ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել աշխատակազմին՝ համավարակի ընթացքում նվիրված աշխատանքի համար

14.09.2020

Համավարակի պատճառով տևական ընդմիջումից հետո այսօր քաղաքապետարանում կայացել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որը վարել է քաղաքապետ Հայկ Մարությանը: Մինչ քաղաքային տնտեսության ոլորտներին անդրադառնալը՝ քաղաքապետը շնորհավորել է առաջին դասարանցիներին՝ մաղթելով նրանց հաջողություններ ուսման մեջ: 

«Մեր աշխատանքն է՝ ամեն ինչ անել, որպեսզի մեր ամենափոքրիկներն այս ամեն ինչը հիշեն՝ որպես կյանքի ինչ-որ հետաքրքիր պահ, ոչ թե դժվարությունների, պարտադրանքների կամ զրկանքների մի ժամանակահատված: Շատ կարևոր է, որ մեծ ուշադրություն լինի հենց առաջին դասարանցիներին, այն փոքրիկներին, որոնք առաջին անգամ են գնում դպրոց: Իրենք պետք է սիրեն դպրոցը, սիրեն ուսումը, որովհետև միայն իրենցից է կախված մեր ապագան»,- նշել է քաղաքապետը:
Արտակարգ դրության պայմաններում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմն ու համայնքային կառույցներն աշխատել են ամենօրյա ժամանակացույցով: Քաղաքապետ Մարությանը շնորհակալություն է հայտնել աշխատակազմին՝ նվիրումի ու պատասխանատվության համար:
«Չի եղել պահ, որ ինչ-որ մի ոլորտ թերանա, չնայած եղել են պահեր, որ բռնկումներ ենք ունեցել: Շնորհակալություն եմ հայտնում այս ծանր պայմաններում նվիրված, առանց նահանջելու աշխատանքի համար, որպեսզի մեր բնակիչներն ընդհանրապես չզգան, որ ինչ-որ խնդիրներ են առաջացել համակարգի ներսում: Սա այն ժամանակահատվածն էր, որ մենք պետք է ընկալեինք դժվարությունները, հասկանայինք խնդիրները, ինչպես ենք հաղթահարում այդ խնդիրները և հիմա արդեն սկսենք աշխատել, որ, այո՛, այս պայմաններում, մենք մեր աշխատանքը կատարենք բնականոն հունով»,- ընդգծել է քաղաքապետը:
Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում նախատեսված ծրագրերն ընթանում են ըստ ժամանակացույցի: Քաղաքապետին զեկուցվել է, որ ընթացքում է Բաբաջանյան-Աշտարակ և Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհահատվածի շինարարությունը: Ավարտին է մոտենում աղբամանների գնման գործընթացը. մայրաքաղաքում ընդհանուր առմամբ արդեն իսկ տեղադրվել է շուրջ 8700 նոր աղբաման: Համայնքային իշխանության, համատիրությունների ու բնակիչների համագործակցությամբ Երևանի վարչական շրջաններում բազմաբնակարան շենքերի աղբամուղերը փակելու աշխատանքներ են տարվում: Դրանց փոխարեն շենքերի մոտակայքում տեղադրվում են անհրաժեշտ քանակության նոր աղբամաններ։ Սահմանված ժամանակացույցով շարունակվում է նաև վերելակների փոխարինման ծրագիրը: 2020թ. մայրաքաղաքում նորերով կփոխարինվի շուրջ 500 վերելակ:
«Ես պահանջում եմ բոլորից, որ ոչ թե արձանագրենք խնդիրները, այլ առաջարկենք հստակ լուծումներ: Մենք իրավունք չունենք սխալ արդյունքներ ցույց տալ: Ամեն տվյալ, ամեն դեպք, ամեն իրադարձություն պետք է զեկուցվի հստակորեն: Չեմ հանդուրժելու լղոզված զեկույցներ, որովհետև դա ինձ չի վնասելու, այլ՝ համայնքին, իսկ ես համայնքին վնաս տալու իրավունք չունեմ»,- ընդգծել է քաղաքապետը:

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player