100 կոմպակտ դասի ավտոբուսներն արդեն ամբողջությամբ շահագործվում են. քաղաքապետ Մարությանը երթևեկել է հ. 97 երթուղով

02.07.2021

Համայնքային բյուջեի միջոցներով գնված 100 կոմպակտ դասի նոր ավտոբուսներն արդեն ամբողջությամբ շահագործվում են երևանյան 9 երթուղիներում: Տրանսպորտային բարեփոխումները գործնական փուլ մտան այս տարեսկզբից՝ որոշակիորեն թեթևացնելով բնակիչների հոգսը:

 

«Այս պահին շահագործվում է 9 նոր երթուղի: Դրանց մեջ կան երթուղիներ, որոնք արդեն մեկ կամ երկու տարի ընդհանրապես չէին սպասարկվում, քանի որ մասնավորը հրաժարվել էր սպասարկելուց՝ պատճառաբանելով, որ շահութաբեր չի և դա այդպես էր, ու քաղաքը վերցրել է իր վրա այդ հոգսը և սպասարկում է մեր բնակչությանը: Կային նաև գծեր, որոնց սպասարկումը պատշաճ որակի չէր և չէր համապատասխանում մեր սահմանած չափանիշներին, այդտեղ նույնպես փոխարինվել են երթուղիները: Այս պահին այդ 9 երթուղիները համապատասխանում են մեր պատկերացումներին»,- նշում է քաղաքապետը:


Բարփոխումների շնորհիվ, ի դեպ, որոշ թաղամասեր, որոնք երբևէ ապահովված չէին հանրային փոխադրամիջոցով, նոր երթուղիներ ստացան, իսկ Նուբարաշեն վարչական շրջանն ունեցավ ավտոբուսային երկրորդ երթուղին, որը հասնում է Եռաբլուր պանթեոն:


Նոր ավտոբուսներն ունեն ցածր հատակ՝ հաշմանդամության և մանկական սայլակները տեղավորելու համար, սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և ընդհանրապես, երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով:


Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին։ Հիշեցնենք, որ պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։


Արդեն այս աշնանը մայրաքաղաքի տրանսպորտը կունենա նաև էլեկտրոնային վճարման համակարգ ու ավելի մեծ տարողության նոր ավտոբուսներ: Եվս 100 բարձրակարգ ավտոբուս էլ համայնքը նախատեսում է ձեռք բերել հաջորդ տարվա ընթացքում:


«Տրանսպորտային համակարգի բարեփոխումներն իրենց հունով գնում են առաջ: Ունենք տարբեր խնդիրներ, որոնց լուծումները հետզհետե տալիս ենք: Առաջինը՝ աշնանն արդեն ցանկանում ենք ներդնել էլեկտրոնային վճարման համակարգը, և այդ համակարգը ներառելու է այս պահին աշխարհում գործող վճարման բոլոր տեսակները: Երկրորդը՝ գիտեք, որ արդեն աշնանը սպասում ենք 211՝ 8.6 մետրանոց ցածր հատակով ավտոբուսներին, որոնք համապատասխանում են միջազգային բոլոր չափանիշներին: Դրանց դիմավորելու համար մեզ պետք են կայաններ, որոնք այս պահին կառուցվում են: Խոսքը երկու կայանների մասին է. Ջրվեժինը վերակառուցվում է, երկրորդը Շիրակի փողոցում է, որը զրոյից կառուցվելու է»,- ընդգծում է Հայկ Մարությանը:


Օրերս հրապարակվեց Երևանի պատվերով ավտոբուսներ արտադրող գործարանի տեսանյութը: «Ժոնգտոնգ» գործարանի մասնագետները մեծ եռանդով աշխատում են, որպեսզի 211 նոր ավտոբուսները ժամանակին հասնեն Երևան:


«Ուզում եմ տեղեկացնել մեր երևանցիներին, որ այդ 211 ավտոբուսներն աշխատելու են CNG շարժիչներով, դա նշանակում է՝ բնական գազով, որն, իմիջիայլոց, դասվում է «կանաչ» վառելիքների շարքը: Այդ առումով բավականին առաջընթաց կունենանք: Նաև ընդհանուր ամփոփելով՝ ուզում եմ նշել, որ այս 9 երթուղին, իհարկե, բարելավել է երևանցիների առօրյան, իսկ մեզ հնարավորություն է տվել էլ ավելի խորն ուսումնասիրել եղած խնդիրները, գրանցել դրանք և արդեն նոր լուծումներ տալ»,- նկատում է քաղաքապետը:

Տեսանյութ

100 կոմպակտ դասի ավտոբուսներն արդեն ամբողջությամբ շահագործվում են. քաղաքապետ Մարությանը երթևեկել է հ. 97 երթուղով
Տեսնել ավելին