Պահոց

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ

11.11.2013

Սույնով Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2013 թվականի նոյեմբերի 12-ից մինչև նոյեմբերի 26-ը ներառյալ իրականացվող <<Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին:
Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված <<Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կարող են մինչև 2013 թվականի նոյեմբերի 26-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.yerevan.am) հատուկ այդ նպատակով ստեղծված տեղում կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (lilit.avetisyan121@mail.ru), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան:
Հանրային քննարկումների ընթացքում 2013 թվականի նոյեմբերի 26-ին ժամը 15.00-ին Արգիշտիի փող. 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:
Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2013 թվականի նոյեմբերի 21-ը ներառյալ ներկայացնել դիմում:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 010 514-253 հեռախոսահամարով:
     
Երևանի քաղաքապետարան
 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. <<Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերիի 26-ի ՀՕ-238-Ն օրենքի (այսուհետ` օրենք) վերնագիրը և 1-ին հոդվածի 1-ին մասը <<խախտումների>> բառից հետո լրացնել <<կամ համայնքային վճարովի ավտոկայանատեղերի համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելու>> բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի.

1) 1-ին կետը <<խախտում>> բառից հետո լրացնել <<կամ համայնքային վճարովի ավտոկայանատեղերի համար օրենքով սահմանված տեղական տուրքի չվճարում>> բառերով.

2) 2-րդ կետը <<3-րդ մասում>> բառերից հետո լրացնել <<և <<Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասում>> բառերով.

3) 3-րդ կետը <<ծառայություն>> բառից հետո լրացնել <<համայնքի ղեկավար, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետ կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձինք.>> բառերով:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 4-րդ հոդվածի.

1) 4-րդ մասը <<հրամանով>> բառից հետո լրացնել <<(որոշմամբ)>> բառով.

2) 7-րդ և 8-րդ մասերը «հրամանով» բառից հետո լրացնել <<և համայնքի ղեկավարի որոշմամբ>> բառերով.

3) 12-րդ մասը <<ոստիկանության>> բառից հետո լրացնել <<, քաղաքապետարանների և գյուղապետարանների>> բառերով և <<համացանցի կայքէջում>> բառերը փոխարինել <<համացանցերի կայքէջերում>> բառերով.

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը <<հրամանով>> բառից հետո լրացնել <<(որոշմամբ)>> բառով.

ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ    Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ



ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

<<Ավտոտրանսպորտային միջոցների ավտոկայանատեղերի տեղական տուրքի մասին>> ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն`

<<1. Ավտոկայանատեղի տուրքի վճարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է տվյալ համայնքի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված անձը:

2. Ավտոկայանատեղի տուրքի վճարման նկատմամբ հսկողությունը կարող է իրականացվել անմիջականորեն կամ էլեկտրոնային համակարգերի միջոցով (նկարահանող, ձայնաազդանշանային համակարգեր և այլն):

3. Ավտոկայանատեղի նկատմամբ հսկողության իրականացման ձևերը որոշում է տվյալ համայնքի ավագանին:>>:

Երևան քաղաքի ավագանու 25.12.2012թ. N 563-Ն որոշման հավելվածի 8-րդ կետի համաձայն` որպես ավտոկայանատեղի տուրքի վճարման նկատմամբ հսկողության ձև ընտրվել է նաև դրա էլեկտրոնային համակարգերի միջոցով (նկարահանող, ձայնաազդանշանային համակարգեր և այլն) հսկողությունը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածի համաձայն` ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելն առաջացնում է վարչական պատասխանատվություն:

Գործնականում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածի կիրառումն առաջացնելու է խնդիրներ և բարդություններ` կապված նշված օրենսգրքի հոդվածների և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի դրույթների կիրառման հետ (գրեթե անհնար կլինի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը ներկայացվող պահանջի պահպանումը):

<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։

Նման առանձնահատկություններ սահմանված են <<Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին>> ՀՀ օրենքով /այսուհետ` նաև օրենք/, որով նախատեսված է տեսանկարահանող սարքով հայտնաբերված վարչական իրավախախտումների քննության պարզեցված ընթացակարգ:

Նշված օրենքով էապես նվազեցվել է վարորդ-վարչական մարմին շփումների պարբերականությունը:

