





























Երևանի փառատոները
Երևանը յուրօրինակ գրավչությամբ, հնագույն պատմությամբ, տեսարժան վայրերով ու մշակութային շնչով լի քաղաք է։ Որպես Հայաստանի խոշորագույն զբոսաշրջային կենտրոն՝ տարվա գրեթե բոլոր ամիսներին Երևանը վերածվում է անընդհատ շարունակվող տոնի՝ որտեղ միաձուլվում են ավանդույթը, ժամանակակից արվեստը, երաժշտությունն ու համերը։ Այստեղ յուրաքանչյուր փողոց դառնում է բեմ, իսկ յուրաքանչյուր երեկո՝ տոնելու առիթ։
Արդեն տևական ժամանակ մայրաքաղաքում կազմակերպվող տասնյակ փառատոներն ու միջոցառումները նոր շունչ են հաղորդում քաղաքին՝ Երևանը դարձնելով գրավիչ ուղղություն բոլորի համար՝ անկախ տարիքից և նախասիրություններից։
Մայրաքաղաքի զբոսաշրջային կերպարի այս նոր էջը ձևավորվել է նաև Երևանի քաղաքապետարանի ու մասնավոր հատվածի համագործակցությամբ: Երևանում կազմակերպվող ամենաամենասիրելի և սպասված փառատոներից են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, «Երևանի գինու օրեր», Երևանի կարճամետրաժ ֆիլմերի և Գրքի երևանյան փառատոները, Վարդավառի տոնախմբությունը:
Այստեղ կարելի է համտեսել տեղական խաղողից պատրաստված գինիներ, դիտել ժամանակակից ֆիլմեր բաց երկնքի տակ, մասնակցել խաղերին, այցելել արվեստի տոնավաճառներ և վայելել կենդանի երաժշտություն:
Երևանը հրավիրում է բոլորին՝ ապրելու այս փորձառությունը, լինելու քաղաքի մշակութային զարկերակին մոտ և տեսնել՝ ինչպիսին է քաղաքը, երբ նա տոնում է։
Երևանի գինու օրեր
«Երևանի գինու օրեր» փառատոնը, որն իրականացվում է Երևանում 2017 թվականից «ԷվենտՏուրա» ընկերության կողմից, հանդես է գալիս որպես Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության դեսպան և տարածաշրջանի գինեգործական ամենախոշոր իրադարձություններից մեկը։ Փառատոնը համախմբում է շուրջ 100 գինեգործ, ռեստորան, երաժիշտ, ինչպես նաև հազարավոր այցելուներ աշխարհի տարբեր երկրներից (2025 թվականին փառատոնը գրանցել է 180 000 այցելու, որից շուրջ 40%-ը՝ զբոսաշրջիկներ)։
Փառատոնը նոր շունչ է տվել հայկական գինեգործությանը՝ ստեղծելով բարենպաստ հարթակ գինեգործական ընկերությունների առաջխաղացման, հանրայնացման և վաճառքի համար։
Ապահովելով գինեսերների անմոռանալի ժամանցը և տարածելով գինու մշակույթը՝ միջոցառումն իրականացնում է նաև կրթական գործառույթ, որն իր վրա է վերցնում փառատոնի բրենդինգը։ Փառատոնի բրենդավորման հիմքում հայկական կարասն է, որը հայ ժողովրդի հազարամյակների գինեգործական պատմության վկայությունն է: Փառատոնի տարբերանշանը պատկերում է Դվինի շրջանից պեղված մ.թ.ա. 10-9-րդ դարերին վերաբերող կարասի ուրվագիծը՝ ցույց տալով, որ հայերը դեռևս հնագույն ժամանակներից գինեգործական մշակույթի կրողն են եղել:
«Երևանի գինու օրեր» փառատոնն ամեն տարի ապացուցում է, որ հայկական գինին ավելին է, քան պարզապես ըմպելիք. այն մշակույթ է, ժառանգություն և ապագա:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոն
