«Մենք պետք է ապահովենք մեր տղաների թիկունքը՝ ավելի շատ աշխատելով». Հայկ Մարության

28.09.2020

Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, մինչ օրակարգային հարցերին անցնելը, քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է այս օրերին տարբեր ուղղություններով սոցիալական աջակցության ծրագրեր իրականացնելու համար հստակ քայլեր ձեռնարկել: 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Դավիթ Համբարյանը նշել է, որ բոլոր այն աշխատակիցները, որոնք կամավոր կամ աշխարհազորի կազմում են և մեկնում են ռազմաճակատ, աշխատանքային օրենսդրությամբ կպահպանեն իրենց աշխատատեղերը: Անհրաժեշտության դեպքում այդ տեղերը ժամանակավորապես կլրացվեն:
«Ռազմական դրությունը և ընդհանրապես այն, ինչ կատարվում է հիմա, բոլորիս թիվ մեկ խնդիրն է: Բայց դրա հետ մեկտեղ մենք իրավունք չունենք քաղաքում գործընթացները դանդաղեցնել, փոխել կամ վատթարացնել: Երևանի բնակիչը պետք է տեսնի, որ քաղաքային իշխանությունը գործում է 100%-ով, և դա նաև նրանց բոլորին կտա հանգստություն, համոզմունք, որ ամեն ինչ նորմալ է, հսկողության տակ է և բնականոն հունով աշխատանքներն ընթանում են: Եթե քաղաքում ինչ-որ աշխատանք տապալվի, ապա դա ուղղակի հարվածելու է ռազմաճակատի մեր գործողություններին: Իսկ, եթե այստեղ ամեն ինչ արվում է ժամացույցի պես՝ մարդիկ գիտեն, որ ամեն ինչ նորմալ է գոնե իրենց տներում: Մենք պետք է ապահովենք թիկունքը մեր տղաների: Իրենք պետք է հանգիստ լինեն, որ իրենց ընտանիքները, որոնք ապրում են Երևանում, ապահովված են»,- նշել է քաղաքապետը:
Քաղաքապետ Մարությանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքային իշխանությունն իր ողջ ներուժով ու ենթակառուցվածքներով պատրաստ է Հայրենիքի պաշտպանությանը միտված անհրաժեշտ գործողություններին։

Տեսանյութ

«Մենք պետք է ապահովենք մեր տղաների թիկունքը՝ ավելի շատ աշխատելով». Հայկ Մարության