«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը» լավագույնն է արևմտյան Եվրասիայում

07.10.2019

Մինչև տարեվերջ Երևանի բոլոր պոլիկլինիկաները կանցնեն էլեկտրոնային հերթագրման: Այս մասին զեկուցվել է աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Նշենք, որ այս պահին համակարգը ներդրված է 13 պոլիկլինիկայում: Ծրագիրը հնարավորություն է տալիս քաղաքացիներին խնայել ժամանակը, նաև վերհանել ոլորտի խնդիրները:

* * *
Ամփոփվել են 2019թ. 3-րդ եռամսյակի պլանային և հավաքված ցուցանիշների կատարողականները: Երևանի սեփական եկամուտների կատարողականը կազմել է 101, 7%: Հավաքագրվածը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է շուրջ 2.5 մլրդ դրամով:
* * *
Թբիլիսիում վերջերս անցկացված Կենդանիների առողջության պահպանման համաշխարհային կազմակերպության արևմտյան Եվրասիայի երկրների 3-րդ կոնֆերանսին մասնակցել է նաև Երևանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը»: Ոլորտի ամենահեղինակավոր կառույցին այսօր միջկառավարական մակարդակով անդամակցում է աշխարհի 187 երկիր: Կենտրոնի գլխավոր անասնաբույժը ներկայացրել է կազմակերպության աշխատանքները և նշել, որ շաբաթական շուրջ 100 թափառող շուն է ստերջացվում, պատվաստվում: Այս տարի ստերջացման ծավալներով, կատաղություն հիվանդության դեմ զանգվածային պատվաստումների, օգտագործված ճիշտ ու բարձրորակ դեղամիջոցների, ինչպես նաև մարդասիրական մոտեցման համար Հայաստանի ցուցանիշը ճանաչվել է լավագույնը՝ զիջելով միայն Դանիային՝ կացարաններում պահվող կենդանիների քանակով: Ոչ մարդասիրական վերաբերմունք ցուցաբերելու համար վատագույն ցուցանիշներն են գրանցել Թուրքմենստանը, Ղրղզստանը և Ադրբեջանը: Նախորդ տարիների համեմատ Վրաստանը ևս զիջել է դիրքերը:
Աշխատանքային խորհրդակցության ժամանակ ՀՈԱԿ-ի տնօրենը նշել է, որ Հայաստանի գրանցած բարձր վարկանիշը կնպաստի ոլորտի մի շարք խնդիրների լուծմանը:
Խորհրդակցության ժամանակ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն»-ի տնօրենը նշել է, որ համաժողովին ներկայացվել է նաև շուրջ 1 հա տարածքում կառուցվող կլինիկակացարանային համալիրի ընթացքը: Այն շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ և հագեցած կլինի նորագույն բուժսարքավորումներով:
Հանձնարարվել է վերահսկել շինարարության ընթացքն ու պարբերաբար ներկայացնել այս առումով իրականացվող աշխատանքները:
* * *
Երևան է հասել աղբատար 5 փոքր մեքենա: Դրանք առաջիկա օրերին կմիանան քաղաքի մաքրությունն ապահովող մյուս մեքենաներին:
* * *
Բազմաբնակարան բնակելի շենքերում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով մուտքերի դռներին տեղադրվում են ծածկագրով փականներ: Համատիրությունը բնակիչների հետ արդեն իսկ 163 այդպիսի փական է տեղադրել: 128 շենքում էլ մուտքերում առաջնահերթորեն դռներ են տեղադրվել, որոնց վրա տեղադրվել են նաև ծածկագիր ունեցող փականներ:

Լուսանկարներ

Տեսնել ավելին