Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների
Մեկնարկում է 2026–2027 ուսումնական տարվա առաջին դասարանի համար էլեկտրոնային հայտագրումը՝ երեք փուլով։
Առաջինը՝ հունիսի 8–ին՝ ժամը 09:00-ից մինչև հունիսի 21-ը՝ ժամը 24։00–ը ներառյալ, հայտագրումը բաց կլինի արտոնություններ ունեցող երեխանների համար (արտոնությունները տեսանելի կլինեն համակարգում)։ Արտոնություններից կարող են օգտվել․
1. նույն դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաները
2. դպրոցի աշխատակիցների երեխաները
3. Օրենսդրությամբ սահմանված՝ դպրոցից մինչև տուն հետիոտնային հասանելիության շառավիղով բնակվող հետևեյալ խմբերի երեխաները՝
• ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների երեխաները կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 160 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքների երեխաները
• խնամակալության տակ գտնվող երեխաները
• հաշմանդամություն ունեցող կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաները:
Արտոնությունից կարող են օգտվել նաև տվյալ ոլորտային օրենսդրությանը համապատասխան` ՀՀ տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր տեղափոխված պետական համակարգի աշխատողների երեխաները, եթե ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը) մինչև առաջին դասարան հայտագրման մեկնարկի օրը՝ հունիսի 8–ը, ԿԳՄՍՆ էլեկտրոնային հասցեին (secretariat@escs.am) ուղարկել է դիմում և համապատասխան տեղեկանքներ՝ ըստ սահմանված կարգի։ Դիմումը և տեղեկանքը ստանալուց հետո նախարարությունը, ստուգելով տեղեկանքի հավաստիությունը, առաջնահերթությունից օգտվելու վերաբերյալ դիմումը բավարարելու դեպքում համապատասխան որոշումն ուղարկում է ԿՏԱԿ, չբավարարելու դեպքում՝ պատասխանը գրավոր տրամադրում դիմումատուին։ ԿՏԱԿ-ը նշված ժամկետում՝ հունիսի 8–21–ը ներառյալ, իրականացնում է սովորողի հայտագրումը՝ հիմք ընդունելով ԿԳՄՍՆ որոշումը։ Արտոնությունները վերաբերում են ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն ուսուցմամբ դասարաններ հաճախող երեխաներին։
Փուլ երկրորդ
Հունիսի 23–ին՝ ժամը 09:00-ից, առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերեն ուսուցմամբ դասարանների ընդունելության համար, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցիչների) համար։ Հայատագրում կիրականացվի նաև այն երեխաների համար, որոնց ծնողներից մեկը պատկանում է նշված խմբերից որևէ մեկին, իսկ մյուսը ՀՀ քաղաքացի է։ Համակարգը բաց է նաև ազգային փոքրամասնությունների երեխաների համար, որոնց ծնողները ցանկանում են հայտագրել իրենց երեխաներին հայերեն ուսուցմամբ դասարաններում։
Փուլ երրորդ
Հունիսի 30-ին՝ ժամը 09:00-ից, հայտագրում կիրականացվի ռուսերեն ուսուցմամբ դասարանների ընդունելության համար, որը նախատեսված է օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցիչների) երեխաների համար։ Այս կարգավորումը գործում է նաև այն երեխաների համար, որոնց ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, մյուսը՝ ոչ, նաև ծնողներից մեկն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ է, և երեխան պետք է հաճախի ռուսերեն ուսուցմամբ դասարան՝ ծնողների ընտրությամբ։
Զույգ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը հանրակրթական որևէ ուսումնական հաստատությունում ապահովում է մյուս երեխաների ընդունելությունը նույն հաստատություն՝ անկախ լիցենզիայով տրված տեղերի քանակից։
Հայտագրումը կշարունակվի ամբողջ ուսումնական տարվա ընթացքում։
Հայտագրումն իրականացվելու է առցանց՝ երկու քայլով:
Քայլ 1 – Մուտք գործեք https://my.emis.am/ հարթակ և բացեք օգտատիրոջ էջը: Մանրամասն քայլերը ներկայացված են «Գրանցում my.emis.am» տեսաուղեցույցում:
Քայլ 2 – Եթե արդեն անցել եք նույնականացում և https://my.emis.am/ հարթակում ունեք էջ, սպասեք հայտագրման մեկնարկին, որպեսզի ընտրեք դպրոցը: Հայտագրման քայլերը ներկայացված են «Առաջին դասարանի հայտագրում» տեսաուղեցույցում:
Հայտագրվելու, դպրոցի տնօրենին դիմում ներկայացնելու, ինչպես նաև դպրոցի հետ պայմանագիր կնքելու ողջ գործընթացը թվայնացված է և հնարավոր է իրականացնել Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ծնողի կողմից ստեղծված էջով։
Հաշվի առնելով, որ գրանցումը ժամանակատար է, խորհուրդ ենք տալիս մինչև հայտագրման մեկնարկը գրանցվել և համակարգում անցնել նույնականացում, որից հետո հնարավոր կլինի երեխային հայտագրել նախընտրելի դպրոցում: