Մայրաքաղաքում ընթացքի մեջ են ամանորյա տոնական ձևավորման աշխատանքները

21.11.2022

Ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այս օրերին որոշ փողոցներում ժամանակավորապես դադարեցվում է երթևեկությունը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ գործընթացը համակարգող Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, պատճառված անհարմարությունների համար հայցելով քաղաքացիների ներողամտությունը, համոզմունք է հայտնել, որ վերջնարդյունքում կարդարացվեն երևանցիների սպասումները և մայրաքաղաքն այս տարի կառանձնանա գեղարվեստական լուսավորության ինքնատիպ լուծումներով: Նշվել է նաև, որ հնարավորության դեպքում ձևավորման աշխատանքները կազմակերպվում են գիշերային ժամերին՝ երթևեկությանը չխոչընդոտելու համար:

 

***


Հաշվի առնելով, որ Ամանորին ընդառաջ մայրաքաղաքում ակտիվանում է փողոցային առևտուրը, Երևանի քաղաքապետը հանձնարարել է հետևողական աշխատանքներ իրականացնել՝ դեպքերը հայտնաբերելու և երևույթը բացառելու ուղղությամբ:

 

***


Երևանի քաղաքապետարանը շարունակում է տնտեսվարողների ծանուցման գործընթացը՝ անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ: Զեկուցվել է, որ բազայում առկա 14167 տնտեսվարողից ավելի քան 95 %-ն արդեն ծանուցվել է: Հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել գործընթացը՝ հաշվի առնելով, որ ձմռան ամիսներին ևս սահմանված կարգի համաձայն տնտեսվարողները պարտավոր են մայթերը մաքրել ձյան ու սառույցի կուտակումներից:


***


Սարի թաղի 16 փողոց ապահովվել է գիշերային լուսավորությամբ: Տեղադրվել է 220 LED լուսատու:
Ավարտվել են նաև Եռաբլուր զինվորական պանթեոնի օղակաձև ճանապարհի երկրորդ հատվածի արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները:

 

***


Համայնքային միջոցներով կհամալրվի «Էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը: 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուս մինչև տարեվերջ կլինեն Երևանում:
Ընթացքի մեջ է նաև «Zhong Tong» մակնիշի 150 և «MAN» մակնիշի 87 նոր ավտոբուսների ներկրման գործընթացը: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է արդեն իսկ սկսել վարորդների հավաքագրումը: