Հայկ Սարգսյան. բանակցությունները հասել են մետրոյի կայարանի և կամուրջի նախագծման փուլին

29.10.2019

Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

 

Աջափնյակ վարչական շրջանում մասնավոր ընկերության կողմից առևտրի կենտրոն և մետրոյի կայարան կառուցելու բանակցություններն ի՞նչ փուլում են:

 

Հայկ Սարգսյան- Բանակցությունները հասել են մետրոյի կայարանի և կամուրջի նախագծման փուլին: Ներդրողի հետ ունենք նախնական համաձայնություն, որ կֆինանսավորի հենց նախագծային փուլից՝ նախագիծ-նախահաշիվը կազմելու համար: Հետագայում կքննարկվի դրա արդյունքում ձևավորված գնի շրջանակներում մետրոյի կայարանի շինարարության հարցը՝ կայարանի վերջնակետում կառուցվող մոլի և բիզնես կենտրոնի համատեքստում՝ որպես ներդրողին առաջարկած բիզնես մոդել: Վերջերս Երևան էին այցելել նաև ներդրողի կողմից ներգրավված մետրոշինարարները, որոնք ուսումնասիրություններ իրականացրեցին թե ձորի հատվածում, թե թունելի հատվածում՝ ծրագրի նախնական իրագործելիությունը հասկանալու համար: Մենք վերջնական պայմանավորվածություն ունեցանք, որ կիրականացվի նախագիծը, կքննարկվի բիզնես մոդելը, որն իրենք կներկայացնեն մեր տված չափորոշիչների հիման վրա: Հուսով ենք՝ հաջորդ տարի գարնանից արդեն կունենանք որոշակի աշխատանքների մեկնարկ:

 

Կայարանի մի քանի վայր է քննարկվում: Ինչպե՞ս է ընտրվելու դրանցից մեկը:

 

Հայկ Սարգսյան- Այս պահին շրջանառության մեջ դրված և ներդրողի հետ քննարկվող նախագծում կայարանը կտեղակայվի Հրազդանի կիրճից դուրս եկող կամուրջի վրա՝ ժամանակակից կոնստրուկցիաներով: Կայարանի կառուցման տրամաբանությունը հետագայում նաև շարունակություն է ենթադրելու թունելային հատվածով մինչև հաջորդ կայարան: «Աջափնյակ» կայարանի կառուցման ժամկետների մասին խոսելն այժմ իրատեսական չէ, քանի որ այս պահին խնդիրը դեռևս ներդրողի դաշտում է: Մինչ նախագիծ-նախահաշիվը չստացվի և չունենանք ֆինանսական փուլի հստակ գնահատական, բիզնես մոդելի և պայմանագրի մասին չենք կարող խոսել: Միջազգային ընդունված չափանիշներով մետրոյի կառուցման 1 կմ արժեքը 100 մլն. ԱՄՆ դոլար է, բայց քանի որ մեր կայարանի թունելն արդեն առկա է, կարծում եմ, նախնական հաշվարկով խոսք կլինի նշված արժեքի կեսից էլ քիչ գումարի մասին, որն ավելի ուշ կհստակեցվի:

 

Ե՞րբ կձերբազատվի Երևանը «մահվան գազելներից»

 

Հայկ Սարգսյան- «Մահվան գազելների» խնդիրը բազմիցս քննարկվել է, վերջերս էլ թեմային մամուլի ասուլիսում անդրադարձել է առաջին փոխքաղաքապետը, տեղեկացնելով, որ մենք թևակոխել ենք կառավարության հետ ֆինանսավորման աղբյուրների քննարկման փուլ, այսինքն՝ ֆինանսական և կառուցվածքային մոդելը, կարելի է ասել, պատրաստ է: Ֆինանսավորման աղբյուրը կառավարության հետ հստակեցնելու վերջնական փուլից հետո կսկսվի ծրագրի իրագործումը, որը կենթադրի նոր տրանսպորտային ցանցի ներդրում: Մինչ այդ, գիտենք, որ կան տրանսպորտային գործող միջոցներ, որոնց օրենքով նախատեսված շահագործման ժամկետը սպառված է, և այդ շարժակազմերը պետք է թարմացվեն: Այս պահին, քաղաքապետի կարգադրությամբ, մեր թիմը, առաջին տեղակալի համակարգմամբ, ձեռնամուխ է եղել նոր շարժակազմի ներգրավման, ներմուծման աշխատանքներին: Դրված է նպատակակետ, որ հաջորդ տարի, մինչ ամբողջական ցանցի ներդրումը, գոնե ներմուծվի որոշակի ավտոբուսային խմբաքանակ, որպեսզի այս խնդիրը կարողանանք լուծել:

 

Մինչև հաջորդ ընտրությունները խնդիրը լուծված կլինի՞:

 

Հայկ Սարգսյան-Այո, կարծում եմ, տրանսպորտային խնդիրը մինչև հաջորդ ընտրությունները Երևանում լուծված կլինի: Նոր ցանցը ներդրված կլինի:

 

«Սանիթեքի» հետ կապված վեճը հասնում է արդեն արբիտրաժային դատարան: Ի՞նչ ակնկալիքներ ունեք:

 

Հայկ Սարգսյան- Ես մի անգամ ասել եմ, այժմ կրկնեմ. եթե քաղաքապետարանը ունենար կասկածներ, որ իր հիմնավորումները կայուն և ուժեղ չեն, ապա քաղաքապետարանը չէր գնա այդ պայմանագրի խզմանը: Ուստի, մեր գործողություններն արդեն իսկ բացատրում են մեր դիրքորոշման ամրությունը՝ համենայնդեպս, մեր տեսանկյունից և մեր իրավական բլոկի տեսանկյունից:

 

Այսինքն՝ նոր օպերատոր չի՞ լինելու, քաղաքը սպասարկելու է համայնքային հիմնա՞րկը:

 

Հայկ Սարգսյան- Այո, այս պահին դեռևս չի քննարկվում նոր օպերատորի ներգրավման հավանականությունը, քանի որ սանմաքրման և աղբահանության ամբողջական փուլը դեռևս ավարտված չէ: Այո, աղբահանությունը կարգավորված է, բայց սանմաքրման բաղադրիչը դեռևս ավարտված չէ, որովհետև դեռ շարունակում ենք աշխատուժի և տեխնիկայի համալրումը՝ ներառյալ նաև փոշեկուլների, այնպես որ, այս փուլը դեռ ավարտված չէ: Երբ ունենանք, այսպես ասած, «գծերի վրա դրված» ամբողջական համակարգ, այդ ժամանակ պատրաստ կլինենք քննարկելու նաև այլ օպերատորի ներգրավման հավանականությունը:

Լուսանկարներ

Տեսնել ավելին