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնվել է Երևանում 2004 թվականին: Հիմնադրել են «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիան` ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության և Մշակույթի զարգացման բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Այն Հայաստանի պատմության արտացոլումն է, որը դարեր շարունակ մրցակցող աշխարհաքաղաքական ուժերի համար բռնկման կետ է եղել: Փառատոնը հատկապես ողջունում է այնպիսի ֆիլմեր, որոնցում ներկայացված են զանազան էթնիկական, ազգային խմբեր, տարբեր կրոններ, սովորական և հայտնի մարդկանց առօրյա կյանքը, նրանց հոգսերն ու ուրախությունները:
Ամենամյա «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը բազմաժանր ֆիլմերով հանդիսատեսին ներկայացնում է տարբեր ազգերի, էթնիկ և կրոնական խմբերի ունեցած մարդկային առատ փորձը: Ֆիլմերը ներկայացվում են միջազգային մրցութային երկու ծրագրերում` խաղարկային և վավերագրական: Յուրաքանչյուր մրցութային կարգում շնորհվում է մեկ «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակ և մեկ հատուկ մրցանակ:
Մեկ շաբաթ շարունակ հայկական ու միջազգային կինոյի տոնը մայրաքաղաքում իր շուրջն է հավաքում կինոաշխարհի գործիչներին եւ կինոսիրողներին:
Գրքի երևանյան միջազգային փառատոն
Գրքի երևանյան միջազգային փառատոնը Հայաստանում գրահրատարակչական ոլորտի ամենամեծ գրական իրադարձությունն է։ Այն մեկնարկել է 2017 թվականին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ՝ որպես հարթակ, որը միավորում է գրական ոլորտի բոլոր մասնակիցներին։ 2023 թվականից Երևանի քաղաքապետարանը Գրքի երևանյան փառատոնի գլխավոր հովանավորն է։ Նույն թվականին Փառատոնը ձեռք է բերել միջազգային նշանակություն՝ միանալով Եվրոպական միության «Ստեղծագործ Եվրոպայի» ծրագրի «Վերսոպոլիս» պոեզիայի ամենամեծ հարթակին, որի նպատակն է աջակցել գրականության զարգացմանն ամբողջ Եվրոպայում:
Գրքի երևանյան միջազգային փառատոնին մասնակցում են 250-ից ավելի գրողներ և միջազգային հեղինակավոր հյուրեր, գրաքաննադատներ, 50-ից ավելի հրատարակիչներ, վաճառվում է ավելի քան 12 000 գիրք, տեղի է ունենում 40-ից ավելի միջոցառում, որին մասնակցում է ավելի քան 30 000 այցելու: Գրքի փառատոնը կազմակերպվում է սեպտեմբերի 5-7-ը Հանրապետության հրապարակում՝ Հայաստանի պատմության թանգարանում և Հայաստանի ազգային պատկերասրահում։
Որպես Հայաստանի ամենամեծ գրական փառատոն ու մշակութային հարթակներից մեկը՝ Գրքի երևանյան միջազգային փառատոնը գրականության և մշակույթի տարածման, երկխոսության, և գիտելիքի տոնակատարություն է։
«Վարդավառ»
Պայծառակերպության տոն
Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը, Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Այն նշվում է Սուրբ Հարության տոնից՝ Զատիկից 98 օր հետո։
Տոնը կապված է Աստվածաշնչի Նոր Կտակարանի այն դրվագի հետ, որտեղ նկարագրվում է, թե ինչպես Հիսուս Քրիստոսը Սուրբ Պետրոս, Սուրբ Հակոբոս և Սուրբ Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն` աղոթելու: Աղոթքի պահին Հիսուսը նրանց առաջ պայծառակերպվում է:
Տոնի առթիվ Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ։ Երևանի եկեղեցիներում այն սկսվում է առավոտյան ժամը 11-ին։
