ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Երևանում այսուհետ հրավառություններ կարվեն միայն պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների պատվերով

22.11.2022

Երևանի ավագանին այսօր կայացած նիստում սահմանեց տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջներն ու պայմանները: Նախագիծը ներկայացնող Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ սահմանված պահանջների համաձայն՝ Երևանում առկա է երկու վայր, որտեղ կարող է հրավառություն իրականացվել՝ Հանրապետության հրապարակն ու Ազատության հրապարակը: Հրավառությունն այդ վայրերում թույլատրվելու է միայն տոն օրերին՝ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ: Մասնավոր անձանց կողմից հրավառությունների իրականացումն այսուհետ կարգելվի Երևանում: Փոխքաղաքապետ Ավինյանը նաև հավելեց, որ հաշվի առնելով հանգամանքը, որ կարող են լինել նաև առանձին, բացառիկ միջոցառումներ, նման դեպքերի համար հրավառություն կարող է իրականացվել քաղաքապետի թույլտվությամբ: Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկեց նախագծին:
Խնդրին համալիր լուծում տալու նպատակով՝ Տիգրան Ավինյանի խոսքով կա նաև օրենսդրական փաթեթ, որն այսօր դրվել է շրջանառության մեջ. նախատեսվելու է հրավառ նյութերի ներմուծման արգելք՝ բացառությամբ հատուկ լիցենզավորված կազմակերպությունների:


***


Երևանի ավագանու որոշմամբ «Նոր Արեշ» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը կմիանա «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն ՓԲԸ-ին: Նախագիծը ներկայացնող Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը նշեց, որ հիմնադրման օրվանից ի վեր «Նոր Արեշ» պոլիկլինիկան չի հիմնանորոգվել, ինչի արդյունքում այսօր շենքն ունի նաև սեյսմիկ անվտանգության ապահովման կարիք, ստեղծվել են այնպիսի պայմաններ, որոնք թույլ չեն տալիս որակյալ և պատշաճ ծառայություններ մատուցել բուժհաստատությունից օգտվող շուրջ 27000 բնակիչներին: Վերակազմակերպման շրջանակում, ի դեպ, «Գրիգոր Նարեկացի» ԲԿ ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարիչ «Մաքս Մեդ» ՍՊԸ-ն պատրաստակամություն է հայտնել նոր ներդրումային ծրագիր իրականացնել բժշկական կենտրոնում, արդյունքում արտահիվանդանոցային ծառայությունից օգտվողներն ամբողջ ծավալով բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև լիարժեք ախտորոշման՝ ներառյալ դժվարամատչելի հետազոտությունների հնարավարություն կստանան:


***


Երևանի բյուջեի կատարման վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու նպատակով ավագանու որոշմամբ կներգրավվի աուդիտորական ծառայություն:


***


Ավագանու որոշմամբ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող Վիլնյուսի փողոցի 64/6 հասցեում գտնվող 159 քմ մակերեսով անավարտ բնակելի տունը և դրա զբաղեցրած 612.7 քմ մակերեսով հողամասն անհատույց տրամադրվեց (նվիրվեց) 44- օրյա պատերազմի մասնակից, ծանր վիրավորում ստացած Էրիկ Գասպարյանի ընտանիքին:

 

***


Ավագանու որոշմամբ մայրաքաղաքում կտեղադրվեն ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, հայ անվանի քանդակագործ Հովհաննես Բեջանյանի, նրա որդու՝ անվանի քանդակագործ Դավիթ Բեջանյանի, ինչպես նաև հայ անվանի դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ:


***


Երևանի հ.37 հիմնական դպրոցն անվանակոչվեց հայ բանաստեղծ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վահագն Դավթյանի անվամբ: Ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին:


***


Երևանի Արաբկիրի 51-րդ փողոցն ավագանու որոշմամբ այսուհետ կկրի դանիացի միսիոներ Մարիա Յակոբսենի անունը: Ցեղասպանության տարիներին հայ մանուկների կյանքեր փրկած Մարիա Յակոբսենը նաև հիմնել է «Թռչնոց բույն» որբանոցը՝ գաղթական ու ծնողազուրկ հայ երեխաների համար:


***


Հաշվի առնելով, որ ընթացիկ տարվա հունիսի 1-ից ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը և Երևանի համայնքային բյուջե կատարվող ցանկացած վճարում իրականացվում է անկանխիկ, ավագանու որոշմամբ չկայացած համարվեց աղբահանության վճարների կանխիկ գանձման նպատակով անդորրագրերի ձեռքբերման համար հայտարարված գնման ընթացակարգը:


***


Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի դեկտեմբերի 27-ին:

x

Alternative content

Get Adobe Flash player

x