<<ԷՐԵԲՈՒՆԻ - ԵՐԵՎԱՆ>> - 2793
20.09.2011
Հայաստանի Հանրապետության անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, <<Էրեբունի - Երևան>>
տոնակատարությունների շրջանակում, Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի
բնակիչներին և հյուրերին հրավիրում է մասնակցելու Երևանի օրվան նվիրված
տոնական միջոցառումներին:
- Ժամը 9։30-ին Ֆրանսիայի հրապարակից երկու ուղղություններով կմեկնարկի փողային նվագախմբերի տոնական երթը։
- Ժամը 13։00-ից մինչև ուշ գիշեր Ազատության հրապարակում հանրապետության լավագույն երգիչ-երգչուհիների, երգի և պարային համույթների, այդ թվում նաև մանկական, լավագույն դիջեյների մասնակցությամբ տեղի կունենա տոնական մեծ համերգ. Արտո Թունջբոյաջյան, Էմ Փի Ռեյ, Դորիանս, Ռեինկարնացիա, դիջեյ Դելլ և շատ ուրիշներ:
- Ժամը 13։00-ից 22։00-ը Հյուսիսային պողոտան կվերածվի Վարպետաց քաղաքի՝ ամենատարբեր ցուցադրություններով, թափառաշրջիկ երաժիշտներով ու ձեռնածուներով, մինի ներկայացումներով։
- Ժամը 13։00-ից 20։00-ը Մաշտոցի պողոտայում ՝ Մալիբու սրճարանի հարևանությամբ, իսկ ժամը 18։00-ից 23։00-ը` Սասունցի Դավթի արձանի հարևանությամբ մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը հանրապետության լավագույն կատարողների մատուցմամբ հնարավորություն ունեն ունկնդրել ազգագրական ու ժողովրդական երգեր։
- Նախորդ դարասկզբի Երևանում հայտնվելու ցանկություն ունեցողները ժամը 13։00-ից 20։00-ը կարող են այցելել Աբովյան փողոցի` <<Մոսկվա>> կինոթատրոնից մինչև Հանրապետության հրապարակ ընկած հատված։
- Ժամը 13։00-ից 22։00-ը Անգլիական այգում հնարավորություն ունեք ունկնդրել ինքնուս երաժիշտների կատարումները, ինչպես նաև մասնակցել <<Առողջ երևանցի>> ակցիային։
- Վինդսերֆինգի սիրահարներին էլ ժամը 17։00-ից հրավիրում ենք Կարապի լիճ ՝ ներկա գտնվելու մարզաձևի ցուցադրական ելույթներին։
- Ջազի սիրահարները ժամը 16։00-ից Մոսկովյան պուրակում երիտասարդ ջազային նվագախմբերի կատարմամբ կարող են ունկնդրել սիրված երաժշտություն։
- Իսկ դասական երաժշտության սիրահարներին Երևանի քաղաքապետարանը ժամը 16։00-ից հրավիրում է Կոմիտասի արձանին հարակից պուրակ։
- Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների հրապարակներում,այգիներում ու պուրակներում կթևածի տոնական երգն ու երաժշտությունը, կկազմակերպվեն մշակութային ու մարզական միջոցառումներ։
- Իսկ ժամը 22։30-ին մայրաքաղաքի երկինքը կլուսավորի տոնական շքեղ հրավառությունը։