Նոր հաստիքներ՝ քաղաքաշինության ոլորտում. կայացել է Երևանի ավագանու հերթական նիստը

20.04.2021

Երևանի ավագանին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհեց Աղվան Չատինյանին՝ ավելի քան 60 տարի մարզչամանկավարժական գործունեություն ծավալելու, սերունդներ կրթելու, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառներում ունեցած մեծ ավանդի, երկարամյա անբասիր աշխատանքով Երևանի մարզական գործունեության, լեռնագնացության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և հայկական սպորտի զարգացմանն ուղղված բեղմնավոր գործունեության համար։

***
Ավագանին կողմ քվեարկեց երկու դպրոցների անվանակոչման նախագծին։ Երևանի համար 87 միջնակարգ դպրոցն անվանակոչվեց ամերիկահայ բարերարներ Յակոբ և Լուտովիկա Այնթապլեանների անվամբ, իսկ համար 49 հիմնական դպրոցը՝ քանդակագործ-մոնումենտալիստ Արա Հարությունյանի անվամբ:
***
Ավագանին այսօր հավանություն տվեց նաև «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությանը միանալու որոշման նախագծին: Այսպիսով՝ Երևանը ստանձնում է մինչև 2030 թվականը ջերմոցային գազերի արտանետումներն առնվազն 30%-ով կրճատելու և Երևանի կլիմայի փոփոխության հանդեպ հարմարվողականության շնորհիվ դիմադրողականության բարձրացման պարտավորություններ: Դաշնագրին միանալուց հետո կնախատեսվեն նոր կլիմայի փոփոխության մեղմանն ու հարմարվողականությանն ուղղված բնապահապանական տարբեր միջոցառումներ:
***
Ավագանու մեկ այլ որոշմամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունում նոր հաստիքներ կավելացվեն: Որոշման նախագիծը ներկայացնող քաղաքապետի խորհրդական Դավիթ Ճգնավորյանը նշել է, որ ապօրինի շինարարությունների օրինականացման հետ կապված արձանագրվել է դիմումների կտրուկ աճ, ինչից ելնելով էլ քաղաքացիների սպասարկումն արագ և արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ են նոր հաստիքներ:

Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի մայիսի 25-ին:

Լուսանկարներ