ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանի այցը <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարան
Հունիսի 25-ին Էրեբունի հնավայր է այցելել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռոնոն` դեսպանության մշակութային կցորդ Ժան Պոլ Մարտենի, Ֆրանսիայի արտգործնախարարության ներկայացուցիչներ Օլիվիե Մավիսոյի և Անտուան Անֆրեի ուղեկցությամբ: Այցելության նպատակը ճանաչողական էր. ֆրանսիացի պատվիրակները ծանոթացան 2008-2011թթ. հայ-ֆրանսիական քառամյա ծրագրի շրջանակում պեղումների վերջին շրջափուլն իրականացնող ֆրանսիական հնագիտական առաքելության արդյունքներին:
<<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանի և ֆրանսիացի մասնագետների միջև գիտական և տեխնիկական համագործակցությունն ուղղված է հնավայրի գիտական ճանաչման ընդլայնմանը, հանրահռչակմանը, գտածոների անվտանգ պահպանությանը: Այս համագործակցության առանցքում դրված են նաև հնավայրի ուսումնասիրության պատմությանը վերաբերող փաստավավերագրական նյութի ամբողջացումը և գիտակրթական նշանակության կարևորումը, մասնավորապես մասնագիտական կրթություն ստացող ուսանողներին պեղումների գործաշրջանին ներգրավելով:
2011թ. հունիսի 4-ից ֆրանսիացիներն իրականացնում են Էրեբունի միջնաբերդում քառամյա ծրագրի վերջին գործաշրջանը` Բրետանի հնագիտական ծառայության ղեկավար Ստեֆան Դեշամպի գլխավորությամբ: Արշավախմբի կազմում են նաև հնագետներ Ֆրանսուա Ֆիշե դը Կլերֆոնտենը (Ներքին Նորմանդիայի հնագիտական ծառայության ղեկավար) և Վինչենցո Մուտարելլին (Մերձծովյան Սեն դեպարտամենտ):
Հնավայրում շրջելուց հետո Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ա. Ռոնոն պատասխանեց լրագրողների հարցերին` նշելով, որ Ֆրանսիան հպարտ է մասնակցելու նմանօրինակ գիտահետազոտական ձեռնարկների` հանուն հնագույն քաղաքակրթությունների բացահայտման և անաչառ մեկնաբանության: Նա նաև վստահեցրեց, որ թեև քառամյա ծրագիրն ավարտվում է, բայց կունենա շարունակություն. <<Մենք խրախուսում ենք կրթամշակութային համագործակցության ցանկացած նախաձեռնություն և դրականորեն ենք տրամադրված դրանք շարունակելու ուղղությամբ>>: Դեսպանը ափսոսանք հայտնեց, որ շուրջ 3-հազարամյա ամրոցի բարձրունքից տեսանելի չէ հին Երևանի և ոչ մի հատված: Նա շեշտեց, որ այս համատեքստում առավել քան կարևոր է դառնում Էրեբունիի` Երևանի բնօրրանի պահպանության ապահովումը:
<<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարան