Նոր էկոպարկ ու 10 հա անտառվերականգնում. քաղաքի կանաչ ծրագրերը

09.09.2022

Երևանի բնապահպանական միջավայրի բարելավում, կանաչ զանգվածի ավելացում՝ նոր ու արդյունավետ լուծումներով: Սա քաղաքային իշխանության գլխավոր ու կարևորագույն խնդիրներից մեկն է:

«Կանաչապատումն սկսում է ոռոգման համակարգով, որը մեծ խնդիր է քաղաքում: Քաղաքապետարանը, իհարկե, փոխում է հին խողովակաշարերը, բացի այդ ՀՈԱԿ-ն իր հերթին այս տարի շուրջ 20 կմ ոռոգման ցանց է անցկացրել քաղաքում»,-ասում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:
Ոռոգման նոր համակարգ է անցկացվել քաղաքի այգի-պուրակներում, մայթեզրային հատվածներում, որոշ տեղերում էլ՝ ընդլայնվել: Ոռոգման նոր համակարգ կունենա նաև քաղաքային տնկարանը: Այստեղ է աճեցվում մայրաքաղաքի կանաչապատման համար նախատեսված բույսերի մեծ մասը: Մինչդեռ ոռոգումը դեռևս ձեռքով է արվում:
«Ջերմոցային տնտեսությունը չունի ավտոմատացված ոռոգման համակարգ: Հիմա մենք աշխատանքներ ենք սկսում ավտոմատացված անձրևացնող ոռոգման համակարգ ստեղծելու համար, որը շատ կարևոր է բույսերի աճեցնելիս, և 2-րդ, որը ևս կարևոր է, մենք աշխատուժ ենք խնայում այստեղ»,-ասում է Բեգոյանը:
Երևանի ջերմոցային տնտեսությունում նախապատրաստվում են երկու խոշոր նախագծի: Մեկը կլինի հենց այստեղ: Տնկարանի հարևանությամբ համայնքը մտադիր է հիմնել նոր էկոպարկ՝ խորհրդային շրջանից հետո երկրում առաջինը: 8 հա-ից 3-ն արդեն մաքրվել ու նախապատրաստվել է:
«Տարածքից դուրս է բերվել մոտ 40 բեռնատար մեքենա աղբ: Նախկինում թեղուտի վերաճ էր այստեղ և քաղաքից բերված էտի կույտեր»,-ասում է Մամիկոն Սահակյանը:
Երևանյան, այսպես ասած, բուսաբանկան կենտրոնը կլինի ուսումնական յուրօրինակ կենտրոն. այստեղ կաճեցվեն թանկարժեք ու բացառիկ բուսատեսակներ, որոնք հետագայում կբազմացվեն տնկարանում և կտեղափոխվեն Երևանի կանաչ տարածքներ, նաև կվերածվի զբոսաշրջային նոր անկյան:
Երևանի քաղաքապետարանը լայնածավալ միջոցառումներ է ձեռնարկում՝ վերականգնելու քաղաքի երբեմնի անտառային գոտիները՝ մոտ 10 հա մակերեսով: Բազմիցս քննարկված նախագիծը կիրականացվի կանաչապատման քաղաքային կազմակերպության ուժերով: Ծառատունկը կլինի արդեն այս աշնանը:
«Նախատեսում ենք 10 հա տարածքում հիմնել անտառ-տնկարկ, որը նորագույն պատմության մեջ կլինի առաջին դեպքը: Մոտ 6.5 հա՝ Ծիծեռնակաբերդում և 4 հա ՝ Սարալանջում: Առաջին անգամ գրեթե ամբողջ տնկանյութը՝ 97 %-ը, տրամադրելու է ջերմոցատնկարանային տնտեսությունը: Նախկինում պատրաստի բուսազանգվածը բերվել է այստեղ՝ որպես պահեստավորման վայր, հետո այստեղից բաժանվել է քաղաքին: Այդ աշխատաոճին վերջ է դրվել: 10 հա անտառ հիմնելու համար քաղաքը գրեթե ոչինչ չի ծախսի»,-ընդգծում է ՀՈԱԿ-ի տնօրենը:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային կազմակերպությունը կփոխարինի նաև քաղաքի չորացած ծառերը՝ նոր, արժեքավոր ու Երևանի կլիմային հարմար նոր ծառատեսակներով:
Ծառերից բացի քաղաքային ջերմատունը կապահովի նաև քաղաքին անհրաժեշտ ծաղիկների կեսից ավելին: Հաջորդ տարի քաղաքին տեսք կհաղորդեն ավելի քան 1 մլն ծաղիկները: Երևանում կանաչապատման նոր եղանակի հիմք է դրվում:
«Արդեն ունենք մոտ 175 հազար բույս, ընդ որում, 45.000-ն արդեն տեղափոխվել է քաղաքի տարբեր հատվածներ: Բույսը երեխայի պես է. ամեն անգամ աճով ուրախացնում է, ինչքան մեծանում, այնքան թանկանում է մարդու համար»,-նշում է ՀՈԱԿ-ի ջերմոցատնկարանային վարչության պետ Մամիկոն Սահակյանը:
Տնկարանից քաղաք բույսերի տեղափոխում, ոռոգում, էտ. կանաչապատումն ավելի արդյունավետ կդառնա նոր տեխնիկայի ներդրման շնորհիվ: Նշենք, որ շահագործվող 50 միավորին շաբաթներ անց կավելանա ևս 9 նոր՝ 7 բեռնատար ու 2 ջրցան:
Միանգամից մի քանի ուղղությամբ ծրագրային նախաձեռնությունների վերջնանպատակը կանաչ ու հարմարավետ միջավայրի ձևավորումն է՝ բակերում, այգիներում, մայթերին և կանաչ մյուս գոտիներում:

Տեսանյութ

Նոր էկոպարկ ու 10 հա անտառվերականգնում. քաղաքի կանաչ ծրագրերը
Տեսնել ավելին