Հայ ժողովրդի մեջ տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով: Այս տոնն իր նախաքրիստոնեական արմատներով հասնում է մինչև համաշխարհային ջրհեղեղի ժամանակները։ Ըստ ավանդության՝ Արարատի գագաթին կանգնած տապանից իջնելուց մեկ տարի անց Նոյ նահապետն իր ընտանիքի անդամների վրա ջուր է ցողում ու պատվիրում է ամեն տարի դա անել, որպեսզի երբեք չմոռանան ջրհեղեղն ու ապրեն աստվածահաճո կյանքով։
Վարդավառը ցնծության, երգ ու պարի տոն է` հարուստ գեղեցիկ ավանդույթներով ու ջրախաղով: Ազգագրական նյութերը պատմում են, որ վաղ առավոտյան կանայք, թելերի վրա ծաղիկներ, խնձոր, մանր վարունգ և վարդեր ամրացնելով, խաչաձև կապում էին երեխաների կրծքին և տանում եկեղեցի: Ինչպես առաջին խաղողն ուտում են Վերափոխման (Խաղողօրհնեքի) տոնին, այնպես էլ տարվա առաջին խնձորն ուտում են Վարդավառին, քանի որ մինչև Վարդավառ ընդունված է խնձորի պաս պահել:
Վարդավառի միջոցառումների մեկնարկը սովորաբար տրվում է տոնի նախօրեին՝ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց սկիզբ առնող տոնական երթով, ինչը վերջին տարիներին բարի ավանդույթ է դարձել:
Տոնական երթի մասնակիցներն ազգային երգ ու պարով քայլերթ են կազմակերպում դեպի մայրաքաղաքի Մանկական զբոսայգի, որտեղ տեղի է ունենում տոնական բուն միջոցառումը: Երթն առաջնորդում են Նոյ նահապետի ու նրա ընտանիքի անդամներին խորհրդանշող կերպարները։ Ճանապարհին նրանց են միանում նաև բազմաթիվ երևանցիներ ու զբոսաշրջիկներ:
Մանկական զբոսայգում կազմակերպված միջոցառման ժամանակ ներկայացվում են տոնի խորհրդին համահունչ ազգագրական խաղերն ու ծեսերը, այդ թվում նաև՝ խնձոր խորովելն ու հասկեր բաժանելը:
Բոլոր ժամանակներում այս տոնի կարևոր պայմաններից է եղել միմյանց վրա ջուր ցողելը: Հնում հատկապես երիտասարդները, գետակների, առուների կամ աղբյուրների մոտ հավաքվելով, ժամեր շարունակ ուրախ կատակներով, ճիչ ու աղմուկով ջուր էին ցողում միմյանց վրա:
Ազգային եկեղեցական այս տոնի առթիվ Երևանի քաղաքապետարանն ամեն տարի կազմակերպում է միջոցառումներ, որոնք մեկնարկում են վաղ առավոտյան՝ ջրցան մեքենաների շքերթով։ Մեքենաները շրջում են նաև մայրաքաղաքի վարչական շրջանների բակերում և փողոցներում՝ անհրաժեշտ ծավալով ջուր մատակարարելով Վարդավառի ջրախաղերի մասնակիցներին:
Վարդավառի տոնին նվիրված ամենամարդաշատ միջոցառումը, արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, տեղի է ունենում մայրաքաղաքի Կարապի լճում: Երևանի քաղաքապետարանն ջրային ուրախ խաղերի և անմոռանալի ժամանցի համար այստեղ ապահովում է բոլոր պայմանները: Սա այնքան մեծ տարածում ունի, որ մասնակցելու համար զբոսաշրջիկները հաճախ իրենց այցն այնպես են կազմակերպում, որ անպայման մասնակից լինեն ուրախ ջրախաղին։ Միջոցառումն ուղեկցվում են ռիթմիկ երաժշտությամբ, ինչն էլ ապահովում է ժամանցի «խելահեղ» մթնոլորտը:
Երևանի նորաձևության շաբաթ
Երևանի նորաձևության շաբաթը մեկ տանիքի ներքո է համախմբում հայ և միջազգային դիզայներներին, ոլորտի առաջատար մասնագետներին, ազդեցիկ հյուրերին և նորաձևության սիրահարներին: Հայաստանի նորաձևության և հագուստի պալատը Երևանի քաղաքապետարանի, միջազգային և տեղական գործընկերների հետ համատեղ, 2023 թ. հոկտեմբեր ամսից անցկացնում է Երևանի նորաձևության շաբաթ ամենամյա միջոցառումը՝ նպատակ հետապնդելով զարգացնել հայկական նորաձևությունը և ճանաչելի դարձնել համաշխարհային հարթակներում, իսկ Երևանն