Հայկ Մարությանն այցելել է Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհահատվածի շինհրապարակ

24.01.2020

Երևանի օղակաձև ճանապարհի արևմտյան հատվածում, չնայած ձմեռային տարեշրջանին, շինարարական աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով։ Արգավանդ-Շիրակ ճանապարհը կունենա 2.7 կմ երկարություն, 4-6 երթևեկելի գոտի՝ միջինը 24-28 մետր լայնությամբ: Այն իրար կկապի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանները: Ծրագրի ընթացքին աշխատանքային այցի ժամանակ ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Սա մեր կարևորագույն ծրագրերից է, որը պետք է բեռնաթափի քաղաքը, նաև տա այլընտրանքային ճանապարհներ՝ քաղաքի տարբեր հատվածներ հասնելու համար: Հաշվի առնելով տրանսպորտային այն միջոցների քանակը, որը ներկրվեց վերջին երկու տարվա մեջ, սա ավելի քան անհրաժեշտություն է, սա արդեն կենսական խնդիր է Երևանի համար»,- նշում է քաղաքապետը:
Շինարարությունը մեկնարկել է նախորդ տարեվերջին՝ Ասիական զարգացման բանկի «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» տրանշ 2-ի ֆինանսավորմամբ։
Մայրաքաղաքի երթևեկությունը տրանսպորտային հոսքերից բեռնաթափելու նպատակով քաղաքապետարանը տարբեր ծրագրեր ու նախագծեր է դիտարկում: Որպես առանցքային քայլ՝ քաղաքապետ Մարությանը նաև տրանսպորտային նոր ցանցի ներդրումն է համարում:
«Քաղաքը բեռնաթափելն այսօր բոլոր մեծ քաղաքների խնդիրն է, և Երևանը նույնպես դուրս չմնաց այդ ցուցակից: Այստեղ լուծումը միայն ճանապարհաշինությունով չի ավարտվում. լուծումները պետք է համալիր լինեն: Ինձ համար, նաև ամբողջ աշխարհում դա այդպես է՝ այդ ամեն ինչի առանցքում ընկած է տրանսպորտային ցանցը: Ուստի, մենք այս ճանապարհաշինությանը համատեղ, զուգահեռ պետք է շատ կոնկրետ և արագ լուծում տանք մեր նոր տրանսպորտային ցանցի խնդրին: Այս պահին ամեն ինչ անում ենք, որ այս երկու գործընթացները զուգահեռաբար ավարտենք»,-նկատում է Հայկ Մարությանը:
Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածը ներառում է նաև Հրազդան գետի վրա 252մ երկարությամբ և 28 մետր լայնությամբ մետաղական կամուրջ, ինչպես նաև մեկ ուղեանց՝ Իսակովի պողոտա-Բաբաջանյան փողոց հատման ճանապարհային հանգույցում։ Այս պահին շինարարները կառուցում են կամրջի հիմքերը: Նոր կամուրջն, ի դեպ, կունենա անձրևաջրերի մաքրման հատուկ կայան, որը հնարավորություն կտա զտել անձրևաջրերը՝ դրանք գետ լցնելուց առաջ: Ի դեպ, այսօր Արգավանդից Շիրակի փողոց հասնելու համար վարորդները ծախսում են 25 րոպե, մինչդեռ ճանապարհն ու կամուրջը շահագործման հանձնելուց հետո այդ ժամանակը կնվազի մինչև 1-2 րոպե:
Ծրագրի ընթացքում կտեղափոխվեն անհրաժեշտ բոլոր հաղորդուղիները, իսկ լուսավորության համակարգում կտեղադրվեն էներգախնայող LED լուսատուներ: Վերահսկող կազմակերպության թիմի ղեկավար Պիեռ Մորիսը վստահեցնում է, որ աշխատանքները կավարտվեն նախատեսված ժամկետում: Շինարարությունը կտևի 21 ամիս:
Դեպի Արգավանդի խճուղի ձգվող ճանապարհն այնուհետ կմիանա Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածին: Ճանապարհի այդ հատվածը կունենա 9,4 կմ երկարություն, 4-6 երթևեկելի գոտի՝ միջինը 24 մ լայնությամբ:
Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածը նախատեսվում է շահագործման հանձնել 2020թ.: Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհն ընդհանուր առմամբ կունենա 23 կմ երկարություն և իրար կկապի մայրաքաղաքի հյուսիսային և հարավային մուտքերը:

Տեսանյութ

Հայկ Մարությանն այցելել է Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհահատվածի շինհրապարակ
Տեսնել ավելին