Պահոց

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է ճարտարապետական բաց մրցույթ

10.06.2013

Երևանի  քաղաքապետարանը  հայտարարում  է  Երևան քաղաքի
Բրազիլիայի, Աշխատանքի, Սասունցի Դավթի, Ֆրանսիայի, Ռուսաստանի  հրապարակների հայեցակարգային  նախագծի հանրապետական  ճարտարապետական  բաց  մրցույթ

Մրցույթի  նպատակը՝
    Ընտրել լավագույն քաղաքաշինական, ճարտարապետական, դիզայներական նախագծային, ինչպես նաև դրանց հետ կապված ինժեներա-տեխնիկական առաջարկություններ, հայեցակարգեր ուղղված նշված հանգույցների քաղաքաշինական ամբողջականացմանը, արժեվորմանը, բարենպաստ և գրավիչ միջավայրի ստեղծմանը, դրանց հարմարեցմանը արդի պահանջներին, տրանսպորտային հոսքերի կարգավորմանը և այլն:
Անհրաժեշտ է  
ապահովել- գոյություն ունեցող միջավայրի ծավալատարածական  ամբողջականությունը, տրանսպորտային և հետիոտն շարժումների օպտիմալ կազմակերպումը, հաշմանդամություն ունեցող և սակավաշարժ խմբերի ազատ տեղաշարժերը
դիտարկել- տարբեր մակարդակների կազմակերպման, ստորգետնյա տարածքների օգտագործման հնարավորությունը՝ կայանատեղերով, անհրաժեշտ սպասարկման օբյեկտներով /հասարակական զուգարաններ, անցուղիներ, տրանսֆորմացվող, լուսա-երաժշտական շատրվաններ/ ինչպես նաև համաքաղաքային նշանակության միջոցառումների, հանդիսությունների կազմակերպման համար հարթակների ստեղծումը /տրանսֆորմացվող/,
նախատեսել- բարեկարգում և կանաչապատում՝ ջրային մակերեսների ստեղծմամբ, տարածքների կահավորում փոքր ճարտարապետական ձևերով՝ արձաններ, կանգառներ, նստարաններ, էկրաններ, գովազդային վահանակներ, ուղղորդող, տեղեկատվական ցուցանակներ, լուսատուներ, և այլ էլեմենտների տեղակայմամբ: Ցանկալի է նաև ներկայացնել հրապարակները ձևավորող կառույցների, ծավալների  լուսավորության և արտաքին տեսքի բարելավմանն ուղղված առաջարկներ:
Հրապարակների ազդեցության գոտու /դիտարկվող տարածքի/ սահմանները որոշվում են նախագծող հեղինակի կողմից:
        Մրցույթի  արդյունքների  քննարկման  ընթացքում առանձնակի  ուշադրության  կարժանանան  հատկապես  այն  առաջարկությունները,  որոնք  հիմնավորված  կլինեն  մայրաքաղաքի  քաղաքաշինական  առկա  իրադրության  համակողմանի  վերլուծությամբ  և  այդ  համատեքստում  առավել  հիմնավոր  լուծումներ կառաջադրեն  ճարտարապետական  միասնականության, ներդաշնակման  ապահովման  խնդիրներում:
Ցանկալի  է,  որպեսզի  մասնակիցների  կողմից  ներկայացվող  առաջարկությունները  լինեն  հնարավորինս  իրատեսական,   ներառելով վերը  նշված  պայմաններն  ու  քաղաքաշինական  այն  հիմնախնդիրները,  որոնք  ակնառու  են  և  ունեն անհետաձգելի   լուծման  անհրաժեշտություն:
 Մրցույթին  մասնակցության  պայմանները՝
      Մրցույթին  կարող  են  մասնակցել՝  Հայաստանում  գործող  անհատ  ճարտարապետներ, դիզայներներ, քանդակագործներ,  ճարտարապետներից  և  հարակից  մասնագետներից  կազմված  ստեղծագործական  խմբեր  և  ճարտարապետական  ստեղծագործական   արվեստանոցներ:

