Շուրջ 1700 երևանաբնակ ծնողներ այցելել են սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին

04.05.2018

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, ձևավորված բարի ավանդույթի համաձայն, այս տարի ևս երևանաբնակ շուրջ 1700 ծնողներ այցելել են սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց որդիներին:

Սոցիալական նշանակությամբ այս ծրագիրը տարեցտարի ապացուցում է իր կարևորությունը, քանի որ յուրաքանչյուր այցին ավելի շատ ծնողներ են ցանկություն հայտնում մեկնելու զորամասեր: Ծրագրի մեկնարկից՝ 2013 թվականից ի վեր իրենց որդիներին հանդիպելու հնարավորություն է ընձեռվել ավելի քան 10000 երևանաբնակ ծնողների: Շատերն իրենց զավակներին տեսնելու հնարավորությունից օգտվել են մի քանի անգամ:
Այս անգամ բարձրակարգ ավտոբուսների շարասյունը ճանապարհ է ընկել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքից, որտեղ նրանց հետ հանդիպել և բարի ճանապարհ են մաղթել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը: Այս անգամ ևս Երևանի քաղաքապետարանի կողմից ծնողներին մեկնելիս և վերադառնալիս տրամադրվել են երկանգամյա սննդի փաթեթներ: Շարասյունն ուղեկցել են Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, իսկ բոլոր ավտոբուսներում եղել են բժիշկներ:
Ավանդույթի համաձայն, մինչ զորամասեր հասնելը ծնողներն այցելել են Շուշիի Սբ Ամենափրկիչ եկեղեցի, մոմ վառել, մասնակցել Սուրբ Պատարագի մատուցման արարողությանը, իսկ նրանց ժամանման առիթով զորամասերում կազմակերպվել են հանդիսավոր արարողություններ: Ծնողները ծաղիկներ են խոնարհել զոհված ազատամարտիկների հուշարձաններին: Ծառայության մեջ աչքի ընկած մի շարք զինվորներ արժանացել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհակալագրերին, ինչպես նաև Երևանի քաղաքապետի կողմից բոլոր զորամասերին փոխանցվել են նվերներ:
Ժամկետային զինծառայողներն ու նրանց ծնողները, շնորհակալություն հայտնելով ևս մեկ անգամ իրար հանդիպելու հնարավորության համար, նշել են, որ Երևանի քաղաքապետարանի այս ծրագիրն իսկապես սպասված է և շատ կարևոր: Ծրագիրն օգնում է բարձր պահել զինվորների բարոյահոգեբանական ու մարտական ոգին:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն