«ՀայԱրտ»-ի զարգացման ու հիմնանորոգման մասին

14.01.2022

«ՀայԱրտ» մշակութային կենտրոնը հիմնադրվել է 1997 թվականին և տեղակայվել Մաշտոցի 7ա հասցեի շենքում:

 

2021 թվականին Երևանի քաղաքապետարանը «ՀայԱրտ»-ի զարգացման համար սկսեց նոր ծրագիր մշակել: Առաջնային խնդիրը շենքային պայմանների բարելավումն է, մյուս սրահների շահագործման հնարավորությունը:


«Մենք ստեղծում ենք ժամանակակից բովանդակություն, բայց միաժամանակ չունենք այն շենքը, որն ունի ժամանակակից հնարավորություններ»,-ասում է «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի տնօրենի ժ/պ Մարինա Կարոյանը:


«Տևական ժամանակ է՝ աշխատում ենք շենքի հիմնանորոգման տեխնիկական բնութագրի կազմման վրա: Հուսով ենք, որ նախագծանախահաշվային փաստաթղթեր պատրաստելու համար մրցույթն առաջիկայում կհայտարարվի: Հիմնանորոգումը հնարավորություն կտա առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում կենտրոնը բերել պատշաճ մակարդակի»,- նշում է Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը:


«Առաջին հերթին պետք է վերականգնվի շենքի ամբողջական օգտագործումը: Շենքը պետք է նաև անցնի վերապլանավորման, թե տրամաբանորեն ինչպես պետք է օգտագործվի, իսկ ներկա պայմանները չեն համապատասխանում միջազգային ոչ մի չափորոշիչի»,- ասում է ճարտարապետ Սևադա Պետրոսյանը:


Շենքն ունի տանիքի նորոգման, ներքին հարդարման, օդափոխության ու ջեռուցման խնդիր: Հիմնանորոգման հետ միաժամանակ նախատեսվում է նաև տեխնիկական վերազինում՝ արդիականացնել լուսավորությունը, ունենալ տեսաձայնային նոր սարքավորումներ, ինչը հնարավորություն կտա բացել կենտրոնի դռները նորարարական տեխնոլոգիաների առջև:


«Կազմվել է զարգացման ծրագիր, որը, կարծում եմ, լինելու է խոստումնալից: Ուզում ենք կենտրոնը մատուցի այնպիսի ծառայություններ, որով կկարողանա խթանել ժամանակակից արվեստն ու աջակցել ստեղծագործողներին» ,-ընդգծում է Գոշ Սարգսյանը:


Այսօր կենտրոնն իր առջև խնդիր է դրել վերականգնել «ՀայԱրտ»-ի հիմնական նպատակը՝ լինել ոչ միայն ցուցասրահ, այլև արվեստի տարբեր ժանրերի ու ոճերի ներկայացման յուրօրինակ անկյուն, հայաստանյան ու տարածաշրջանային մշակութային ամենատարբեր նախագծերի նախաձեռնող ու անցկացնող:


««ՀայԱրտ»-ն արվեստի միակ կենտրոնն է Հայաստանում: Սա մեծ բեռ ու պատասխանատվություն է, որը ենթադրում է, որ պետք է աշխատենք մշակույթի և արվեստի ապակենտրոնացման վրա, նաև արվեստն ու մշակույթը էկոլոգիական, սոցիալական, կրթական ծրագրերի հետ համադրելու ուղղությամբ», - նկատում է Մարինա Կարոյանը:


Նախորդ տարի ավելի քան 30 անուն միջոցառումները, փառատոներն ու կրթական ծրագրերը խստումնալից են այս տարվա համար: «ՀայԱրտ» մշակութային կենտրոնն այսօր ակտիվ է սոցիալական ցանցերում: Զրոյից ստեղծվել է կենտրոնի կայքը: Այս տարի կենտրոնը հանդես կգա նոր ու հարուստ մշակութային ծրագրով:

Տեսանյութ

«ՀայԱրտ»-ի զարգացման ու հիմնանորոգման մասին
Տեսնել ավելին