Կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի

04.11.2022

Երևանի կենդանաբանական այգին ունի նոր բնակիչներ: Կենդանիների մեծ ընտանիքը համալրվել է աֆրիկյան ջայլամներով, ամուրյան վագրով, շիկա-մոխրագույն կենգուրուներով: Հարստացել է նաև թռչունների կազմը՝ պսակակիր կռունկներով ու թագավորական փասիանով: Այգու ամենախորհրդավոր անկյունում ևս նոր բնակիչներ կան՝ գենետան, կայմանը և մի շարք այլ կենդանատեսակներ:

«Կարմիր» գրքում գրանցված հայկական մուֆլոնների, բեզոարյան այծերի, եվրոպական եղնիկների ձագերն այս տարի ծնվել են հենց այգում: Կենդանաբանական այգում էր ծնվել նաև Աֆֆինան: Փոքրիկ առյուծին արդեն կարող են այցելել ու տեսնել բոլորը: Նա այժմ բնակվում ու ցուցադրվում է սպիտակ առյուծի հարևանությամբ:
Կենդանատեսակների համալրմանը զուգահեռ՝ այգին նորոգվում է, որպեսզի կենդանիների համար պայմանները լինեն առավել հարմարավետ: Արդեն լուծվել է ոռոգման և խմելու ջրի խնդիրը, փոխվել են որոշ ազատավանդակների ապակիները, նորոգվում են տանիքները: Նորոգվում է նաև կերախոհանոցը, փոխվում տեխնիկան:
Լուծվել է նաև այգու լուսավորության խնդիրը. տարածքն այժմ երեկոյան ամբողջությամբ լուսավոր է: Այգում փոխվում են նաև կողմնորոշող և կենդանիների մասին տեղեկատվական ցուցանակները:
Տարածքը նաև կանաչապատվում է: Նախատեսվում է հետագայում այգու ամբողջ տարածքի արտաքին պատնեշի, ազատավանդակների և աշխատանքային շինությունների վերակառուցում ու նորացում: Այգին կհսկվի տեսահսկման ժամանակակից սարքերով, կներդրվի էլեկտրոնային տոմսային համակարգ:
Կենդանաբանական այգում կուտակված խնդիրներն աստիճանաբար կլուծվեն: Հաջորդիվ արդեն ռազմավարական զարգացման ծրագրերն են:
Երևանի կենդանաբանական այգին համագործակցում է միջազգային մի շարք կառույցների հետ: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդմոնդ Ղազարյանը վերջերս մասնակցել է Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների միջազգային ասոցիացիայի (ԵԱԶԱ) տարեկան կոնֆերանսին, ունեցել մի շարք հանդիպումներ: Առաջիկայում Հայաստան կայցելեն մասնագետները՝ քննարկելու միջազգային ասոցիացիայի լիիրավ անդամ դառնալու առաջնային անելիքները:

 

Տեսանյութ

Կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
Տեսնել ավելին