ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Համայնքային հավաքակայանը կհամալրվի 87 MAN մակնիշի նոր ավտոբուսով. Երևանի քաղաքապետը ստորագրել է ձեռքբերման պայմանագիրը

06.05.2022

Երևանի համայնքային հավաքակայանը կհամալրվի 87 նոր ավտոբուսով: Հայտարարված միջազգային մրցույթում հաղթող է դարձել «Թեգետա Մոթորս» վրացական ընկերությունը։ Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել MAN մակնիշի նոր ավտոբուսների ձեռքբերման պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությունը: Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու Թեգետա Հոլդինգի ռազմավարական բիզնես ուղղությունների տնօրեն Իրակլի Պապիաշվիլին:


Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) աջակցությամբ իրականացվող այս ծրագիրը ևս մեկ կարևոր քայլ է՝ ուղղված Երևանում տրանսպորտային բարեփոխումների իրականացմանը: Եվրո 6 բնապահպանական չափորոշիչներին համապատասխանող 12 մետրանոց ավտոբուսներն աշխատում են սեղմված բնական գազով, նախատեսված են 94 ուղևորի համար, առանձնանում են ժամանակակից դիզայնով, անվտանգ են, լիարժեք հարմարեցված սահմանափակ հնարավորութուններով մարդկանց համար, հագեցած նորագույն տեխնոլոգիաներով։


«Այն ծրագիրը, որի վրա մենք երկու տարի աշխատում էինք, այսօր հաջողությամբ պսակվեց, մենք կնքեցինք պայմանագիր և կունենանք 12 մետրանոց ավտոբուսներ, որը կազմում է մեր երթևեկության ցանցի մի մասը: Վստահ եմ, որ այդ բարեփոխումները մեր քաղաքացիներն օր օրի տեսնելու են, իհարկե, հիմա կան դժվարություններ, խնդիրներ, մենք ամբողջությամբ տիրապետում ենք դրանց: Խնդրում եմ մեր քաղաքացիներին մի փոքր համբերություն, վստահաբար մենք կունենանք այնպիսի տրանսպորտային համակարգ, որ քաղաքացիները գոհ կլինեն»,- ընդգծել է Հրաչյա Սարգսյանն ու շնորհակալություն հայտնել Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամին, բոլոր ներդրողներին, հատկապես հիմնադրամի ամենամեծ ներդրողներ Եվրամիությանն ու Շվեդիայի Թագավորությանը, ինչպես նաև ՀՀ կառավարությանն ու ծրագրի իրագործմանը մասնակից համայնքի թիմին:


Հասարակական տրանսպորտի ոլորտում սա առաջին միջազգային մրցույթն է, որի արդյունքներով «Թեգետա Մոթորս» ընկերությունն ավտոբուսների մատակարարումը կիրականացնի երկրի սահմաններից դուրս։ Նոր համաձայնագիրը հնարավորություն կընձեռի լրացուցիչ ավանդ ունենալ նաև Հայաստանի ավտոարդյունաբերության զարգացման մեջ. նկատում են մատակարար ընկերության ներկայացուցիչները:


«Մենք շատ դրական ենք գնահատում համագործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ: Ես նախ շնորհավորում եմ Երևանի քաղաքապետին, նաև երևանցիներին, քանի որ առաջիկա ամիսներին դուք կունենաք ավտոբուսներ, որոնք տարածաշրջանում այս պահին գոնե համարժեքը չունեն: Սրանք այս կարգի ավտոբուսների ավելի կատարելագործված մոդելներն են՝ լավագույն ցուցանիշներով: Մենք պատրաստ ենք այսուհետ նույնպես համագործակցել մի շարք ուղղություններով, այդ թվում՝ կազմակերպել տեղի անձնակազմի վերապատրաստում»,- նշել է Իրակլի Պապիաշվիլին:


Ծրագիրը ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից՝ 20 միլիոն եվրո սուվերեն վարկ և 5 մլն եվրո դրամաշնորհ՝ Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամից (E5P):


«Մենք միասին սկսել ենք աշխատել էներգաարդյունավետության ոլորտում. մանկապարտեզների հիմնանորոգում, աղբի կառավարում, որը հնարավորություն կտա Երևանը դարձնել ավելի կանաչ: Հիմա արդեն մենք «կանաչ» ավտոբուսների ձեռքբերման ուղղությամբ ենք քայլեր ձեռնարկում, ունենք իսկապես լավ գործակցություն, այն շարունակական է, և դեռ շատ ծրագրեր ունենք անելու»,- նշել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:


Տրանսպորտային համակարգի նոր բարեփոխման շրջանակում համայնքը համալիր լուծումներ է նախաձեռնել տարբեր ուղղություններով: Երևանը կունենա տրանսպորտի կառավարման կենտրոն, ինչը հնարավորություն կտա վերահսկել գործընթացը, «խելացի» լուսացույցներով կառավարվող խաչմերուկներ, կշարունակվի ավտոբուսների պարկի համալրումը, կլինեն փոփոխություններ օրենսդրական դաշտում: Այս ամենի հիմքում, իհարկե, դրված է մեկ նպատակ՝ քաղաքի բնակիչներին ու հյուրերին մատուցել որակյալ ծառայություններ՝ ապահովելով վերջիններիս անվտանգ երթևեկը:


«Մենք ցանկանում ենք, որպեսզի մասնավոր օպերատորները նույնպես մասնակցություն ունենան երթևեկության կազմակերպման մեջ: Օրենքի նախագիծն այս պահի դրությամբ պատրաստ է, կառավարությունում է, շրջանառվում է և, կարծում եմ, այս տարի կհաստատվի ու հնարավորություն կտա ներգրավել մասնավոր օպերատորների, որոնք կսպասարկեն երթուղիներ: Այդ օպերատորներն, ի դեպ, կվճարվեն ոչ թե քաղաքացիների քանակով, այլև կիլոմետրերի հաշվարկով: Մեզ համար առաջնահերթությունը որակն է, ոչ թե տեղափոխված քաղաքացիների քանակը»,- ընդգծել է քաղաքապետը:


Ավտոբուսների փոխանցման առաջին փուլը կսկսվի 2022թ. վերջում և կիրականացվի մի քանի փուլերով 2022-2023 թթ. ընթացքում։

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player

x