Կայացել է Երևանի ավագանու 9-րդ նստաշրջանի 1-ին նիստը

13.09.2022

Ադրբեջանական ռազմական լայնածավալ սադրանքի հետևանքով ՀՀ պետական սահմանի առանձին հատվածներում ստեղծված լարված իրավիճակով պայմանավորված՝ Երևանի ավագանու 9-րդ նստաշրջանի 1-ին նիստը մեկնարկել է խմբագրված օրակարգով:

Հրատապության կարգով օրակարգում ընդգրկվել են այն հարցերը, որոնք անհրաժեշտ են մայրաքաղաքի բնականոն կյանքն ապահովելու համար:
Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում Եվրասիական բանկի վարկային ծրագրով նախատեսված է ոռոգման ներքին ցանցի շինարարություն, որի արժեքը շուրջ 160 մլն դրամ է: Հաշվի առնելով, որ արժեքի 10%-ը հանդիսանում է համայնքի պարտադիր համաներդրման չափը և համայնքն այդ հնարավորությունը չունի, ավագանու որոշմամբ միջոցները կտրամադրվեն Երևանի բյուջեի պահուստային ֆոնդից: Երևանը տարբեր նախաձեռնություններով գտնվում է փոքր համայնքների կողքին, և այս դրամաշնորհը դրա հերթական վկայությունն է:
***
Երևանի ավտոբուսային հավաքակազմը կհամալրվի ևս 15 նոր ավտոբուսով: Ավագանին հավանություն տվեց բյուջեում փոփոխություն կատարելու որոշման նախագծին, որով այդ նպատակին կհատկացվի 663 մլն դրամ:
Բացի այդ, վերոնշյալ նախագծով նաև 44-օրյա պատերազմի ժամանակ անհայտ կորած կամ Ադրբեջանի կողմից գրավյալ տարածքներում մնացած ավտոմեքենաների առումով արտոնություններ կտրամադրվեն պատերազմի մասնակիցներին և զոհվածների ընտանիքներին:
Նույն նախագծով «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկին էլ շուրջ 2 մլրդ դրամ կհատկացվի՝ հարկային պարտավորությունները մարելու համար:
***
Երևանի ավագանին հաստատել է նաև քաղաքի գլխավոր հատակագծի նախագծի մշակման նախագծային առաջադրանքը:
***
Նիստի վերջում, անդրադառնալով ադրբեջանական ռազմական լայնածավալ սադրանքի հետևանքով ծավալված մարտական գործողություններին, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կոչ է արել լինել միասնական ու միահամուռ ուժերով լուծումներ տալ երկրի առջև ծառացած խնդիրներին:
«Երեկվանից մարտական գործողություններ են սկսվել։ Իմ կոչն է բոլորին՝ անկախ քաղաքական դիրքորոշումներից, միահամուռ ուժերով կանգնած լինել մեր երկրի ղեկավարի կողքին, ու այն մարտահրավերները, որ ունենք, համատեղ լուծումներ տալ: Ինչպես Վազգեն Սարգսյանն էր ասում. «Աթոռի համար, տղերք, կռիվ մի արեք, կռիվ արեք հողի համար, որ հետո աթոռը դնեք էդ հողին»։ Մենք արդեն մի անգամ այս փորձությունը ունեցել ենք և պետք է այդ սխալներից դասեր քաղենք ու փորձենք համատեղ ուժերով այդ խնդիրները լուծել: Մեր մեջքին կանգնածը միայն մեր բանակն է, մենք մեր հույսը պիտի դնենք միայն մեր բանակի վրա: Մեր պատմությունն ու վերջին տարիներին եղած իրադարձությունները թույլ են տվել, որ գանք այդ եզրահանգմանը»,- ընդգծել է քաղաքապետը:
Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի հոկտեմբերի 18-ին:

Լուսանկարներ