի հետ քաղաքապետարանի սերտ և արդյունավետ համագործակցությունը՝ Հայկ Մարությանը Հայաստանում առաքելությունն ավարտող Դմիտրի Մարիյասինին շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար, մաղթել գործնական նոր ձեռքբերումներ:

 

Քաղաքապետն ընդգծել է, որ վերջին տարիներին հաջողությամբ կյանքի են կոչվել կարևոր մի շարք ծրագրեր: Մասնավորապես, երկուստեք առանձնացվել են փողոցների ժամանակակից ու էներգաարդյունավետ լուսավորության և հետիոտնային անցումների անվտանգության բարձրացման նախաձեռնությունները, ինչպես նաև Երևանի էներգաարդյունավետության ծրագիրը, որի շրջանակում արդեն իսկ մեկնարկել է 2 մանկապարտեզի հիմնանորոգումը:

 

Հայկ Մարությանը նշել է, որ քաղաքային իշխանությունը պատրաստակամ է շարունակել և ընդլայնել փոխգործակցության ուղղությունները՝ Երևանում անվտանգ ու հարմարավետ միջավայր ստեղծելու նպատակով:

 

Դմիտրի Մարիյասինն իր հերթին կարևորել է անցած տարիների ձեռքբերումները, նաև այն ծրագրերը, որոնք շարունակական են լինելու:

 

Կողմերը քննարկել են նաև քաղաքային զարգացման մի շարք հեռանկարային ծրագրեր:

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player

x