Տիգրան Ավինյանն ընտրվեց Երևանի փոխքաղաքապետ. ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին

23.09.2022

Սեպտեմբերի 23-ին գումարված արտահերթ նիստում օրակարգի առաջին հարցով Տիգրան Ավինյանն ընտրվեց Երևանի փոխքաղաքապետ. ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին: Շնորհավորելով Երևանի թիմը համալրած փոխքաղաքապետին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ Ավինյանի՝ պետական համակարգում կառավարման փորձը հնարավորություն կտա համատեղ ուժերով լուծել մայրաքաղաքի առջև ծառացած խնդիրները:

Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ ելույթի իր խոսքում Տիգրան Ավինյանը նախ անդրադարձավ ՀՀ սահմանային իրավիճակին՝ ընդգծելով, որ ադրբեջանական հերթական ագրեսիան ոչ թե պետք է ընկճի կամ վհատեցնի, այլ սթափության և քրտնաջան աշխատանքի մասին հիշեցում լինի. «Մեր զինվորների հերոսությունը պետք է պարտավորեցնի մեզ աշխատել և արարել, զինել մեր բանակը, ուժեղացնել մեր պետությունը, զարգացնել տնտեսությունը։ Ըստ էության՝ ներկայում մեզ համար դիմադրությունն ու պայքարը պարզապես այլընտրանք չունեն»։

Երևանի նոր փոխքաղաքապետը կհամակարգի շինբարեկարգման ու կանաչապատման, մշակույթի ոլորտները, ինչպես նաև վարչական շրջանների հետ տարվող աշխատանքներն ու գործադիրի հետ իրականացվող ծրագրերը:

«Մեծ աշխատանքը դեռ առջևում է, քանի որ քաղաքն ունի նոր՝ տեխնոլոգիական և համակարգային լուծումների կարիք: Երևանով շրջող մարդը պետք է ներդաշնակ լինի այն միջավայրի հետ, որն իրեն շրջապատում է: Երևանը պետք է լինի քաղաք մարդկանց համար: Քաղաքն այդպիսին կարող է դառնալ մի պարզ սկզբունքի պահպանմամբ՝ հանրային շահի գերակայությունն անհատական շահի նկատմամբ: Այդ բանաձևով է պետք լուծել բոլոր խնդիրները»,- նշեց Ավինյանը:


***


Օրակարգի մեկ այլ հարցով Կասկադ համալիրի «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող հողամասի չկառուցապատված հատվածը նվիրաբերվեց Երևան համայնքին՝ շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով: Քաղաքապետ Սարգսյանը նշեց, որ մտադրություն կա այնտեղ կառուցել Ժամանակակից արվեստի թանգարանի նոր մասնաշենքը, ունենալ նաև ամֆիթատրոն, որը հնարավորություն կտա Երևանում ակտիվացնել մշակութային կյանքը:

«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցություն են ունեցել այս գործընթացին, «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին՝ գույքը նվիրաբերելու համար: Մենք կաշխատենք ճարտարապետների թիմի հետ, որպեսզի հնարավորություն ունենանք ճիշտ առաջարկ ներկայացնել ու անավարտ մնացած շինարարությունն ավարտել»,- ընդգծեց քաղաքապետը:


***


Ավագանու որոշմամբ Երևանի 2022թ. բյուջեի եկամտային մասում ընթացիկ նպատակային հատկացումները կավելացվեն 13,630.0 հազ. դրամով, այն կուղղվի պատերազմի հետևանքով ժամանակավորապես Հայաստանի Հանրապետությունում գտնվող քաղաքացիներին մշտական բնակության վայր տեղափոխման ծախսերին:


***


Երևան համայնքի սեփականություն հանդիսացող «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի շրջանակում 97 բազմաբնակարան շենքի տանիքներին տեղադրած արևային ֆոտովոլտային համակարգերը, բոլոր շենքերի ներշենքային, աստիճանավանդակային հատվածներում տեղադրված լուսադիոդային լուսատուները, ինչպես նաև բակային լուսավորության համակարգը՝ ընդհանուր 448,394,005.00 ՀՀ դրամ սկզբնական արժեքով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է 97 բազմաբնակարան շենքերի սպասարկումն իրականացնող 41 համատիրություններին՝ 20 տարի ժամկետով: Հարկ է նշել, որ ծրագրի շրջանակում հնարավորություն է ստեղծվել տնտեսել բնակիչների միջոցները:

 

***


Երևանի ավագանու որոշմամբ սահմանվել է «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով նախատեսված թույլտվությունների տրամադրման կարգը: Նոր կարգի համաձայն կլուծվեն հետևյալ խնդիրները՝ առևտրային թույլտվություններ չեն տրամադրվի կարգավիճակ չունեցող շենքերում և շինություններում (ապօրինի), ոչ հասարակական նշանակության տարածքներում, բացի այդ, թույլտվություններ չեն տրամադրվի նաև այն տնտեսվարողներին, որոնք Երևան համայնքի հանդեպ ունեն չկատարված ֆինանսական պարտավորություններ: Կարգը ուժի մեջ կմտնի 2023թ. հունվարի 1-ից:

Լուսանկարներ