Կայացել է Երևանի ավագանու հերթական նիստը

19.04.2022

Մայրաքաղաքում սանմաքրման խնդիրներին ավելի արդյունավետ լուծում տալու նպատակով Երևանի 12 վարչական շրջանների սանիտարական մաքրումն ապահովող շուրջ 300 աշխատակիցների թիվը կավելանա ևս 200-ով: Այսօր կայացած նիստում ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին: Արդյունավետ կառավարում ապահովելու, ինչպես նաև աշխատանքների նկատմամբ մշտական վերահսկողություն սահմանելու նպատակով էլ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում կլինեն կառուցվածքային փոփոխություններ:

 

***


Կենտրոն վարչական շրջանի Մայիսյան փողոցն այսուհետ կկրի թատրոնի և կինոյի անվանի դերասան, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի անունը: Երևանի ավագանին հավանություն տվեց նաև Նուբարաշենի 13-րդ փողոցը «Նոր Զմյուռնիա», ինչպես նաև Բագրևանդի փողոցից մինչև Թևոսյան փողոց ձգվող ճանապարհահատվածը հայտնի վիրաբույժ, սրտաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Միքայելյանի անվամբ անվանակոչելու որոշման նախագծերին:


***


Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքում կտեղադրվեն դրամատուրգ, ռադիոթատրոնի հիմնադիր Գրիգոր Չալիկյանի, կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սերգեյ Աղաջանյանի, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Պարթև Մարգարյանի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Լաերտ Վաղարշյանի, պատմաբան, պետական, հասարակական, քաղաքական գործիչ Լյուդվիգ Ղարիբջանյանի, ինչպես նաև անվանի բանաստեղծ, պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Հովհաննեսի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ:


***


Մայրաքաղաքում մարզական կյանքի աշխուժացման և արդյունավետ կառավարման նպատակով Երևան համայնքը ոլորտում նախաձեռնել է կառուցվածքային ու բովանդակային փոփոխություններ: Օրակարգի մեկ այլ հարցով Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժինը կվերափոխվի վարչության: Այս կերպ հնարավոր կլինի արդյունավետ ծրագրեր իրականացնել՝ սպորտի, ֆիզիկական կուլտուրայի և երիտասարդության ոլորտներում:
Խոսելով առաջիկա անելիքների մասին՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը տեղեկացրել է երկու կարևոր նախաձեռնության մասին. Աջափնյակ և Էրեբունի վարչական շրջանների մարզադպրոցներն իրենց աշխատանքները կազմակերպում են հանրակրթական դպրոցներում, նաև մասնավոր տարածքներում: Խնդրին լուծում տալու նպատակով այժմ քայլեր են ձեռնարկվում համապատասխան տարածք ընտրելու՝ Աջափնյակում ու Էրեբունիում նոր մարզակայան կառուցելու համար:


***


Ավագանու որոշմամբ Երևանի բյուջեից 22 մլն 330 հազար դրամ կհատկացվի պատերազմի հետևանքով Հայաստանում գտնվող քաղաքացիներին մշտական բնակության վայր տեղափոխման համար:


***


Երևանի ավագանու հաջորդ՝ հերթական նիստը կգումարվի մայիսի 24-ին: