Պահոց

Հայտարարություն

12.02.2014

Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի մարտի 15-ի N 194-Ն որոշմամբ սահմանված է Երևան քաղաքի առևտրի և սպասարկման ոլորտի կազմակերպությունների որակավորման աստիճանների չափորոշիչներն ու շնորհման կարգը: <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Երևանի քաղաքապետը ավագանու սահմանած կարգով և չափորոշիչներին համապատասխան՝ դիմումի հիման վրա, առևտրի և սպասարկման ոլորտի կազմակերպություններին շնորհում է որակի աստիճաններ:
Չափորոշիչներով կազմակերպություններին որակի աստիճան շնորհելու նպատակն է Երևան քաղաքում գործող առևտրի և հանրային սննդի օբյեկտների որակական տարբերակումն ու հավաստագրումը, հնարավորության ընձեռնումը սպառողներին կատարելու չափելի ընտրություն ու համեմատում, ինչպես նաև նպաստելու փոքր ու միջին բիզնեսի ասպարեզում ծառայությունների մատուցման շահագրգիռ կատարելագործմանը և բիզնեսի զարգացմանը, մրցակցային դաշտի կայացմանը և զբոսաշրջիկության զարգացմանը:
Որակավորման աստիճան ստանալու համար ս/թ փետրվարի 15-ից մինչև մարտի 15-ը կարող են դիմել պարենային և ոչ պարենային ապրանքների վաճառք իրականացնող առևտրի օբյեկտները, առևտրի կենտրոնները և հանրային սննդի պատրաստում և իրացում իրականացնող կազմակերպությունները (ռեստորան, սրճարան, բար),  որոնք Երևանի քաղաքապետին ներկայացնում են դիմում՝ կցելով հետևյալ փաստաթղթերը.
1)    պետական ռեգիստրի վկայականի պատճենը,
2)  շինության կամ տարածքի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, որով հավաստվում է գործառնական նշանակության համապատասխանությունը,
3) գործունեության իրականացման ընթացքում անհրաժեշտ թույլտվությունների պատճենները,
4)   գործունեության համապատասխանության սերտիֆիկատի պատճենը (հանրային սննդի պատրաստման և իրացման կազմակերպությունների դեպքում)
Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և կազմակերպության կողմից որակավորման ներկայացված օբյեկտը տեղում ուսումնասիրելուց հետո, Երևանի քաղաքապետի 2011 թվականի մայիսի 12-ի N 1746-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողովը, հաշվի առնելով սահմանված չափորոշիչները,  30 օրյա ժամկետում Երևանի քաղաքապետին կներկայացնի առաջարկ՝ կազմակերպությանը 2 տարով որակի բարձրագույն աստիճան կամ որակի առաջին աստիճան շնորհելու վերաբերյալ:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի մարտի 15-ի N 194-Ն որոշումից կամ զանգահարել 060-460*535:

                                               Երևանի քաղաքապետարան