Կկիրառվեն կադրային քաղաքականության վարման նոր սկզբունքներ ու մոտեցումներ. վերապատրաստման դասընթացներ՝ Երևանի քաղաքապետարանում

05.08.2022

Երևանի քաղաքապետարանը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ նախաձեռնել է նոր ձևաչափով վերապատրաստում, որին մասնակից են ոչ միայն քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության, այլև 12 վարչական շրջանի այն աշխատակիցները, որոնք կցված են կադրային գործի վարմանը: Մեկշաբաթյա ուսուցումից հետո կվերապատրաստվի ավելի քան 20 աշխատակից:

«Արագորեն զարգացող աշխարհում անհրաժեշտություն է առաջացել վերանայելու կադրային քաղաքականություն վարելու սկզբունքները և մոտեցումները, որոնք ենթադրում են, որ մարդկային ռեսուրսների կառավարումը աշխատակազմի կառավարման մոտեցում է: Այն գործառույթը, որն իրականացնում է մարդկային ռեսուրսների կառավարման աշխատակիցը, պետք է լինի մրցունակ՝ մասնագիտական գիտելիքների տեսակետից: Մեր նախաձեռնած բարեփոխումների ռազմավարությունն ունի մեկ նպատակ. ապահովել գործատուի բրենդավորում, որում կարևոր դերակատարը հենց աշխատակիցն է, ինչպես նաև այդ ամենում արտացոլված կլինեն ոչ միայն համակարգի արժեքները, այլև հանրության շրջանում կձևավորվի ճիշտ կարծիք տվյալ կառույցի վերաբերյալ»,- ընդգծում է Երևանի քաղաքապետի խորհրդական Մերի Մարգարյանն ու հավելում, որ նման ձևաչափով աշխատանքը հնարավորություն կտա գործատուին ներկայացնել ամփոփ և գրագետ տեղեկատվություն, ինչն իր հերթին կնպաստի ճիշտ որոշումների կայացմանը:
«Ի դեպ, մեր այս նախաձեռնության հանդեպ մեծ հետաքրքրություն կա պետական այլ գերատեսչությունների շրջանում: Երևանի քաղաքապետարանը բաց է փորձի փոխանակման գործում և, կարծում եմ, քաղաքապետարանի մարդկային ռեսուրսների կառավարման նոր ձևաչափն ու մոտեցումը կլինի նախադեպային, ինչպես նաև մոտիվացիայի աղբյուր՝ այլ գերատեսչությունների համար: Մեր գերակա շահը պետության շահն է. ի վերջո, եթե պետական համակարգն աշխատում է արդյունավետ, ապա պետությունը զարգանալու հնարավորություն է ստանում»,- նկատում է Մերի Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունն, ի դեպ, ամբողջովին անցում է կատարում թվայնացման և նոր համակարգերի ներդրման: Գործընթացը շատ շուտով նկատելի կլինի աշխատանքների արդյունավետ կազմակերպմամբ և որակյալ ծառայությունների մատուցմամբ:

Լուսանկարներ