աստիճանաբար դասել նորաձևության շաբաթ հյուրընկալող քաղաքների շարքը։ Հագեցած տպավորիչ միջոցառումների, ցուցադրությունների, ցուցահանդեսների և ստեղծագործական այլ նախագծերի ընթացքում մասնագետները ցուցադրում են իրենց նոր հավաքածուները, իսկ այցելուները հնարավորություն են ունենում մասնակցել բրենդերի անհատական ցուցադրությունների, նորաձևության էքսպոյի, թեմատիկ քննարկումների և ցուցահանդեսների: YFW լուսաբանվում է նորաձևության լավագույն միջազգային և տեղական լրատվամիջոցներով՝ Vogue, Elle, Harper's Bazaar, BBC, Le Mile, Fucking Young, White Milano, Tranoi և այլն:
Երևանի գարեջրի փառատոն
«Ես չեմ ասել, Քսենոփոնն է ասել»՝ մ․թ․ա 401 թվականին
Դեռևս Ք.ա. 5-րդ դարում, հույն պատմիչ Քսենոփոնը, անցնելով Հայկական լեռնաշխարհի Տարոն և Ծոփք նահանգների տարածքով, առաջին անգամ համտեսում է գարուց պատրաստված մի յուրահատուկ խմիչք։ Իր տեսածը նա մանրամասնորեն նկարագրում է «Անաբասիս» գրքում՝ պատմելով. «Այնտեղ պահում էին ցորեն, գարի, բանջարեղեն և խառնարաններում գարուց պատրաստված գինի։ Գինու երեսին գարու հատիկներ էին լողում, իսկ նրա մեջ մեծ ու փոքր եղեգներ կային դրված։ Երբ որևէ մեկը ծարավ էր լինում, վերցնում էր այդ եղեգներից մեկը, դնում էր բերանը և խմում էր գինին։ Խմիչքն ինքնին բավականին մաքուր էր, եթե ջրով չէին նոսրացրել, և բավական հաճելի՝ եթե մարդ արդեն սովոր էր դրան»։
Սա համարվում է գարեջրի՝ հայկական հողում լինելու ամենահին գրավոր վկայություններից մեկը։ Հազարամյակներ անց, այս վկայությունն այսօր մեզ հիշեցնում է՝ գարեջուրը պարզապես ըմպելիք չէ հայերիս համար․ այն պատմություն է, մշակույթի մաս և համախմբման արվեստ։
«Գարեջրի օրեր» փառատոնը դարձել է Երևանի ամառային մշակութային կյանքի անբաժան մասն ու քաղաքի ամենասպասված տոներից մեկը։ Միջոցառման նպատակն է հանրայնացնել հայկական գարեջրագործությունը, խթանել իրադարձային զբոսաշրջությունը և հնարավորություն ընձեռել տեղական արտադրողներին ներկայանալու մեծ լսարանին։ Տասնյակ գարեջրագործական ընկերություններ, սկսած խոշոր արտադրողներից մինչև փոքր քրաֆթ գարեջրի գործարաններ, ներկայացնում են իրենց լավագույն ու նորարարական տեսականին։ Գարեջրի հետ միաժամանակ փառատոնի տարածքում գործում են սննդի տաղավարներ, որտեղ այցելուները բացահայտում են ինչպես հայկական ավանդական ուտեստների, այնպես էլ միջազգային խոհանոցի լավագույն համադրությունները։
«Գարեջրի օրեր»-ը համտեսի պարզ հնարավորություն չէ։ Այն ամբողջական փորձառություն է համերգներով, կենդանի երաժշտությամբ, թեմատիկ խաղերով և մրցույթներով։ Հատուկ ինտերակտիվ գոտիներում այցելուները մասնակցում են տարբեր խաղերի ու մրցույթների, վաստակում կնիքներ և շահում նվերներ՝ միջոցառման մասնակից գործընկերների սահմանած։ Այս ամենը այցլելուների համար վերածվում են բազմազան դրական զգացմունքների և հիշողություններ ողջ տարվա համար։
2021 թվականից ի վեր փառատոնը տարեցտարի ընդլայնում է ծավալն ու շարունակում գրավել ավելի մեծ լսարան։ Այն ոչ միայն զվարճանքի միջոցառում է, այլև Հայաստանի գարեջրագործության ժառանգության հանրայնացման միջոց, որն ամրապնդում է երկրի դիրքերը տարածաշրջանի իրադարձային զբոսաշրջության քարտեզին։