Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Արաբկիր վարչական շրջանում

01.11.2017

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Արաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակում ծանոթացել է «Արաբկիր» զբոսայգում կյանքի կոչվող «ԱլտերԷգո» նախագծի իրականացման աշխատանքների ընթացքին: Քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում «Գրին սմայլ» ընկերության կողմից իրականացվող ծրագրով «Արաբկիր» զբոսայգում կառուցվել է զիփլայն, որն ամենաերկարն է տարածաշրջանում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ պատասխանատուները նշել են, որ զիփլայնն ունի երկու ուղղություն՝ Արաբկիրից դեպի Աջափնյակ վարչական շրջան՝ շուրջ 870 մ, և Աջափնյակից Արաբկիր՝ 650 մ: Նշվել է նաև, որ զիփլայնի բարձրությունը 87 մետր է, դրա մի հատվածն էլ, ի դեպ, անցնում է Դավթաշենի կամրջի տակով: 

Ներկայացնելով ներդրումային ծրագրի շրջանակում իրականացվելիք մյուս աշխատանքները՝ նշվել է, որ զիփլայնից բացի, զբոսայգում նախատեսվում է ունենալ նաև ժայռագնացության, լեռնային հեծանիվների, յոգայի համար նախատեսված հատվածներ, ինչպես նաև գրադարան, բացօթյա կինոթատրոն և նկարչության համար նախատեսված հատուկ վայրեր: Բացի այդ, այգում կստեղծվեն փոքրիկների համար նախատեսված խաղահրապարակներ: Պատասխանատուները նաև նշել են, որ այգում կտեղադրվի ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձան:
Նշվել է, որ նախագիծը կյանքի կոչելու համար արդեն իսկ ծախսվել է շուրջ 80 մլն դրամ, իսկ մինչ ծրագրի ավարտը նախատեսվում է կատարել ևս 45-50 մլն դրամի ներդրում:
Առանձնակի կարևորելով ներդրումային ծրագրի իրականացումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ աշխատանքների ավարտից հետո զբոսայգին կդառնա ոչ միայն Երևանի, այլև Հայաստանի զբոսաշրջային կարևոր գոտիներից մեկը: 2017թ. սկզբին մեկնարկած «ԱլտերԷգո» նախագիծն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել 2018թ. վերջին, իսկ մինչ այդ, արդեն շուտով շահագործման կհանձնվի տարածաշրջանի ամենաերկար զիփլայնը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Արաբկիր վարչական շրջանում
Տեսնել ավելին