Մրցութային  հայեցակարգային առաջարկությունների  ներկայացման  ձևաչափը՝
           Առաջարկությունները  /տպագիր և էլեկտրոնային/,  ներկայացվում  են  համառոտ  բացատրագրով  և  գրաֆիկական  մասով:  Գրաֆիկական  մասը   ներկայացվում  է  ազատ,  այն  անհրաժեշտ  ծավալով ինչը  լիարժեք  բացահայտում  է  հայեցակարգի  հիմքում  դրված  մտահղացումները,  ներառելով՝  գլխավոր  հատակագիծը,  ճակատների  փռվածքները,  կտրվածքները,  անհրաժեշտության  դեպքում՝  առանձին  դրվագները,  եռաչափ  գծապատկերները  և  մանրակերտն՝ ըստ հայեցողության:
Մրցույթի մասնակիցներն ազատ են մրցույթային նշված մեկ կամ մի քանի թեմաների մեջ մասնակցության ընտրության հարցում:
    Մրցույթի  անցկացման  և  նախագծերի  ներկայացման  ժամկետները՝
          Մրցութի  սկիզբը    սահմանվում  է  2013 թվականի  հունիսի 10-ը,  իսկ  ավարտը՝   2013   թվականի  նոյեմբերի 15-ը:  
          Մրցութային  առաջարկությունները  ներկայացվում  են  ոչ  ուշ,  քան  2013  թվականի  նոյեմբերի 15-ը մինչև  ժամը  17.00-ն,  հետևյալ  հասցեով՝ Երևանի քաղաքապետարան, Արգիշտիի փողոց N1, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժին /Ա.Վարդանյան/:   
       Մրցույթի մասնակցի հայեցակարգային առաջարկության  հանձնումը վավերացվում է կնքված տեղեկանքով:
 Մրցույթի  համար  անհրաժեշտ  ելակետային  նյութերը՝
        Մրցույթի  համար  անհրաժեշտ  նշված հրապարակներին վերաբերվող  տեղագրական հանույթները մասնակցները    կարող  են  ձեռք  բերել  այցելելով  Երևանի  քաղաքապետարանի  www.yerevan.am  պաշտոնական  կայք:

Մրցույթի   արդյունքների  ամփոփումը  և  մրցանակային  ֆոնդը՝
    
           Մրցութային  հանձնաժողովի  կողմից  մրցույթի  արդյունքների  ամփոփումն իրականացվում  է  մրցութային  առաջարկությունների  շուրջ  կազմակերպված  հասարակական    իրազեկումից   հետո,  բայց  ոչ  ուշ,  քան  2013 թվականի  նոյեմբերի 30-ը:     
 Մրցույթի արդյունքներով յուրաքանչյուր հրապարակի վերաբերյալ համապատասխանաբար ներկայացված հայեցակարգային առաջարկություններից ընտրված  երեք  լավագույնները  կպարգևատրվեն՝
1-ին տեղ՝  1մլն դրամ,
2-րդ տեղ՝ 500.000 դրամ,
3-րդ տեղ՝ 250.000 դրամ:

Մրցութային  հանձնաժողովն իրավասու է մրցույթի ծրագրում առաջադրված պահանջներին չբավարարելու դեպքում հանձնաժողովի որոշմամբ փոփոխելու սահմանված մրցանակային ֆոնդի բաշխումը:
Ծանոթություն.
       Մրցութային  առաջարկությունները ներկայացվում  են  վեցանիշ  թվային  ծածկագրով:  Այն  տեղադրվում  է  գծագրերի  վերին  աջ  անկյունում  և  պետք  է  ունենա  15մմ  բարձրություն:
       Առաջարկությունները ներկայացվում  են  համապատասխան  ծածկագիր  ունեցող  կից  փակ  ծրարով,  որի  ներդիրում  նշվում  է  մրցութային  նախագծի  հեղինակային  կազմը  և  վերջիններիս  միջև  դրամական  բաշխումը:  

Երևանի գլխավոր ճարտարապետ 
Ն.Սարգսյան
10.06.2013թ