Պահոց

Հայտարարություն

15.10.2011

Երևանի կենդանաբանական այգու մուտքը
հոկտեմբերի 15-ին և 16-ին ազատ է:

Երևանի կենդանաբանական այգու հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ, այգում կազմակերպում է տոնական միջոցառումներ: Հոկտեմբերի 15-ին ուսուցիչների ուղեկցությամբ այգի են այցելել Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների 1-7-րդ դասարանների աշակերտները, ովքեր մասնակցել են համերգային, ժամանցային և ուսուցողական բազմաբնույթ միջոցառումների: <<Երևանի քաղաքապետարանի շնորհիվ այսօր ունենք ծաղկուն այգի. կենդանիներն ավելի պաշտպանված են ու խնամված: Հայաստանի հանրապետական կուսակցությունն էլ իր հերթին ամեն ինչ արել է, որ այգու հիմնադրման կապակցությամբ տոնակատարությունը մեր երեխաների համար իսկապես տոնական, զվարճալի լինի>>,- նշել է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը:



Կենդանաբանական այգու 70-ամյակին գործունեության նոր սկիզբ է հայտարարում այգու տնօրինությունը. <<Այգին հայտարարում է նոր նախագծերի մասին՝ ոչ միայն զվարճալի, այլ նաև կրթական՝ բնապահպանական, շրջակա միջավայրի պահպանման, կենդանիների և հայրենի բնության ճանաչողության բնույթի, նաև կենդանիների համար ազատավանդակներ են կառուցվում: Շնորհիվ Երևանի քաղաքապետարանի հատկացրած հավելյալ բյուջեի և ներգրաված ներդրումների՝ այգին պատրաստ է համարձակ ծրագրերի>>,- ասել է Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:
Հայաստանի հանրապետական կուսակցության և Երևանի քաղաքապետարանի համատեղ նախաձեռնությամբ Երևանի Կենդանաբանական այգին հոկտեմբերի 16-ին ևս տոնական ու անվճար մուտքով է գործելու:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն