Մի լուսանկարի պատմություն. ինչպե՞ս երևանյան տրանսպորտի ախտահանման լուսանկարը հայտնվեց The Guardian-ի լավագույն լուսանկարների շարքում

23.03.2020

Բրիտանական «Դը Գարդիան» (The Guardian) պարբերականը հանգստյան օրերի լավագույն լուսանկարների շարքում հրապարակեց Երևանի հասարակական տրանսպորտի ախտահանման կադրերից մեկը: Հեղինակը Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ Արթուր Հարությունյանն է:

«Արդեն 8 տարի է՝ զբաղվում եմ լուսանկարչությամբ: Աշխատելով Երևանի քաղաքապետարանում՝ հիմնականում լուսանկարում եմ պաշտոնական հանդիպումներ, քննարկումներ, որտեղ ստեղծագործելու հնարավորությունն ավելի քիչ է: Այդ օրն աշխատում էինք արագ և արտակարգ ռեժիմով, ու առաջին պահին այդ տեսարանը հիշեցնում էր ֆիլմից մի դրվագ: Մեր առջև խնդիր էր դրված՝ հնարավորին շուտ քաղաքացիներին տեղեկացնել ախտահանման աշխատանքների մասին: Լուսանկարն ստացվեց պատահաբար ու մեր թիմային աշխատանքի շնորհիվ: Օպերատորը տրոլեյբուս էր բարձրացել հակառակ մուտքից, տեսնելով լույսի հետաքրքիր անդրադարձը, շտապեցի գրանցել պահը»,-պատմում է Արթուր Հարությունյանը:
Այսօր Երևանի քաղաքապետարանի լրատվականը շարունակում է աշխատանքը՝ առաջինը հանրությանը ներկայացնելով քաղաքային կյանքի կարևոր իրադարձություններն ու նաև նոր կորոնավիրուսի կանխարգելմանը միտված քաղաքային իշխանության միջոցառումները:
Խնդրում ենք հետևել պաշտոնական լրահոսին:

Տեսանյութ

Մի լուսանկարի պատմություն. ինչպե՞ս երևանյան տրանսպորտի ախտահանման լուսանկարը հայտնվեց The Guardian-ի լավագույն լուսանկարների շարքում