Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

14.04.2011

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1982-ից ապրիլի 18-ը  նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր:  Այս տարի ժառանգության պահապանները ողջ աշխարհում կանդրադառնան մշակութային ու բնության ժառանգությանը`  <<Ջրի ժառանգությունը>>  խորագրի ներքո:
Ջուրը մեր օրգանիզմի և մեզ շրջապատող միջավայրի հիմնական բաղադրիչն է: Կյանքն առանց ջրի անհնար է. այն կյանքի գոյության սկզբնաղբյուրն է: Ջրի նկատմամբ վերաբերմունքը ծագում է մարդկային պատմության վաղնջական ժամանակներից: Ջուրն ըստ էության ճանաչված է որպես  սրբացված արժեք` աշխարհի բոլոր կողմերում. այն կենտրոնական տեղ է գրավում աստվածաշնչյան պատմություններում, բուդդայական հավատալիքներում, հինդուիզմում, հին չինական առասպելներում, Ղուրանում և, վերջապես, անհնար է առանց ջրի պատկերացնել դրախտն ու դրախտային այգիները: 



Ջրի նկատմամբ փորձը, գիտելիքներն ու հմտությունները փոխանցվում են սերնդեսերունդ` սնելով մեր ոչ նյութական ժառանգության շտեմարանը. Վարդավառը, Ջրօրհնեքը, Ջուր կաղանդելու սովորույթը այդ շարքից են:  Գեղամա լեռներում, Սևանա լճի հյուսիսարևելյան ափին, Արագածի լանջերին, Գառնիում և այլուր հայտնաբերված վիշապները հազարամյակներ առաջ դեռևս խորհրդանշել են ջրի պաշտամունքը Հայաստանում:  
Պաշտպանություն, ոռոգում, խմելու ջուր. այս ամենն ունենալու համար էր, որ մեր նախնիները նախընտրում էին ջրին մոտ ապրել: Դեռևս հնագույն ժամանակներից Սևանի ավազանը համարվել է բարենպաստ երկրագործության և անասնապահության համար: Մինչև Ուրարտական պետության կազմավորումը, Սևանի ավազանում ապրում էին ցեղային միություններ, որոնք իրենց ամրոցները կառուցում էին ջրին մոտ գտնվող բարձունքների վրա: Դրա ցայտուն վկայությունն է Սևանի ավազանն իր հարուստ  հնագիտական ժառանգությամբ, մասնավորապես` կիկլոպյան ամրոցներով:  
Առանց ջրի չկա գյուղատնտեսական և արդյունաբերական ժառանգություն. երկրագործության զարգացմամբ է պայմանավորված ջրանցքների կառուցումը, իսկ ամենօրյա կյանքում ջրօգտագործման թերևս ամենատարածված օրինակները ջրաղացներն են: Ջրային անիվի հայտնագործությունից մինչև հզոր հիդրոէլեկտրակայանների կառուցում առնչվում է ջրի ժառանգության հետ:
Իր ստեղծագործական ներուժի շնորհիվ մարդը հայտնագործել է բազմաթիվ հնարքներ` ջրի հոսանքին հակառակ շարժվելու համար` լաստանավ, մակույկ, նավ, ռազմանավ ու զբոսանավ: Սակայն ջրային հոսանքներով մարդկանց ու ապրանքների անվտանգ տեղափոխման համար ճարտարապետներն ու ինժեներները հայտնագործել են շինության այն տեսակը, որը կոչվում է կամուրջ:  
Ջուրը նաև ոգեշնչման աղբյուր է. այն պոեզիայի, գրականության, գեղանկարչության, պարի, ճարտարապետության  ու քանդակագործության ստեղծագործական աղբյուր է: Ջրագրական հուշարձանները բազմաթիվ են ինչպես  ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում, այնպես էլ ՀՀ Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներում:
Ընդառաջ գնալով <<Ջրի ժառանգությունը>> միջազգային նախաձեռնությանը` <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանը  և <<ԻԿՕՄՕՍ/Հայաստան>> հասարակական կազմակերպությունը  հանդես կգան <<Ժառանգությունը և ջուրը>> թեմատիկ պաստառների ցուցահանդեսով` ընդգծելով ջրի մշտական ներկայությունը ոչ միայն հայկական, այլ նաև համաշխարհային ժառանգության մեջ: <<Էրեբունի>> արգելոց-թանգարանի  ժամանակավոր ցուցահանդեսների սրահում ներկայացված 11 մեծադիր պաստառներից յուրաքանչյուրը և Հուշարձանների ու տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ թողարկված ազդագիրը  հասարակությանը կոչում են համատեղ ուժերով պահպանել ջուրը` մոլորակի կենսական ռեսուրսը և ժառանգությունը` մեր կյանքի ու միջավայրի գեղեցկության երաշխավորը: Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն կունենան նաև համտեսել  Հայաստանում  շշալցվող աղբյուրի ջրի տարբեր տեսակներ:  



Ապրիլի 18-ին` Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ, ՀՀ պաշտպանության նախարարության և արգելոց-թանգարանի միջև վերջին տարիներին ձևավորված համագործակցության շրջանակում,  Նուբարաշենի 5-րդ բանակային կորպուսի զինծառայողները 2011թ. ապրիլի 14-ին մաքրման աշխատանքներ կիրականացնեն Էրեբունի, Շենգավիթ և Կարմիր բլուր հնավայրերի տարածքներում: Միջոցառումների շարքը կավարտվի ապրիլի 18-ին` ժառանգության հայ պահապանների այցելությամբ <<Սևան-Հրազդան>> կասկադ` ՀՀ միացյալ էներգահամակարգը սնող արդյունաբերական հսկան, որը պահպանվում է պետության կողմից` որպես  20-րդ դարի արդյունաբերական ժառանգության օրինակ:   
 Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված <<Ժառանգությունը և ջուրը>> ցուցահանդեսի  բացումը տեղի կունենա <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանում` 2011թ. ապրիլի 16-ին, ժամը` 12:00-ին:  
 /Ք. Երևան, Էրեբունու փող. 38, հեռ..` 43 89 53/:

<<Էրեբունի>> պատմահնագիտական
 արգելոց-թանգարան