Երևանի պատմության թանգարանը Հայաստանի մայրաքաղաքի կարևորագույն մշակութային և գիտական կենտրոններից մեկն է, որը ներկայացնում է Երևանի մշակութային ժառանգությունը:
Երևանի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931 թ. Երևանի քաղաքային կոմունալ բաժնին առընթեր և կոչվել է կոմունալ թանգարան: Զբաղեցրել է ներկայիս Անդրեյ Սախարովի անվան հրապարակում կառուցված Կամավոր հրշեջ ընկերության շենքի (1930, ճարտարապետ՝ Նիկողայոս Բունիաթյան, երրորդ հարկը՝ Աննա Տեր-Ավետիքյան) սենյակներից մեկը: 1936 թ. տեղափոխվել է պարսկական Կապույտ մզկիթի (Գյոյ ջամի, կառուցել է Երևանի սարդար Հուսեին Ալի խանը 1765-1766 թթ.) տարածք, որտեղ մնացել է մինչև 1990-ական թթ.:
1982 թ. Երևանի քաղաքային խորհրդի որոշմամբ թանգարանին է հատկացվել Հռիփսիմյան գիմնազիայի շենքը (Ամիրյան փողոց 6): Երկարատև վերանորոգման պատճառով թանգարանն այստեղ է տեղափոխվել միայն 1994 թ. և մնացել մինչև 1997 թ., ապա փոխադրվել է Ստեփան Շահումյանի անվան N 1 դպրոցի մասնաշենք (Մաշտոցի պողոտա 33) մինչև 2005 թ.:
2005 թ. առ այսօր թանգարանը գործում է Երևանի քաղաքապետարանի շենքում (Արգիշտի 1), որտեղ թանգարանին հատկացվել է առանձին տարածք (Արգիշտի 1/1):
Շենքի նախագծի ճարտարապետներ Ջիմ Թորոսյանը, Ռոմիկ Մարտիրոսյանը, կոնստրուկտոր Հենզել Հակոբյանը և կառուցապատող Գագիկ Գալստյանը (հետմահու) 2007 թ. արժանացել են ՀՀ պետական մրցանակի։
Թանգարանի գիտական խորհրդի անդամներն են եղել ժամանակի խոշորագույն մտավորականներ՝ ճարտարապետներ Ալեքսանդր Թամանյանը, Թորոս Թորամանյանը,Նիկողայոս Բունիաթյանը, Միքայել Մազմանյանը, նկարիչներ Մարտիրոս Սարյանը, Գաբրիել Գյուրջյանը, Տարագրոսը, քանդակագործ Արա Սարգսյանը, գիտնականներ Ստեփան Լիսիցյանը, Երվանդ Շահազիզը, Սեդրակ Բարխուդարյանը, Բաբկեն Առաքելյանը, Թադևոս Հակոբյանը և ուրիշներ:
Երևանի պատմության թանգարանի ներկայիս ցուցադրությունը այցելուների համար բացվել է 2007 թ. ապրիլի 3-ին: Թանգարանի հավաքածուն ներառում է քաղաքի ձևավորման ու զարգացման ողջ ընթացքը ներկայացնող շուրջ 100 000 հնագիտական, ազգագրական, դրամագիտական, կերպարվեստի, դեկորատիվ-կիրառական արվեստի բացառիկ նմուշներ և փաստավավերագրական նյութեր՝ սկսած հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։
Հիմնական ցուցադրությունը ներկայացված է «Երևանի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև ուշ միջնադար», «Երևանը XIX դարում», «Երևանը XIX դարավերջից մինչև մեր օրերը» բաժիններում:
Թանգարանում ցուցադրվող հնագիտական նմուշները ներկայացնում են քաղաքի հազարամյակների պատմությունը, ազգագրական և կենցաղային իրերը պատկերացում են տալիս երևանի բնակիչների առօրյայի, սովորույթների ու արժեքների մասին, իսկ գեղարվեստական ու փաստագրական նյութերը բացահայտում են քաղաքաշինության, արվեստի և հասարակական կյանքի զարգացումները։
Երևանի պատմության թանգարանը քաղաքային հիշողության պահպանման կենտրոն է և Երևանի յուրօրինակ այցեքարտը։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ
Երկուշաբթիից շաբաթ՝ 11:00-17:30
ՄՈՒՏՔ
Մեծահասակներ – 1500 դրամ
Ուսանողներ – 1000 դրամ
Աշակերտներ – 500 դրամ
ԷՔՍԿՈՒՐՍԻԱ
Հայերեն – 2000 դրամ
Անգլերեն, ռուսերեն – 5000 դրամ
Կրթական ծրագիր – 3000 դրամ
Տնօրեն՝ Գևորգ Օրբելյան
Հասցե՝ Արգիշտիի 1/1
Հեռ.՝ +37410 568 185
Կայք՝ www.yhm.am
Էլ. փոստ ՝ tangaran@yerevan.am