Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

18.03.2011

Երևանի քաղաքապետարանն առաջարկում է քաղաքաշինության բնագավառում ներդրումային ծրագրեր իրականացնող սուբյեկտներին մասնակցել Երևանում նախատեսվող քաղաքաշինական հետևյալ ծրագրին։
2010 թվականին Մաշտոցի պողոտա, Կորյունի և Իսահակյան փողոցներով պարփակված տարածքում բնակելի տների հրդեհման պատճառով առաջացել է տվյալ տարածքի բնակիչներին բնակարանով ապահովելու խնդիր։ Քաղաքապետարանը ծրագրել է լուծել ոչ միայն հրդեհի հետևանքով անօթևան մնացած բնակիչների բնակարանային խնդիրը, այլ նաև իրականացնել տվյալ տարածքի կառուցապատման, այդ թվում՝ բարեկարգման աշխատանքներ։
Ներկայումս թաղամասը պարագծային կառուցապատված է 3-5 հարկանի սեկցիոն տիպի բնակելի տներով։ Թաղամասի միջին հատվածը (մինչև տեղի ունեցած հրդեհը) կառուցապատված էր 1-2 հարկանի ոչ սեյսմակայուն շինություններով, անկազմակերպ, տարերայնորեն ձևավորված ցածրահարկ խարխուլ բնակելի տներով, մետաղական և քարե ավտոտնակներով, որոնցում պահպանված չէին բնակչության համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պայմանները։
Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական ծրագրով նշված թաղամասը (հողամասի ընդհանուր մակերեսը՝ 7252քմ, որից համայնքային սեփականություն՝ 4384քմ) պետք է բերվի ավարտուն և ամբողջական տեսքի։ Կենսագործունեության համար բարենպաստ միջավայր ստեղծելու նպատակով ներթաղամասային հատվածները կենթարկվեն բարեկարգման և կհամալրվեն կանաչապատ տարածություններով, խաղահրապարակներով և ստորգետնյա ավտոկայանատեղերով, ինչպես նաև հիմնովին կնորացվեն ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները։
Նշված քաղաքաշինական ծրագրի իրականացման նպատակով հրավիրվում են քաղաքաշինության ոլորտում գործունեություն ծավալող ներդրողները՝ ներկայացնելու սեփական միջոցների հաշվին խնդիրների լուծման համար համապատասխան առաջարկություններ.
-    Հրդեհից տուժած բնակիչներին բնակարաններով ապահովում Կենտրոն վարչական շրջանի տարածքում (թվով 42 բնակարան՝ 3800քմ),
-    Նշված բակային տարածքի կառուցապատում և բարեկարգում։
Երևանի քաղաքապետարանը պատրաստակամություն է հայտնում քննարկելու քաղաքաշինական ծրագրին մասնակցել ցանկացող ներդրողների առաջարկները, որոնք կարող են ներկայացվել Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետին։
Հեռ. 514158
Էլ.փոստ՝    mikayel.hasratyan@yerevan.am