Պահոց

Հայտարարություն

04.03.2024

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ անձանց՝ հասարակական հիմունքներով ընդգրկվելու Երևանի քաղաքապետին կից «Երիտասարդության հարցերի խորհրդի» (այսուհետ՝ Խորհուրդ) կազմում։ 

Խորհրդի հիմնական նպատակն է աջակցել Երևան համայնքի երիտասարդական քաղաքականության մշակմանն ու հասցեավորված և նպատակային իրականացմանը, ինչպես նաև խթանել երիտասարդների, երիտասարդների ոչ ֆորմալ խմբերի և երիտասարդական կազմակերպությունների մասնակցությունը համայնքային կյանքի տարբեր բնագավառներում։

 

Խորհրդի հիմնական խնդիրներն են. 
ա) Երևան համայնքում երիտասարդական քաղաքականության հասցեականության և արդյունավետության բարձրացումը։
բ) Երիտասարդների ակտիվ մասնակցության խթանումը համայնքային երիտասարդական քաղաքականության մշակման, իրականացման և գնահատման գործընթացներում։ 
գ) Երևան համայնքում բնակվող երիտասարդների հարցերին առնչվող համայնքային ծրագրերի և նախաձեռնությունների քննարկումը և համապատասխան ծրագրային և ֆինանսական առաջարկների ներկայացումը Երևանի քաղաքապետին։ 
դ) Երևան համայնքում բնակվող երիտասարդների կարիքների և երիտասարդներին առնչվող կրթական, առողջապահական, սոցիալ-տնտեսական և այլ խնդիրների քննարկումը և համապատասխան առաջարկների ներկայացումը Երևանի քաղաքապետին։
դ) Երևանում երիտասարդական աշխատանքի, կամավորության և ոչ ֆորմալ կրթության զարգացմանն ու ճանաչմանն ուղղված աշխատանքների իրականացումը։

 

Խորհրդին կարող են անդամակցել բոլոր այն շահագրգիռ անձինք, ովքեր
-    ունեն տեղական, ազգային կամ միջազգային երիտասարդական աշխատանքի փորձ,
-    ակտիվ գործունեություն և ծրագրեր են իրականացնում Երևան քաղաքում երիտասարդների աջակցման, հզորացման և զարգացման ուղղություններով,
-    հանդիսանում են երիտասարդական աշխատող, երիտասարդության հարցերի փորձագետ կամ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչ,
-    տեղեկացված են երիտասարդության ոլորտի մարտահրավերներից, զարգացումներից և միտումներից,  
-    պատրաստ են հասարակական հիմունքներով իրենց ներդրումն ունենալ Երևան քաղաքում երիտասարդական քաղաքականության մշակման, իրականացման և գնահատման մեջ։ 

Խորհրդին միանալու համար թեկնածուն պետք է մինչև 2024 թվականի մարտի 12-ը ժամը 17:00-ն (բացի շաբաթ և կիրակի օրերից) դիմում ներկայացնի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն՝ Կոմիտաս 37 (2-րդ մուտք, 3-րդ հարկ) հասցեով (ընդմիջում՝ 13:00-ից 14:00-ն):
Դիմումին կից (դիմումը լրացվում է տեղում) անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերի բնօրինակները՝ պատճենների հետ միասին.
- անձը հաստատող փաստաթուղթ,
- ինքնակենսագրական (CV),
- երիտասարդության հարցերի բնագավառում պահանջվող փորձառնությունը          
  հավաստող փաստաթղթեր,
-    կրթությունն ու որակավորումը հավաստող փաստաթղթեր,
-    մեկ լուսանկար 3X4 չափի:

 Տեղեկացնում ենք, որ Խորհրդի կազմը սահմանափակ է և վերջնական ընտրությունը կատարվում է վերը նշված չափորոշիչների հիման վրա: 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 011-514-396 հեռախոսահամարով: