ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Մայրաքաղաքի Նորագավիթ թաղամասի հարակից տարածքում գտնվող վարելահողերի օգտագործողների սեփականության իրավունքը պետականորեն կգրանցվի

26.04.2017

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի մասնակցությամբ Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել մայրաքաղաքի Նորագավիթ թաղամասի հարակից տարածքում գտնվող վարելահողերի փաստացի օգտագործող հանդիսացող բնակիչների հետ աշխատանքային հանդիպում-քննարկում: Հադիպման նպատակը Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ստեղծված աշխատանքային խմբի ուսումնասիրությունների արդյունքների ամփոփումն էր: Հարկ է նշել, որ աշխատանքային խումբը շուրջ մեկ տարի ուսումնասիրել է տվյալ հողամասերի նկատմամբ քաղաքացիների սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու խնդրի հետ կապված հարցերը, և այսօր արդեն բնակիչներին են ներկայացվել լուծման հստակ տարբերակները:

Առանձնակի կարևորելով խնդրի կարգավորումն ու քաղաքացիների սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու գործընթացը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է հնարավորին կարճ ժամկետում բնակիչների հետ սերտորեն աշխատելով այն հասցնել ավարտին:
«Այս խնդիրը, որ ձեր կողմից բարձրացվել է տասնամյակներ շարունակ, այսօր արդեն, ըստ էության, լուծում է ստանում: Անցած շուրջ մեկ տարվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի և Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ստեղծված համատեղ աշխատանքային խումբը բավականին ծավալուն աշխատանք կատարեց՝ վերհանելով ելակետային հնարավոր բոլոր տվյալներն ու ամփոփելով դրանք՝ քաղաքացիների իրավունքների ձևակերպման և հարցի վերջնական լուծման հստակ տարբերակներ առաջարկեց: Այսօր կարող ենք փաստել, որ աշխատանքային խումբն ամբողջությամբ ավարտել է ուսումնասիրությունները, որի արդյունքում արդեն կարող ենք սկսել Նորագավիթ թաղամասի հարակից տարածքում գտնվող վարելահողերի օգտագործողների սեփականության իրավունքի գրանցման գործընթացը: Եվ համոզված եղեք, սիրելի բնակիչներ, որ մինչև վերջին հողակտորի պետական գրանցման խնդիրն ամբողջությամբ լուծելու ենք», - նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ այսպիսով մայրաքաղաքում առկա գյուղատնտեսական նշանակության հողերի պետական գրանցման հետ կապված խնդիրը կհամարվի ամբողջությամբ լուծված՝ հաշվի առնելով, որ մյուս վարչական շրջաններում նմանատիպ խնդրի լուծման աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում:
ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանն էլ իր հերթին վստահեցրել է, որ կարվի հնարավորը, որպեսզի Նորագավիթ թաղամասին հարակից տարածքում գտնվող հողամասերն օգտագործող անձանց սեփականության իրավունքի գրանցման գործընթացը կազմակերպվի արագ:
«Պարոն քաղաքապետ, Ձեր այս նախաձեռնությունն իսկապես անչափ կարևոր ու սպասված էր Նորագավթի բնակիչների համար: Սա տասնամյակների լուրջ խնդիր էր, որն իր վերջնական լուծումը ստանում է առավելապես Ձե՛ր հետևողականության շնորհիվ»,- նշել է Մարտին Սարգսյանը:
Հանդիպման շրջանակում բնակիչներին մանրամասն ներկայացվել է նաև սեփականության իրավունքի գրանցման վերաբերյալ ընթացակարգը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ գործընթացի հետ կապված հնարավոր բոլոր հարցերի դեպքում բնակիչները կարող են դիմել Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման և իրավաբանական վարչությունների պետերին, իսկ ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում էլ պատասխանատուն կլինի վերահսկողության վարչության պետը:
Շնորհակալություն հայտնելով բարձրացված խնդրին ի վերջո վերջնական լուծում տալու համար՝ հանդիպմանը ներկա բնակիչները նկատել են, որ սա իսկապես երկար սպասված որոշում էր, քանի որ տասնամյակներ շարունակ վարելահողերի փաստացի օգտագործող հանդիսանալով՝ զրկված են եղել սեփականության իրավունքը գրանցելու հնարավորությունից:
Հարկ է նշել, որ խնդիրը ծագել է դեռևս 1990-ականների սկզբին, երբ Երևանի ժողովրդական պատգամավորների Շահումյանի տեղական խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի կողմից նախկին կոլտնտեսության աշխատակիցներին տրվել են հողի սեփականության իրավունքի ժամանակավոր վկայականներ, սակայն այդ վկայականները հետագայում չեն փոխարինվել հողի սեփականության իրավունքի պետական ակտերով, ի սկզբանե չեն եղել նաև հողամասերի հատակագծեր:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player