Տեսանկարահանող սարքի միջոցով հայտնաբերված համայնքային վճարովի ավտոկայանատեղերի համար օրենքով սահմանված տեղական տուրքի չվճարման փաստի առիթով իրականացվող վարչական վարույթում ի հայտ եկած վերը նշված խնդիրների լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված ներկայացվում է <<Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվում է օրենքի գործողությունը տարածել նաև համայնքային վճարովի ավտոկայանատեղերի համար օրենքով սահմանված տեղական տուրքի չվճարման դեպքում համայնքի ղեկավարի, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետ կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձանց /այսուհետ` համայնքի ղեկավար/ կողմից իրականացվող վարչական վարույթի և դրա արդյունքում ընդունվող վարչական ակտի վրա:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և դրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունմամբ ակնկալվում է համայնքի ղեկավարի կողմից վարչական իրավախախտումների քննության պարզեցված ընթացակարգի իրականացում` համայնքային վճարովի ավտոկայանատեղերի համար օրենքով սահմանված տեղական տուրքի չվճարման դեպքում, վարորդ-համայնքի ղեկավար շփումների պարբերականության /կոռուպցիոն ռիսկեր/ էական նվազում:

5. Այլ դրույթներ

Վճարովի ավտոկայանատեղերի նկատմամբ հսկողությունը իրականացվում է ստացիոնար 5 մպ. հզորությամբ տեսախցիկներով, որոնք տեղադրված են փողոցների մայթեզիրն տեղակայված հենասյուներին: Տեսախցիկները իրականացնում են 24 ժամյա հսկողություն բոլոր վճարովի ավտոկայանատեղերում, իսկ տեսանյութերը պահպանվում են տվյալների կենտրոնում համապատասխան կրիչների վրա 14 օր: Ավտոկայանատեղերում տեղադրված են համաշխարհային ճանաչում ունեցող կանադական AVIGILON CORPORATION-ի կողմից արտադրված AVIGILON 5.0-H3-B01-IR 3-9 mm և AVIGILON 5.0-H3-B02-IR 9-21 mm օպտկիական ոսպնյակներով տեսախցիկներ, իսկ տեսագրությունները մշակվում և պահպանվում են AVIGILON 21.0TB-HD-NVR2 տեսակի ցանցերում (սերվերներում):

Վճարովի ավտոկայանատեղերում կայանած տրանսպորտային միջոցների նկատմամբ հսկողություն իրականացվում է Երևան քաղաքում հստակ երթուղով 5 րոպե պարբերականությամբ շրջող շրջիկ մեքենաների միջոցով, որոնցում տեղադրված են ռուսական ՍԻՄԻԿՈՆ կազմակերպության կողմից արտադրված գերժամանակակից ինտելեկտուալ ՊԱՐԿՈՆ տեսանկարահանող սարքավորումները: Նշված սարքավորումները սերտիֆիկացված են Ռուսաստանի Դաշնությունում և նախատեսված են կայանման խախտումներ ֆիքսելու համար: Սարքը տեղադրված է շրջիկ մեքենայի մեջ՝ դիմապակու տակ: Այն ունի նավիգացիոն մոդուլ, որով GPS համակարգից ստանում է կոորդինատներ և ժամային տվյալներ: Սարքը կարողանում է ավտոմատ ճանաչել մայթեզրին կայանած բոլոր տրանսպորտային միջոցների պետահամարանիշները և վերածել թվայնացված տեսքի: Սարքը երթուղով շարժվելիս կատարում է տեսա և ֆոտո նկարահանումներ և այդ տվյալները գրում է իր մեջ տեղադրված կրիչի վրա փակ ֆորմատով, որոնք աշխատանքային ընթացքի վերջում տեղադրվում են աշխատանքային կայանի մեջ և իրականացվում է ծրագրային ընթացակարգ, արդյունքում ունենում ենք նույն GPS կոորդինատներում ֆիքսված 5 րոպե և ավել ժամային պարբերականությամբ կայանած տրանսպորտային միջոցների պետհամարանիշները և ֆոտոնյութերը, որտեղ հստակ պատկերված են տրանսպորտային միջոցը և տրանսպորտային միջոցի պետհամարանիշը, գտնվելու վայրը և ժամային պարբերականությունը:

Ստացիոնար և շրջիկ մեքենաներում տեղակայված էլեկտրոնային համակարգերի ֆիքսած նյութերի հավաքագրումից հետո բավարար ապացույցները տրամադրվում է Երևանի քաղաքապետարանին:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ      Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