Պահոց

Մրցույթի հայտարարություն

28.11.2019

Հաշվի առնելով Երևանի շենքերի և շինությունների հասցեները և համարակալման ցուցանակները միասնական տեսքի բերելու անհրաժեշտությունը՝ Երևանի քաղաքապետարանը հայտարարում է անհատույց, բաց մրցույթ:
Երևանում շենքերի և շինությունների հասցեների և համարակալման ցուցանակների նախագծի մրցույթին կարող են մասնակցել ճարտարապետներ, նկարիչներ, դիզայներներ և գովազդային կազմակերպություններ, որոնք առնչություն ունեն նմանատիպ աշխատանքների իրականացմանը:
Մրցույթի պայմանները.
• մշակել ցուցանակների արտաքին տեսքի ձևավորման նախագիծ, որը համահունչ կլինի Երևանի շենքերին և շինություններին,
• ցուցանակները ձևավորմամբ կարող են լինել երկու և ավելի տարբերակներով՝ ինչպես պատմամշակութային հուշարձան-շենքերի, այնպես էլ՝ պատմամշակութային հուշարձան չհանդիսացող շենքերի վրա տեղադրելու համար,
• ցուցանակների արտաքին չափերը, պատրաստման համար անհրաժեշտ նյութերը և տեխնիկական այլ հնարավորությունները՝ հեղինակի հայեցողությամբ:
Մրցութային հանձնաժողովին ներկայացվող պարտադիր նյութերն են.
• նախագիծ՝ որտեղ անհրաժեշտ է ներկայացնել ցուցանակի ձևավորումը, արտաքին չափերը, (նշելով պատրաստման համար անհրաժեշտ նյութերը և մոտավոր ինքնարժեքը),
• ցուցանակի օրինակն անհրաժեշտ է ներկայացնել Մ 1:1-ի մանրակերտով և/կամ եռաչափ պատկերներով,
• բացատրագիր (2 օրինակից):
Անհրաժեշության դեպքում կարելի է ներկայացնել առաջարկը պարզաբանող լրացուցիչ նյութեր:
Լրացուցիչ պայմաններ.
• մրցութային առաջարկները ներկայացվում են (մինչև 16.12.2019թ.՝ ժ. 16.00-ն ներառյալ) Արգիշտի 1 հասցեով՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչություն,
• մրցույթի անցկացման և պայմանների մասին լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունից (հեռ.՝ (011) 514 355):
Մրցույթում հաղթած նախագծի նկատմամբ հեղինակային իրավունքն անցնում է Երևանի քաղաքապետարանին՝ առանց դրա համար հատուկ վարձատրության:

 

Պատասխանատու՝ Հ. Պետրոսյան
Հեռ.՝ 011 514 355